Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՐՈՒԹԵԱՆԻ ՀԵՏ
«Ազատ Օր»ի հարցազրոյցը Հայոց ցեղասպանութեան թանգարան ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեանի հետ

17.01.2020


6-8 Դեկտեմբեր 2019ին, յատուկ հրաւէրով Աթէնք գտնուեցաւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեան, մասնակցելու եւ խօսք ուղղելու համար Պոնտոսի յոյներու ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջազգային խորհրդաժողովին՝ «Նիարխոս» հաստատութեան մէջ։ Օրին, անդրադարձած էինք խորհրդաժողովի աշխատանքներուն եւ Յարութիւն Մարութեանի ելոյթին, որ մեծ հետաքրքրութեամբ ընկալուեցաւ ներկայ եղող մասնակցողներուն կողմէ։ Խորհրդաժողովի լուսանցքին, «Ազատ Օր» առիթ ունեցաւ երկար եւ շահեկան զրոյց մը ունենալու հայ գիտնականին հետ։ Ստորեւ, կը ներկայացնենք զրոյցի գլխաւոր բաժինները։


- Կը խնդրենք մեր ընթերցողներուն նկարագրել Հայոց ցեղասպանութեան թանգարանի աշխատանքները եւ ծաւալած ծրագիրները:

Ցեղասպանութեան թանգարանը կը կոչուի թանգարան-ինստիտուտ: Այդպէս է իր հիմնադրման ժամանակներից, այսինքն բացի զուտ ցուցադրական հարցերից, թանգարանի գործունէութեան ծիրում են նաեւ գիտահետազօտական խնդիրներ: Թանգարանում այսօր աշխատում են 80 հոգի։ Առաջին հայեացքից թէեւ շատ մեծ թիւ է, սակայն 80 հոգիէն ընդամէնը 19ն են, որ զբաղուած են գիտահետազօտական աշխատանքներով, անոնց մէջ ալ, շատերը կէս դրոյքով են եւ ուղղակիօրէն գիտութեամբ են զբաղւում, գիտահետազօտական ոլորտի մէջ են 10-12 հոգի միայն: Ծիծեռնակաբերդի շուրջ 100 հեքթար հող մեզ է պատկանում՝ պետութիւնը յանձնել է թանգարան-ինստիտուտին անվարձահատոյց օգտագործման իրաւունքով դեռեւս 2004 թուականին: Աւելի քան 12-13 բանուորներ ունենք, որոնք զբաղուած են այդ զբօսայգու պահպանութեան ու մշակման հարցերով: Այսինքն բաւականին մեծ տնտեսութիւն է: Գիտական-գիտացուցադրական մի քանի բաժիններ են աշխատում թանգարանում: Գիտահետազօտական բնոյթի բաժինների մեջ նշելի է յուշագրութիւնների, վաւերագրերի եւ մամուլի հետազօտման բաժինը։ Մեր արխիւում ունենք աւելի քան 400 անտիպ յուշագրութիւն։ Դրանց մշակման հետ զբաղուող աշխատակիցներն ընդամէնը մի քանիսն են, այդ պատճառով էլ խնդիր դրուեց որպէսզի թանգարանի բոլոր գիտական աշխատակիցները որոշակի ծրագրով նկարագրեն այդ յուշագրութիւնները: Յետոյ այդ նկարագրումները մենք կը դնենք համացանցի վրայ, որպէսզի հետազօտողները իմանան, թէ ինչ անտիպ նիւթեր կան թանգարանում, որոնք կարող են օգտագործել հետազօտութիւնների համար:

Ունենք Համեմատական ցեղասպանագիտութեան բաժին։ Նկատեմ, որ ամէն բաժնում ցաւօք սրտի 2-3, առաւելագոյնը 4 հոգի է աշխատում։ Համեմատական ցեղասպանագիտութեան բաժնում զբաղւում են միւս ցեղասպանութիւնների ուսումնասիրութեամբ։ Փրոֆեսէօր Տատրեանի մահուանից յետոյ, մենք այդ բաժինը վերանուանեցինք Տատրեանի անուամբ: Ունենք Հայոց ցեղասպանութեան զոհերի եւ վերապրողների փաստագրման բաժին:

