Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ.
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ



Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և´ գենդերային, և´ տարիքային մի շարք առանձնահատկություններ ուներ, որոնք դրսևորվեցին ցեղասպանության իրականացման ողջ ընթացքում: Եթե տղամարդիկ հիմնականում կոտորվում էին, ապա կանայք և երեխաները ենթարկվում էին նաև ֆիզիկական և սեռական տարբեր բռնությունների և տեղափոխման: Լավ մշակված պետական քաղաքականության համաձայն՝ մեծ թվով հայ երեխաներ և կանայք բռնի տեղափոխվում էին թշնամու խումբ:

Տեղահանության քարավանները դիտավորյալ չէին հսկվում, ինչի արդյունքում թուրք, քուրդ և արաբ ազգաբնակչությունը բռնի կերպով տիրանում էր հայ կանանց և երեխաներին: Նրանց վաճառում էին, գնում, տանում մուսուլմանական տներ (հաճախ նրա տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին), պարտադրում կրոնափոխության: Տղաներին թլպատում էին, աղջիկներին բռնի կերպով ամուսնացնում, տանում հարեմներ, անբարո տներ, վաճառում սեռական ստրկության: Միաժամանակ հայ երեխաները բաժանվում էին նաև պետական որբանոցներում և մուսուլմանական տներում: Հայոց ցեղասպանության ընթացքում մուսուլմանների մոտ բռնի տեղափոխված հայ երեխաների և կանանց թիվն աննախադեպ էր և տարբեր տվյալներով հասնում էր շուրջ 200.000-ի:

Հայոց ցեղասպանության գործադրման ընթացքում երեխաների և կանանց բռնի տեղափոխման և իսլամացման փաստը ճանաչվել էր միջազգային մակարդակով: Դեռևս 1918 թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության և դաշնակիցների միջև կնքված Մուդրոսի զինադադարի 4-րդ կետը պահանջում էր ազատ արձակել պատերազմական գերիներին և բոլոր հայ ներկալված անձանց: Հետագայում Սևրի պայմանագրի 142-րդ հոդվածը, անդրադառնալով բռնի կրոնափոխությունների հարցին, սահմանում էր բռնի կրոնափոխվածների վերադարձն իրենց հավատքին, ինչպես նաև Թուրքիան պարտավորվում էր պատերազմի ժամանակ մարդկանց նկատմամբ կատարված չարիքն առավելագույն չափով քավելու համար ամեն կերպ աջակցել 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված մարդկանց որոնելու և ազատելու գործին, ինչպես նաև դյուրացնել տուժածների, նրանց ընտանիքների և մերձավորների բողոքներն ընդունելու, անհրաժեշտ հետաքննություններ կատարելու և վերոհիշյալ անձանց վերջնականապես ազատելու մասին որոշումներ կայացնելու գործում Ազգերի լիգայի կողմից նշանակվելիք խառն հանձնաժողովների գործողությունները: Օսմանյան կառավարությունը պարտավորվում էր նաև հարգել հանձնաժողովների որոշումները և ապահովել այս կերպ ազատագրված անձանց անվտանգությունն ու ազատությունը:

Այսպիսով՝ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո Հայոց ցեղասպանության վերապրածների հավաքագրումը և նրանց ազգային ինքնության վերադարձնելը դարձավ մի շարք հայկական և միջազգային կազմակերպությունների և անհատների առաքելությունը:

Առաջին աշխարհամարտի ավարտին ստեղծված Ազգերի լիգան ևս անմասն չմնաց 20-րդ դարասկզբի հայոց ողբերգությանը: Կազմակերպության Կանոնադրության 23-րդ (գ) հոդվածը, որը նախատեսում էր ընդհանուր վերահսկողություն կանանց և երեխաների տրաֆիկինգի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նկատմամբ, դարձավ այն իրավական հիմքը, որով կազմակերպությունը ներգրավվեց Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեջ: 1921 թ. փետրվարին Ազգերի լիգայի նախաձեռնությամբ ստեղծվում է Մերձավոր Արևելքում կանանց և երեխաների պաշտպանության հետաքննիչ հանձնաժողովը, որի նպատակն էր պարզել տեղահանված կանանց և երեխաների հետ կապված Թուրքիայում, Հայաստանում, Փոքր Ասիայում և հարակից տարածքներում տիրող իրավիճակը:

