Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություն

ԲԱՔՎԻ 1905 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ



1905 թ. հունվարի 9-ին Պետերբուրգում տեղի ունեցած ժողովրդական ցույցն իր արձագանքն է գտնում հատկապես Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններում: Շարժման ալիքը տարածվում է նաև Կովկասում, մասնավորապես՝ Թիֆլիսում, Բաթումում և Բաքվում:

Բաքվում սկսված բանվորական ցույցերն ու գործադուլներն ավարտվում են մի շարք նավթահորերի հրդեհումներով: Այս իրադարձություններն ուղեկցվում էին Կովկասյան թաթարների շրջանում հակահայ քարոզչությամբ: Նրանք կեղծ լուրեր էին տարածում, թե իբր հայերը կոտորած են նախապատրաստում մահմեդականների դեմ: Շուտով թյուրքերի և ռուսների տների պատերին կավճով և ածուխով գրված նախազգուշական արտահայտություններ են հայտնվում՝ համապատասխանաբար «Յա Ալլահ» (Աստծու հետ) և «ուռուս»:

1905 թ. հունվարին Բաքվի գլխավոր-նահանգապետ Նակաշիձեն մի խումբ մահմեդականների հայտնում է Բաքվում հայերի զորաշարժի մասին և առաջադրում հակազդեցություն՝ հայերին կոտորելու քարոզչություն տարածել մզկիթներում, ահաբեկչություն կազմակերպել, անտեսել հայերի բողոքները:

Բաքվի կոտորածները նախաձեռնողների համար առիթի ստեղծումն ընդամենը ժամանակի խնդիր էր: 1905 թ. փետրվարի 6-ին` առավոտյան ժամը 11-ին, Պարապետում՝ հայոց եկեղեցու մերձակայքում միջադեպ է տեղի ունենում. Բաբաև ազգանունով մի թյուրք ղոչի (այդպես էին անվանում այն թյուրքերին, ովքեր հանձն էին առնում դրամի դիմաց մարդ սպանել) ատրճանակի կրակոցով հայ զինվորի է վիրավորում: Ներկա գտնվող հայերը Բաբաևին հանձնում են ոստիկանությանը՝ պահանջելով խուզարկել նրան, սակայն վերջինս ընդդիմանում է և ատրճանակի կրակոցների ներքո փախչում: Կրիվայա փողոցի մոտ զայրացած ամբոխը հաշվեհարդար է տեսնում նրա հետ: Հավատակիցները սայլի վրա են դնում Բաբաևի դիակը և պտտեցնում են թյուրքական թաղերով` նպատակ հետապնդելով գրգռելու թյուրք ազգաբնակչությանը:

Այս առնչությամբ Թիֆլիսից Բաքու տեղափոխված ֆրանսուհի Ժոզեֆին Կուբլին վկայում է.

«… Մեր տանտիրոջ որդին, որ մի երիտասարդ թյուրք էր, ատրճանակը ձեռքին մտավ սենյակ: Այն հարցին, թե ինչ է կատարվում, պատասխանեց, որ կոտորածների մեջ ո՛չ իրենք են մեղավոր, ո՛չ էլ հայերը: Իրենց հրամայել են կոտորել հայերին, և երեք օր պետք է կոտորեն»:

Կոտորածի ազդանշանին անմիջապես հետևում են փետրվարի 6-ի երեկոյան ժամը 4-ից մինչև կեսգիշեր շարունակվող հայերի անխտիր սպանությունները: Միայն այդ օրը վիրավորվում և սպանվում է շուրջ 35 հայ: Փետրվարի 7-ին առավոտյան ժամը 10-ին վերսկսվում է կոտորածը, որը տևում է երեք օր ու գիշեր:

«Նովոյե օբոզրենիե» լրագրի թղթակից Օրեստ Սեոմին այսպես է նկարագրում Բաքվի կոտորածները.