Մենք ասում ենք «յիշում եմ եւ պահանջում», բայց թէ ում ենք յիշում՝ այդ հարցի պատասխանը բաւականին բարդ է։ Աւելի քան հարիւր տարի է անցել Ցեղասպանութիւնից, սակայն ցայսօր Ցեղասպանութեան զոհերի ու վերապրողների հնարաւորինս ամբողջական ցուցակ կամ ցուցակի ստեղծման յաջողուած փորձ չկայ: Հայոց ցեղասպանութիւնը, որ թւում է, թէ ամենահետազօտուած բնագաւառն է հայ պատմագիտութեան մէջ, չունի զոհերի եւ վերապրողների հնարաւորինս ամբողջական կամ ամբողջականին ձգտող ցուցակ: Հրեաները աւելի քան 65 տարի այդ գործը անում են եւ 6 միլիոնից 4,8 միլիոնն կարողացել են առանձնացնել։ Մեզ մօտ եղել են փորձեր եւ հրատարակուել է ընդամէնը 3 հազար զոհերի անունների հետ կապուած ցանկ: Մենք մշակել ենք ծրագիր, նաև Հայաստանին լեհական մի ծրագրաշար են անվճար տրամադրել, յոյսով ենք ինչ-ինչ քայլերից յետոյ ծրագրաշարը աշխատեցնել, սկսել տուեալների բազայի ստեղծման գործը:

Մենք ունենք գիտացուցադրական աշխատանքների բաժին: Այս տարի կազմակերպեցինք վեց ժամանակաւոր ցուցադրութիւն: Խօսեմ միայն երկու մեծ ժամանակաւոր ցուցադրութիւնների մասին։ Առաջինu` նուիրուած էր Կոմիտասի եւ Թումանեանի 150ամեակին՝ «Հայոց ցեղասպանութեան 150ամեայ վկաները» վերնագրով: Երկուսն ալ եղել են մեծ բարեկամներ եւ երկուսն ալ հսկայական գործ են արել: Թումանեանի պարագային՝ որբերի հետ կապուած՝ բազմիցս այցելել էր Արեւմտեան Հայաստան, նկարագրութիւններ թողել, իր տղան զոհուել է Վանի նահանջի ժամանակ։ Կոմիտասի մասին էլ բոլորը գիտէն:

Երկրորդ ցուցադրութիւնը կապուած էր 2019 թ. Նոյեմբերին հրաւիրուած գիտաժողովի հետ։ Այն նուիրուած էր հայոց փրկութեան գործին Մերձաւոր Արեւելքում 1915-23 թուականներին՝ եւ անցկացուեց մէկ օր թանգարանում, մէկ օր Էջմիածինում՝ «Գարեգին Ա.» կրթական կենտրոնում։ Ինչպէս ակնարկեցի, գիտաժողովին զուգահեռ մենք կազմակերպեցինք ժամանակաւոր ցուցադրութիւն. «Հայոց փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-23 թուականներին. ազգային միասնութիւնից դէպի վերածնունդ»:

- Թանգարան-ինստիտուտը հրատարակչական աշխատանքներ կը կատարէ՞։

Մենք հրատարակում ենք երկու պարբերական «Ցեղասպանագիտական հանդէս» հայերէն (տարեկան երկու համար), եւ «International Journal of Armenian Genocide Studies» անգլերէն (առ այժմ՝ տարեկան մէկ համար): Մենք ունինք կայք, որը պարբերաբար թարմացումները կ’առաջարկէ։ Այս տարի շուրջ 3 միլիոն այցելու է ունեցել կայքը, ինչը բաւականին մեծ թիւ է։

- Որո՞նք էն յաջորդ տարուան գլխաւոր ծրագիրները։

2020 թ. Կիլիկիայի 1920 թուականի իրադարձութիւնների հարիւրամեակն է: Մենք գիտաժողովի հրաւիրման մասին յայտարարութիւն տարածեցինք, նշելով, թէ մենք կ՚ուզենք շեշտադրումներ անել ինքնապաշտպանական մարտերին՝ Մարաշ, Հաճըն, Այնթապ, որոնք տեղ գտան Կիլիկիայում Առաջին համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ՝ 1920-1921 թուականներին: Ուզում եմ շեշտել, որ մասնաւորապէս Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ցանկութիւն է յայտնել մեզ հետ գործակցելու, մենք սիրով կիսում ենք այդ ցանկութիւնը եւ համագործակցելու ենք միմիանց օժանդակելով: Միւս գիտաժողովը լինելու է Յունիս ամսին, որը հրաւիրուելու է չորս հաստատութիւնների միասնական ջանքերով եւ նուիրուած է լինելու երեխաների բռնի տեղափոխմանը, որը ցեղասպանական գործողութիւն է համարուում։ Մէկ ալ 2020 թ. Նոյեմբերին գիտաժողով՝ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums) ICMEMO (International Committee of Memorial Museums in Remembrance of the Victims of Public Crimes) կազմա­կեր­պու­թեան տարեկան գիտաժողովը, որը վերաբերւում է յուշահամալիրներին, այս անգամ գումարուելու է Երեւանում:

- Հայոց ցեղասպանութեան 105ամեակ եւ թանգարանի 25ամեակ: Նկատի ունենալով այս երկու նշանակալից հանգրուանները, կրնա՞ք ներկայացնել, թէ որո՞նք են նոր մարտահրաւէրները թանգարանին համար եւ որո՞նք են հեռանկարները այսուհետեւ Ցեղասպանութեան իրազեկման եւ ճանաչման համար։

Ամենամեծ մարտահրաւէրը հետեւեալն է: Հայոց ցեղասպանութեան թանգարանը պէտք է դառնայ 21րդ դարին համահունչ թանգարան-ինստիտուտ: Եւ պէտք է այն նոյն մակարդակի փորձել դարձնել ինչ որ է Ա.Մ.Ն. Հոլոքոստի յուշային թանգարանը (U.S. Holocaust Memorial Museum)ը, եւ Եադ Վաշեմը Երուսաղէմում կամ «Շոա» թանգարանը Փարիզում: Նպատակը դա է, աստիճանաբար, քայլ առ քայլ պէտք է դրան հասցնել։ Շեշտում եմ, ամենամեծ մարտահրաւէրը դա է: Այս պահուն Հայոց ցեղասպանութեանը նուիրուած աշխարհի միակ թանգարանը Երեւանում է: Այո, կայ թանգարանը Լոս Անճելըսում՝ «Արարատ-Էսքիճեան» թանգարանը, բայց դա փոքր թանգարան է: Կայ «Թռչնոց բոյնը» Պէյրութում բայց դա մէկ որոշակի նիւթ է՝ Հայոց ցեղասպանութեան որբերը:

Մենք մեկ այլ խնդիր էլ ունենք, մէկ այլ մարտահրաւէր։ Թանգարանին ամրացուած է 98-99 հեկտար կանաչ տարածք՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մեծագոյն մասը, որը գերազանցապէս անխաթար վիճակում է, որովհետեւ այսօր Երեւանի բոլոր զբօսայգիները առանց բացառութեան դարձել են սրճարան-զբոսայգիներ, խաղահրապարակ-զբօսայգիներ: Ինչ անել որպէսզի Ծիծեռնակաբերդի զբօսայգին այդ բախտին չ՚արժանայ: Ծիծեռնակաբերդի տարածքը շատ լաւ կը լինի ըլլայ յուշայգի: Նկատի ունեմ, որ Ծիծեռնակաբերդի կանաչ տարածքում կարելի է վերստեղծել Արեւմտեան Հայաստանի եւ յարակից հայաբնակ տարածքների (այսինքն որտեղ որ եղել է ցեղասպանութիւնը՝ ներառեալ Սեբաստիա, Խարբերդ, Կիլիկիա) առանձին բնակավայրերի, փոքր ու մեծ քաղաքների անուններով ստեղծել փոքր պուրակներ, ծառուղիներ, ճեմուղիներ, ընդամէնը անունը դնելով, նաեւ «մուլտիմեդիա»ի ընձեռած հնարաւորութիւններով ստեղծել փոքր ցուցադրութիւններ: Ոչ թէ թանգարաններ, այլ ցուցադրութիւններ։ Այսպէս, կարծում եմ, որ Պիթլիսի կամ Շապին-Գարահիսարի մասին երբեւիցէ թանգարան չի լինի, եւ միակ տեղը որ հնարաւոր է փոքր, բայց բովանդակալից ցուցադրութիւն ստեղծել՝ մեր բացօթեայ տարածքն է, որովհետեւ մենք ֆիզիքապէս թանգարանի ներսում տարածք չունենք, որպէսզի «մուլտիմեդիա»ի միջոցներով ստեղծուած այդ ցուցադրութիւններում տարբեր տեղեկատուութիւն լինի, օրինակ, նշուած քաղաքների՝ Պիթլիսի եւ Շապին Գարահիսարի մասին, անուններ, որոնք այսօր երիտասարդների մի ոչ մեծ մասը կ՚իմանայ:

Տեսէք, ես այսքան ժամանակ իմ հարցազրոյցի մէջ չեմ օգտագործում «քաղաքականութիւն» բառը: Թանգարանի պարագայում յիշողութեա´ն քաղաքականութիւնն է գերակայում: Եթէ քաղաքականութիւն կայ, ապա այն յիշողութեան քաղաքականութիւն է: Յիշողութիւնը փոխանցել կամ հնարաւորութիւն ստեղծել փոխանցելու միւս սերունդների: Դրանով իսկ մեր թանգարանը մեծ գործ է անում: Ես չգիտեմ երբ կը կարողանանք մեր հարցերը լուծել հարեւան պետութեան հետ, բայց այդ գործն իրականացնող սերունդը պէտք է միշտ պատրաստ լինի: Մեր թանգարանի գործունէութիւնը ուղղուած է առաջին հերթին դրան՝ յիշողութեան փոխանցում յաջորդ սերունդին: Յիշողութիւն՝ գիտելիքի ձեւով, զգացմունքների ձեւով, եւայլն:

- 1915ի Ցեղասպանութեան օրինակը մենք ճաշակեցինք 1988ի Ղարաբաղեան հերոսապատումի առաջին օրերուն, Սումկայիթի ջարդով: Նոյն ցեղասպան ժողովուրդէն, նոյն ցեղասպան ձեռքերէն: Որքանո՞վ Սումկայիթի սպանդը, անոր յիշողութիւնը եւ անոր պատմական, իրաւական բաժինը տեղ կը գտնէ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին մէջ:

Այսօր գիտաժողովի ժամանակ լսեցիք, տեսաք Թեսսա Հոֆմանի արձագանգը, որ պէտք չէ ամէն ինչ «ցեղասպանութիւն» անուանել: Ուրեմն, երբ որ խօսում ենք Սումկայիթի մասին, պէտք է նկատի ունենանք հետեւեալը՝ ժողովուրդի, քաղաքացիների պատկերացմամբ, նրանց ընկալումներուն դա ցեղասպանութիւն էր: Որովհետեւ, այն գործողութիւնների ձեւերը, որոնց կիրառմամբ մարդկանց սպանում էին, 70 տարի առաջ եղել էր արդէն: Եւ միանգամից դրանց մասին յիշողութիւնը առաջին պլան եկաւ սումկայիթեան իրադարձութիւնների շնորհիւ: Սակայն Սումկայիթը կոտորած էր: Ցեղասպանութիւնը իրաւական քաթեկորիա է: Մենք պէտք է հասկնանք, որ ես եւ դուք չենք որոշում դա ցեղասպանութիւն է թէ՞ ոչ: Պատմաբանը հետազօտում է, պատմաբանը փաստեր է առաջարկում, դրանք խմբաւորում է, սակայն որոշումը կայացնելը իրաւական քաթեկորիա է, այն կ’առնեն իրաւաբանները, իրաւագէտները եւ երկրի խորհրդարանը, որոնք կը լսեն մասնագէտներին: Մենք ընդամէնը հետազօտում ենք խնդիրը: Բայց պատմաբանները վերջնական որոշումը չեն կայացնում: Եւ ընդամէնը երեք օր է տեւեր սումկայիթեան իրադարձությունները: Եթէ մեր հետազօտողները, ինչպէս մեր ցեղասպանութեան պարագային, հիմնաւորումների շարքերը, փաստաթուղթերը, վկայութիւնները՝ ամէն ինչը խմբաւորուած, ի մի բերուած գիտականօրէն հետազօտուած ներկայացնեն, հրաշալի արդիւնք կ՚ունենանք: Բայց, մինչեւ հիմա չկան նման ամբողջացրած աշխատութիւններ: Մինչեւ հիմա մեր հասարակական կազմակերպութիւնների քննարկումներում հարցերը ներկայացուում են ճառերի, պահանջների, զգացմունքային ձեւով. հարցը այդպէս են ներկայացնում: Կարծում եմ, Սումկայիթի եւ Պաքուի եւ Մարաղայի զանգուածային ջարդերի հարցերը պէտք է տեղափոխել գիտութեան դաշտ և միջազգայնացնել գիտաքաղաքական ոլորտում։ Առաջիկայում, Բաքուի ջարդերի 102 եւ 30ամեակներն են։ Եւ քննարկումները (ցաւօք, ո´չ գիտաժողովները), նախնական պայմանաւորուածութեան համաձայն, անց է կացուելու թանգարանի դահլիճում։