Հանձնաժողովը, որը գործելու էր զուտ մարդասիրական նպատակներից ելնելով, իր աշխատանքներն իրականացնելու նպատակով նստավայրեր բացեց Հալեպում, որտեղ Ազգերի լիգայի հանձնակատար նշանակվեց Քարեն Յեփփեն, և Կոստանդնուպոլսում, որտեղ հանձնակատարներ դարձան Վիլյամ Քենեդին և Էմմա Քուշմանը: Ըստ Ազգերի լիգայի հանձնակատարների շուրջ 73,350 հայ դեռևս գտնվում էր մուսուլմանական գերության մեջ:

Քարեն Յեփփեն իր մարդասիրական գործունեությունն իրականացնում էր Օսմանյան կայսրության՝ Ֆրանսիայի կողմից օկուպացված տարածքներում, որտեղ, ըստ հանձնակատարի շուրջ 30.000 հայ գերության մեջ էր: Հետաքննիչ հանձնաժողովի հալեպյան մասնաճյուղն իրականացնում էր հետաքննության տարածքում մուսուլմանների ձեռքերում գտնվող հայերի ազատագրումն ու ֆիզիկական և հոգեկան վերականգնումը: Այստեղ խնդիրը բարդանում էր նրանով, որ չկար դաշնակիցների անմիջական աջակցությունը, իսկ տեղի մուսուլման քոչվոր ցեղերը չէին ցանկանում վերադարձնել իրենց մոտ գտնվող հայ կանանց և երեխաներին: Երբեմն հայերն իրենք չէին ցանկանում լքել իրենց «փրկողների» տները պաշտպանության, համատեղ երեխաների, ստեղծված ընտանեկան կապերի և այլ պատճառներով: Բացի այդ՝ շատերը վախենում էին լքել մուսուլմանական տները կամ ընդունել իրենց հայկական ինքնությունը, քանի որ իրենց առևանգած մուսուլմանները պնդել էին, թե ոչ մի հայ կենդանի չի մնացել, նաև վախենում էին 1915 թ.-ի կրկնությունից, ինչպես նաև՝ բռնվելու դեպքում հնարավոր պատժից:

Մյուս դժվարությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ փոքր տարիքում առևանգված հայ մանուկները մեծացել էին որպես մուսուլման, և նրանցից շատերը տեղյակ չէին իրենց հայկական ծագման մասին: Միևնույն ժամանակ շատերը, լսելով փրկարարական առաքելությունների մասին, ինքնակամ փախչում էին իրենց «բանտերից»: Յեփփեն համոզված էր, որ չնայած երկար տարիների դժվարություններին՝ իսլամացած հայերից շատերը կապված են իրենց հայկական արմատներին և հնարավորության դեպքում կմիավորվեն իրենց ազգակիցներին և կվերադառնան իրենց ինքնությանը: Ազգերի լիգայի այս առաքելությունն, ըստ Յեփփեի, ոչ միայն օգնելու էր ազատել հայերին, այլև լուծելու էր ինտեգրվելու համար ազատագրվածներին համապատասխան հմտություններով ապահովելու հարցը:

Հալեպի ապաստարանը կամ Փրկության տունը, որը ստեղծվել էր դեռ 1918 թ. Մերձավոր արևելքի նպաստամատույց կազմակերպության կողմից, տեղակայված էր Հալեպի հյուսիսում՝ Շեխ Դահա կոչվող վայրում: Հյուսիսային Սիրիայի տարբեր քաղաքներում և բնակավայրերում գտնվող հայ և արաբ գործակալների և կայանների շնորհիվ (Ջարաբլու, Ռաս ուլ Այն, Արաբ Պունար,Մարդին, Դեյր-էլ-Զոր, Հասիչե, Ռաքքա, Բաբ) Յեփփեն կարողացավ Հալեպի ապաստարանում օթևանել մուսուլմանական գերությունից փրկված հազարավոր հայերի, որոնք ազատագրվում էին ոչ միայն արաբ բեդվիններից, այլև սահմանակից թուրքերից և քրդերից: Ազատագրումները հիմնականում իրականացվում էին բանակցությունների, կաշառքի, ազատազրկված հայերին գողանալու միջոցով: Գումարի չափը, որը վճարվում էր որպես փրկագին կամ բերողին կազմում էր 0,50-2 թուրքական ոսկի՝ կախված տարածաշրջանից: Երբեմն ազատագրման համար ծախսվող գումարը հասնում էր 10 թուրքական ոսկու:

Գերությունից ազատագրվածներն ընդունվում էին ապաստարան, որտեղ նրանց անհրաժեշտ սնունդ, հագուստ, բժշկական խնամք էր տրամադրվում: Քանի որ Հալեպում որբանոցներ չկային, որբ երեխաները նույնպես ընդունվում էին այստեղ: Միաժամանակ, ազատագրվածների տվյալներն ուղարկվում էին թերթերին, եկեղեցիներին և հայկական միություններին՝ հարազատներին գտնելու համար: Ազատագրվածները հարցաքննվում էին, ինչը գրանցվում էր հատուկ մատյաններում:

Ժնևում գտնվող Ազգերի լիգայի արխիվում պահվում են մուսուլմանական գերությունից փրկված 1464 հայ կանանց, երեխաների և երիտասարդ տղաների անձնաթղթերի 16 մատյանները: Դրանք պարունակում են ընդունվողի հերթական համարը, Հալեպի փրկության տուն ընդունվելու ժամանակ արված անձի լուսանկարը, որոշ կենսագրական տվյալներ՝ անունը, ծնողների անունը, ծագման վայրը, տարիքը և Փրկության տուն ընդունվելու ամսաթիվը: Սրան հաջորդում է փրկվածի կարճ պատմությունը 1915 թ. իրադարձությունների, իր գերության և փրկության մասին: Անձի ճակատագրի հետագա ընթացքի մասին նշումներն արվում էին անձնաթղթի հաջորդ էջում են (օրինակը տե՛ս նկար 1 և 2):

Այսպիսով՝ Ազգերի լիգայի և հատկապես վերջինիս հանձնակատար Քարեն Յեփփեի ջանքերով հնարավոր դարձավ մուսուլմանական գերությունից ազատագրել բազմաթիվ հայերի:

Նյութը հիմնականում պատրաստվել է Ազգերի լիգայի արխիվի փաստաթղթերի հիման վրա:



Էդիտա Գզոյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն




Մանսուրա Մատիկյանի անձնաթուղթը, նկար 1 (1)


Ամսի Միքայելի Թազե, Մարդին, Մանսուրա Մատիկյանի որդին


Լուսիա Մկրտչյանի անձնաթուղթը, նկար 2 (2)


Մայրը՝ երեք զավակների հետ Հալեպի ապաստարանում


Հալեպի ապաստարանի հայ երեխաներ


Քարեն Յեփփեն Հալեպի ապաստարանի սանուհիներից մեկի հետ


Քարեն Յեփփեի՝ Ազգերի լիգայի Սոցիալական բաժնի ղեկավար Ռաշել Քրաուդիին ուղղված նամակից



___________________________________________

1. N 515 Մանսուրա Յուսուֆի Մատիկյան, Մարդին, 30 տարեկան, ընդունվել է Հալեպի ապաստարան 1924 թ. մայիսի 21-ին: «Մանսուրայի ամուսինը սպանվել էր տեղահանությունների սկզբում, իսկ նա դստեր և որդու հետ տեղահանվել է Դեր-էլ-Զոր: Սիրիական անապատներով երկար և դժվար ճանապարհից հետո նրանք հասել են Դեր-էլ-Զոր, որտեղ թուրքերի և արաբների կողմից տեղի է ունենում Դեր-էլ-Զորի կոտորածը:

Մի ծանոթ արաբ ամուսնացել է Մանսուրայի հետ՝ նրան և նրա երեխաներին իր հետ տանելով իր տուն՝ կոտորածից փրկելու համար: Մեկ տարի արաբի հետ ապրելուց հետո Մանսուրան փախչում է Սինջար անունով մի գյուղ, որտեղ հանդիպում է որոշ ընկերների և երկու տարի նրանց հետ աշխատում է տարբեր քրդական տներում՝ երեխաներին պահելու համար: Երկու տարում հավաքելով որոշակի գումար՝ Մանսուրան հիսուն այլ հայ կանանց և տղամարդկանց հետ ճանապարհվում է իր հարազատ Մարդին քաղաքը: Ճանապարհին նրանք ենթարկվում են արաբների հարձակմանը, ովքեր ամբողջովին թալանում են խմբին: Ծայրահեղ թշվառ վիճակում նրանք շարունակում են ճանապարհը դեպի Նիսիբին, որտեղ չնչին գումարով աշխատանք են գտնում գերմանական Երկաթուղային ճանապարհաշինարարական ընկերությունում (German Rail Road Company):

Մանսուրան կարողանում էր ապահովել իրեն ու երեխաներին և նույնիսկ որոշ գումար տնտեսել: Նա կարողանում է վերադառնալ Մարդին, որտեղ թուրքական իշխանությունը վերադարձնում է կնոջ տունը, որտեղ Մանսուրան ապրում է 4 տարի: Սակայն երբ հայերը սկսում են տարագրվել Սիրիա, թուրքական իշխանությունը կրկին բռնագրավում է Մանսուրայի տունը, որը սկսում է ծառայել որպես Ոստիկանական կայան:

Ոստիկաններից մեկը ցանկանում է ամուսնանալ Մանսուրայի հետ, սակայն վերջինս փախչում է քահանայի մոտ, ով կնոջը ուղարկում է Հասիչեի մեր կայան: Այնտեղից էլ Դեր-է;-Զորով Մանսուրային բերում են մեր Ընդունելության տուն:

Նրա փոքրիկ աղջիկը դեռևս արաբների մոտ էր:

Դուրս է եկել մեր խնամատարությունից 7.6.1924: Բարեկամների հետ է»:


2. N 786 Լյուսիա Գևորգի Մկրտչյան, Ուրֆա, Մարդին, 20 տարեկան, ընդունվել է Հալեպի ապաստարան 1925 թ. օգոստոսի 5-ին:

Լուսիայի հայրը զինվոր էր թուրքական բանակում և սպանվել էր: Նա տեղահանվել էր մոր հետ: Նրանք շատ էին տառապել սովից ու ծարավից և հատկապես՝ դաժան զինվորների ձեռքից:

Նրանց քարավանը հասել էր Դեյր էզ-Զոր, որտեղ մի արաբ Լուսիային վերցրել էր մորից և բերել էր նրան իր վրանը: Լյուսիան այստեղ էր մնացել մեկ տարի, որից հետո արաբը վաճառել էր աղջկան մի քրդի: Այնուհետև (կրկին) աղջիկը վաճառվել էր մեկ այլ արաբի, որի հետ ապրել էր 8 տարի: Վերջապես նրան հաջողվել էր փախուստի միջոցով գալ մեզ մոտ:

Լուսիան սարսափելի կերպով պատված է դաջվածքներով՝ ոչ միայն երեսն ու կրծքավանդակը, այլ նաև ձեռքերն ու մատները, որոնք գրեթե անշարժունակ են դարձել դրա հետևանքով: Մենք անում ենք ամեն ինչ, որ օգնենք նրան:

Հունվարի 26, Լուսիայի աջ ձեռքը վիրահատվում է:

1928 թ-ին նա դժվար վիրահատության է տանում. նրա աջ ձեռքը անդամահատվում է:

21 / 1.31 (21 հունվարի 1931 թ.), հիվանդ է, դեռ գտնվում է մեր խնամքի տակ:









ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am