«…. Զարհուրելի րոպեներ է անցկացնում Բաքվի ազգաբնակչությունը: Վորոնցովի, Բազարնի և Շամախու փողոցներում թյուրքերն անխնա կոտորում են հայերին…. Սարսափը քարացնում է իմ մկանները, արյունս սառչում է երակներումս, երբ հիշում եմ այն ամենը, թե ինչ տեսա միայն երեք ժամում: Բազարնի փողոցում հարյուրավոր թյուրքեր կոտրում և կողոպտում էին հայերի խանութները…. Վվեդինսկի փողոցում սպանված հայ երեխայի դիակ տեսա, Մալականի այգում արդեն երկրորդ օրն է՝ ընկած է սպանված բժշկի դիակ, սպանված է գիմնազիստ Լեբեդևը: Փետրվարի 9-ին՝ առավոտյան ժամը 11-ին, ռուս դերասան Պ. Մորսկու հետ ուղևորվեցինք Վորոնցովյան փողոց՝ Բաբաջանովի և Լազարյանի տների հրդեհի վայրը: Մոտ 17 դիակ կար կուտակված` այլակերպված, ածխացած, որոնցից հինգը երեխայի էր…. Վլասով կոշկակարի խանութի ետնամասից զենքի որոտներ լսեցինք, իսկ երբ մոտեցանք` տեսանք, թե ինչպես են հայի տուն ներխուժած թյուրքերը տանջում և մորթում բնակիչներին»:

Թաթարները հարձակվում են մեծահարուստ հայ առևտրական Բալաբեկ Լալաևի տան վրա, որի հետևանքով զոհվում է 20 մարդ, այդ թվում՝ Լալաևի եղբայրը: Ազգությամբ հրեա բժիշկ Ուրբանովիչը Լալաևի տան ողբերգական անկման ականատեսն էր.

«… Թյուրքերն սկսել էին կրակել Լալաևի տան վրա: Նահանգապետը հանդիմանում էր, թե իբր Լալաևի տնից կրակում են անմեղ թյուրքերի վրա: Լալաևը վճռականապես հերքում է՝ խնդրելով նահանգապետին խուզարկել իր բնակարանն ու համոզվել, որ զենք չկա: Կատաղի խուժանը թալանում է Լալաևի տունը, դուրս բերում նրան փողոց և գնդակահարում կնոջ հետ միասին»:

Փետրվարի 9-ին լրանում է կոտորածների համար նահանգապետ Նակաշիձեի ծրագրած ժամկետը: Եպիսկոպոս Անանիա Շիրվանացու և հայ այլ ազդեցիկ գործիչների հետ գլխավոր-նահանգապետը սպիտակ դրոշով շրջում է քաղաքում՝ ազդարարելով խաղաղության հաստատումը: Կոտորածներն անմիջապես դադարեցվում են:

Հայ երիտասարդները հինգից տասը հոգուց բաղկացած կամավորական խմբեր են ստեղծում հայկական թաղամասերը, փողոցներն ու տները պաշտպանելու նպատակով: Բաքվի կոտորածն անհնար էր քողարկել: Հայերի նկատմամբ թյուրքերի կատարած բռնությունների և անմարդկային բարբարոսությունների մասին վկայում են ոչ միայն օտարազգիները, այլև հենց իրենք՝ թյուրքերը:

«Բակինսկայա իզվեստյա» լրագրում մի թաթար ականատես գրում է.