Պոնտոսի յոյները հարցը միջազգայնացնելու նպատակով գիտաժողով են կազմակերպում: Վստահ եմ, որ միւս գիտաժողովը կը լինի աւելի փրոֆեսիոնալ: Այսինքն, աստիճանաբար գիտաժողովների ճանապարհով են հարցերի պատասխանները գալիս։

Սումկայիթի, Բաքուի, ընդհանրապէս ատրպէյճանահայութեան նկատմամբ վարած քաղաքականութեան գիտական համակարգուած ուսումնասիրութիւնների համար համապատասխան ներուժ է պէտք, հետեւողականութիւն, ֆինանսներ: Թանգարանի ցուցադրութեան մէջ տարածքային խնդիրներ ունինք, եւ այո, Սումկայիթին նուիրուած ցուցադրութեան հատուած չկայ, բայց փորձելու ենք ժամանակի ընթացքում բացը լրացնել: Միւս ճանապարհը՝ ժամանակաւոր ցուցադրութիւններն են: Հետազօտական աշխատանքը, նիւթերի հետեւողական հաւաքումն ու մշակումը պահանջում է նուիրում, աշխատասիրութիւն, ընդ որում՝ մեր օրերում՝ ոչ բարձր աշխատավարձով: Դա էլ միւս մարտահրաւէրն է։ Ամէն տարի ունենք մէկ ասփիրանթուրայի (μεταπτυχιακό) տեղ: Խնդիրներ են, որոնց լուծման համար աւելի մեծ պետական ուշադրութեան պահանջք կայ:

- Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտահետազօտական աշխատանքներու մէջ վստահաբար նաեւ Թուրքիայէն հետազօտողներ կամ լրագրողներ կ՚այցելեն եւ հետաքրքրութիւն ցոյց կուտան: Ի՞նչ է ձեր տպաւորութիւնը եւ իրենց կեցուածքը այցելութիւններէն ետք:

Ես ընդամէնը մէկ տարի է, որ տնօրէն եմ եւ մեր պատասխանատուներու տեղեկացմամբ, եթէ չեմ սխալիր, անցեալ տարի մօտ 300 թուրքեր այցելեցին եւ ժամանակին պրն. Դեմոյեանն էր պատմում, որ նրանց պահուածքը շատ տարբեր է՝ կան մարդիկ, որ չեն հաւատում, քանի որ ժխտողականութիւնը 100 տարի իրենց ամէն օր պատուաստում է կաթիլ կաթիլ եւ այն իրենց ինքնութեան մասն է կազմում: Ասում են կեղծիք է այս բոլորը: Կան՝ որոնք շատ զգացուած են լինում, ամաչում են. մի թուրք մտաւորական մը կայ, որ ամէն տարի գալիս է եւ փորձում է երիտասարդներու խմբեր բերել, ինքն էլ իր կողմից ամէն տարի 300 տոլար կուտայ: Առանց բացառութեան, մենք պաշտօնական թուղթ ենք գրում, թէ վճարումը ըրաւ: Այդ իր խղճի հանգստացման համար է: Ես թուրք ժուրնալիստի հետ չեմ զրուցել, բայց ես այս տարի առաջին անգամ՝ որպէս ցեղասպանութեան թանգարանի տնօրէն՝ այցելել եմ Թուրքիա: «Հրանդ Տինք» հիմնադրամը կազմակերպել էր գիտաժողով, նուիրուած աշխարհի յուշահամալիրների: Ես գնացի, ներկայացրեցի մեր յուշահամալիրը, երբ եւ ինչպէս է ստեղծուել. մեծ հետաքրքրութեամբ լսում էին: Այնտեղ մի քանի հարցազրոյցներ տուեցի հայկական թերթերի (եւ տեղի եւ հայաստանեան), ես շատ հանգիստ էի զգում, քանի իմ չորրորդ այցելութիւնն էր Թուրքիա. մէկ անգամ Արեւմտեան Հայաստանում ես եղել, երկու անգամ Պոլիս, ուր երկու գիտաժողովի եմ մասնակցել որպէս հետազօտող: Մէկի ժամանակ՝ «Ժամանակ» օրաթերթի 105ամեակի նուիրուած գիտաժողովում, կարդում էի զեկուցում Ցեղասպանութեան յիշողութեան մասին: Իսկ յաջորդ անգամ պատմել եմ Ղարաբաղեան շարժման ժամանակ Ապրիլ 24ի նշումների մասին:

- Մօտ ամիս մը առաջ Հայաստան գտնուեցաւ Յունաստանի Հանրապետութեան հայասէր նախագահը: Պիտի խնդրենք ձեզմէ նկարագրել իր տպաւորութիւնները եւ զգացումները Հայոց ցեղասպանութեան թանգարան այցելութեան ընթացքին:

Ե´ս էի նրան ուղեկցում յուշահամալիրին մէջ: Գիտէք, կան մարդիկ, որոնք փրոթոքոլին համար են գալիս, ղեկավարներ կան, որ կուգան գիտելիքի համար: Ան վստահաբար եկել էր գիտելիքի համար: Իր մէջ թերեւս նախադրեալներ կային եւ համոզուած էր: Ես բացատրութիւնները սկսել եմ տալ Սումկայիթի, Պաքուի, Կիրովապատի դէպքերից՝ կապելով անցեալը եւ ներկան: Յետոյ իջանք թանգարան, փոխտնօրէնը իրեն ներկայացրեց թանգարանի ցուցադրութիւնը, ինքը գրառում արձանագրեց եւ ես իրեն նուիրեցի հինգ աշխատանքներ՝ «Հայոց ցեղասպանութիւնը ամերիկեան մամուլում». այդ հատորները ստեղծած են մեր սփիւռքահայ բարեկամները՝ Մխիթարեան միաբանութեան անդամ Վահան ծ.վրդ. Օհանեանը եւ աւստրալահայ գրականագէտ մը՝ Արա Քեթիբեանը:

Յետոյ ըսի Յունաստանի նախագահին, որ կ՚ուզենք 2022ին կազմակերպել Զմիւռնոյ կոտորածների հարիւրամեակին նուիրուած գիտաժողով, եւ ըսինք, որ կ՚ակնկալէինք, որ դա կազմակերպենք Յունաստանի գիտնականների հետ. նախագահը ընդունեց մեր առաջարկը: Նաեւ ըսեմ, որ մասնակցեցի Հայաստանի Հանրապետութեան նախագահին կողմէ տրուած ճաշկերոյթին Յունաստանի նախագահի պատուին, որին ներկայ էր նաեւ վարչապետը. պրն. Փաւլոբուլոսը շատ հրաշալի խօսք մը ասեց, որուն խօսքով շատ տպաւորուեցայ. իր խօսքում նա մեր դարերի բարեկամութիւնը մեծապէս իմաստաւորեց:

- Ուրեմն, նման պաշտօնական այցելութիւններ իրենց կարեւոր նշանակութիւնը ունին։

Այն պաշտօնական պատուիրակութիւնները, որոնք կուգան Հայաստան, նրանց առաջարկում են այցելել Հայոց ցեղասպանութեան յուշահամալիրը եւ թանգարանը։ Որպէս կանոն ես կամ փոխտնօրէնը հիւրերին ուղեկցում ենք յուշահամալիրում, ապա նրանք կ՚իջնեն թանգարան եւ իրենց տարբեր լեզուներով բացատրութիւններ կուտան: Ես շատ կարեւոր կը համարեմ ասիկա, որովհետեւ ի վերջոյ պետութիւններու տարաբնոյթ ղեկավարներն են որոնք յետոյ կը ստորագրեն նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումները: Եթէ տեսնեն որ քարոզչութիւն չէ Հայոց ցեղասպանութիւնը, այլ իրական դէպքեր են, աւելի կ՚ամրապնդեն իրենց ընդունելիք որոշումները:

Այս տարի կը լրանայ թանգարան-ինստիտուտի 25ամեակը եւ կարող եմ ասել, որ թանգարանը 25 տարի շարունակ իր անուրանալի լուման է դրել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացում:


Հայոց եւ յունական ցեղասպանութիւններու ճանաչման մասին

Աթէնքի մէջ՝ Պոնտոսի յոյներու ցեղասպանութեան նուիրուած իր ելոյթին առիթով, երբ հարց տուինք Յարութիւն Մարութեանին, թէ երկու բախտակից ժողովուրդներու միջեւ գործակցութեան եւ ցեղասպանութեանց ու տառապանքներու ներկայացման հնարաւորութիւնները, անոնց զուգահեռ դրսեւորումը միջազգային գետնի վրայ, որքանով կը նպաստեն երկու ցեղասպանութիւններու ճանաչման, հայրենի պատմաբանը յայտնեց։

- Մեզնից է կախուած: Հայերից եւ յոյներից: Այսինքն՝ մեր հետեւողականութիւնից, մեր նպատակասլացութիւնից, խնդիրների յստակ դրուած մեր գիծից եւ յստակ պատասխաններից։ Յուսամ, որ ժամանակ անց այս վերաբերմունքը կը փոխուի: Դա մեծ չափով կապուած է նաեւ, թէ ինչ եւ ինչպէս կը մատուցուի խնդրի քննարկումները գիտաժողովներում: Եթէ լինեն թեմադիկ բաժանումներ, ուր հետազօտողները հրաւիրուեն հենց միայն որպէս որոշակի թեմաների մասնագէտներ, աւելի ճիշտ կը լինի, աւելի փրոֆեսիոնալ։ Կրկնում եմ, ոչ թէ հասարակական, քաղաքական գործիչներ հրաւիրուեն, այլեւ հետազօտողներ: Այդ դէպքում գործը աւելի լաւ արդիւնքը կարող է տալ: Վերջին հաշուով, իմ խօսքիս մէջ նշեցի, որ ցեղասպանութեան ճանաչումը ինքնանպատակ չէ. 27 երկիր ճանաչել կամ 120՝ շատ կարեւոր է, դա ազգային անվտանգութեան խնդիր է: Ինչքան շատ ճանաչեն, այնքան Թուրքիայի կողմից վտանգը, կարելի է ասել, աւելի կը նուազի: Եւ դրանք նաեւ իւրատեսակ ճնշման ձեւեր են թրքական հասարակութեան վրայ: Ի վերջոյ, անոնք պէտք է գիտակցին, որ այսպիսի բան եղած է: Այդ երկրի քաղաքացիները իրենց ընտրական ձայներով պէտք է որոշեն ճիշդ ճանապարհը: Այնպէս որ, ճանաչումները ինքնանպատակ չեն: Եւ եթէ ի վերջոյ, մեր հարեւան երկիրը ընդունի ցեղասպանութիւն կատարելու գործում իր պատասխանատուութիւնը, մենք կարող ենք ասել, իմ անձնական կարծիքով, թէ հարաւային կողմից ռազմական յարձակման չենք ենթարկուիր: Այսինքն, մենք մեր արտաքին քաղաքականութեան մէջ կարող ենք աւելի ինքնուրոյն դառնալ: Ես յիշատակեցի, թէ քանի դեռ հարցը ներկայացւում է որպէս «յաւերժական թշնամի», ստիպուած պէտք է ունենանք «յաւերժական բարեկամ»: Յաւերժական բարեկամը կապուած է յաւերժական թշնամու առկայութեան հետ: Երբ որ կարողանանք հարցի մի մասը լուծել, մենք աւելի անկախ կը լինենք:

Կը կրկնեմ, սա իմ անձնական կարծիքն է եւ կապ չունի իմ պաշտօնիս հետ:

Յարութիւն Մարութեան կը խօսի իր մասին

Մասնագիտութեամբ պատմաբան եմ, ազգագրագէտ, աւարտած եմ Երեւանի պետական համալսարանի պատմութեան բաժանմունքը, այնուհետեւ աշխատանքի եմ անցել Հայաստանի ազգագրութեան պետական թանգարանում, յետոյ գնացել եմ Մոսկուա, երեք տարի սովորել եմ Խ.Ս.Հ.Մ. Գիտությունների ակադեմիայի Ն. Ն. Միկլուխօ-Մակլայի անուան ազգագրութեան ինստիտուտի բարձրագոյն կրթարանում, PhD եմ գրել հայկական ժողովրդական բնակելի տների ներքնատեսքի վերաբերեալ։ Պաշտպանել եմ ատենախօսութիւնը Մոսկուայում, աշխատանքս շարունակել եմ Ազգագրութեան թանգարանում։ 1984 թուականի Յուլիսից աշխատում եմ Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտում, որպէս գլխաւոր գիտաշխատող։ 2018 թ. Սեպտեմբերին մասնակցեցի Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնների ընտրութիւններին. չորս հոգի դիմումներ ներկայացուցած էին: Թանգարանը դարձուել է հիմնադրամ եւ ունի Հոգաբարձուների խորհուրդ: Ես ստացայ 11 ձայն եւ Հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրուեցի տնօրէն: Այսինքն, ես գիտութիւնից եմ գնացել դէպի Ցեղասպանութեան թանգարան:

Իսկ թէ ինչու՞ Ցեղասպանութեան գծով, պետք է մի քիչ հեռուից սկսեմ։ Երբ 1988 թուականի Փետրուարին սկսաւ Ղարաբաղեան շարժումը, ես որպէս ազգագրագէտ սկսեցի հետազօտել շարժումը եւ արձանագրել բազմաթիւ իրողութիւններ: Դրանց մէջ մեծ թիւ էին կազմում ցուցապաստառները՝ լոզունքներն ու ցուցատախտակները։ Դրանց բացարձակ մեծամասնութիւնը ստեղծուած էր ժողովուրդի ձեռքով, քանի որ դեռ չկային կուսակցութիւններ, եղած մի քանիսն էլ չունէին մեծ ժողովրդականութիւն: Եւ երբ սկսեցի վերլուծել ցուցապաստառներն ու դրանց գրութիւնները, պարզուեց որ ցեղասպանութեան յիշողութիւնը շատ մեծ դեր կը խաղայ Շարժումը առաջ տանելու գործում։ Ցեղասպանութեան յիշողութիւնը, որը արթնացել էր Սումկայիթի ջարդերից յետոյ՝ աստիճանաբար մէջտեղ եկաւ ու կարեւոր դերակատարութիւն ունեցավ Շարժման ընթացքի մեջ։ 1989 թուականից սկսեցի հրապարակումներ Ղարաբաղեան շարժման մէջ Ցեղասպանութեան յիշողութեան դերի մասին։ Ապա եղան ամերիկեան դրամաշնորհներ՝ Այրեքս ծրագրով երեք ամիս Միշիկընի համալսարան (Անն Արբոր), այնուհետեւ Ֆուլբրայթ ծրագրով՝ MIT Պոսթըն 9 ամիս մնացի, գիտելիքներս հարստացուցի տեսական իմաստով՝ հաւաքական յիշողութեան մասին, ինչը յետոյ դարձաւ իմ գիրքի առաջին տեսական գլուխը: 2007 թուականին երկրորդ PhDն պաշտպանեցի։ Ապա 2009 թ. լոյս տեսաւ իմ մենագրութիւնը՝ «Հայ ինքնութեան պատկերագրութիւնը՝ Ա. Հատոր, Ցեղասպանութեան յիշողութիւնը եւ Ղարաբաղեան շարժումը» վերնագրով: Գրքում ցոյց եմ տալիս թէ ինչպէս է Հայոց ցեղասպանութեան յիշողութիւնը դառնում Ղարաբաղեան շարժման առաջ տանող, մղող ուժ, եւ ինչպէս է տեղի ունենում կարծրատիպերի փոփոխութիւն, ի վերջոյ գալիս է անկախ պետականութեան կերտման գաղափարը եւայլն, եւայլն: Այսինքն, թէ ինչպէս է ցեղասպանութեան յիշողութիւնը, որը իրերի բերումով աստիճանաբար առաջնային դիրք է զբաղեցնում, դառնում ժոովրդավարական վերափոխումների միջոց: Առաջին հայեացքից չկապուող բաներ, բայց պարզուեց, որ Ղարաբաղեան շարժման ժամանակ, որն, իմ համոզմամբ, կարելի է բնութագրել որպէս հայկական առաջին յեղափոխութիւն, ցեղասպանութեան յիշողութիւնը ձեռք բերեց առաջնային դիրք։ Նկատեմ, որ մենագրութիւնը արժանացաւ Հ.Հ. նախագահի 2011 թ. «Հա­յոց ցեղասպանութեան ճանաչման գործում նշանակալի ա­ւանդ ներդրած անձանց շնորհուող մրցանակ»ի։ Ապա ա´յս կերպ էր, որ ես եկայ ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառ:






ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am