«…. Քաղաքի այն հատվածում, ուր ես եմ նաև ապրում, մահմեդականներն ամբողջ գիշեր պատրաստվում էին պատերազմի: Վաղ առավոտից սկսվեց հրաձգություն, որն աստիճանաբար սաստկացավ: Երբ հրացանի ձայներ լսեցի` տնից դուրս վազեցի, տեսա, որ Ցերկովնայա փողոցում Բաբաջանովի տունը շրջապատված է թյուրքերով… Ամբոխի միջից ինչ-որ մեկն առաջարկում է հրդեհել տունը: Երեկոյան ժամը 6-ին տունն արդեն կրակի մեջ էր: Ամեն ինչ այրվեց, բացի ներքնահարկից, ուր մեծ արկղեր կային: Դժբախտ մարդիկ թաքնված էին դրանց մեջ: Կատաղած ամբոխը գտավ ինը հոգու, որոնց դուրս բերեց և բոլորի աչքի առաջ կոտորեց: Ես չեմ կարող նկարագրել այն սարսափը, որ երևում էր զոհերի դեմքին: Նույն տեղում ամբոխը գտավ նաև տասը կանանց: 50 տարեկան մի կին աղաղակում էր ազատել իր որդուն, որ միակ ողջ մնացածն է այրված տնից: Շուտով ներկա գտնվողներն ականատես են լինում, թե ինչպես է նշմարվում վերարկուի փեշերով գլուխը ծածկած մարդու ուրվագիծ: Մայրը ճանաչում է որդուն, սակայն մի նոր զոհ գտած և ուրախացած ամբոխը կտոր-կտոր է անում նրան: Ծխացող գերանների մոտ մայրն ուշաթափվում է և ընկնում…»:

Բաքվի կոտորածների մասին է «Տիֆլիսկիյ լիստոկ» լրագրի թղթակցի հետևյալ հաղորդումը.

«Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող պատմել այնտեղ տեսածի տասներորդ, հարյուրերորդ մասն անգամ: Պետք է աչքով տեսնել, որ գոնե կարելի լինի աղոտ կերպով ներկայացնել այնտեղ պատահած արյունոտ դրաման: Ընդհանուր համոզմունք է տիրում, որ հայերի կոտորածը՝ այդ սարսափելի սպանդը, կազմակերպված է: Բոլոր թյուրքերը զինված են…. Արյունահեղ իրադարձությունների առաջին օրը հիվանդանոց են տարել 34 դիակ. բոլորը հայեր են, միայն մեկն է վրացի: Թյուրքերը բոլորին գնդակահարում էին թիկունքից.… Երբ գնացի կոտորածի վայրը, աչքերս մթնեցին, գլուխս պտտվեց, ուզում էի ուշաթափվել, բայց ինձ մի կերպ զսպեցի: Առաջին անգամ աչքիս ընկավ մի խեղճ, նիհար, փոքրամարմին ծերունի, ում գնդակի երեք հարվածից բացի՝ սրով կտրել և գլուխը զատել էին մարմնից:

Բաքվի գերեզմանատանը` դիակույտերից մեկի վրա, ընկած էր մի հղի կին. Բարբարոսները դաշույնի մի քանի հարվածով պատռել էին թշվառ կնոջ արգանդը և երեխային դուրս հանելով՝ նետել դիակի վրա»:


Բաքվի հարուստ նավթատիրոջ որդի Էսսադ Բեյն իր «Արյուն և նավթ» աշխատության մեջ որպես Բաքվի արյունահեղության ականատես պատմում է.

«… Մենք դուրս եկանք մեր թաքստոցից և ուղևորվեցինք արյունով ծածկված փողոց: Առաջինը, որ տեսա, քիթ և ականջ չունեցող դիակներ էին»:

Երեք օր տևած դաժան արյունահեղության ընթացքում սպանվեց 205 (218), վիրավորվեց 121 հայ:

Փետրվարյան կոտորածից հետո Բաքվում ժամանակավոր խաղաղություն է տիրում, սակայն Բաքվի հայ բնակչությունը նոր, ավելի արյունալի և կորստաբեր կոտորածի պետք է ենթարկվեր: Քաղաքային խորհրդարանում վարչության ծառայողներին ծեծելը, զինված խմբերով նավթահանքերում շրջագայելը, մահվան սպառնալիքներն ու կանոնավոր դարձած գործադուլները ազդարարում էին Բաքվի երկրորդ կոտորածի լուրը: Ոստիկանությունը հայերից բռնագրավում, իսկ թյուրքերին զենք էր բաժանում «ինքնապաշտպանության համար»:


Օգոստոսի 20-ի երեկոյան ժամը 5-ին կարճ դադարներով սկսված հրացանաձգությունը տևում է ողջ գիշեր և դադարում առավոտյան ժամը 8-ին: Այն վերսկսվում է օգոստոսի 21-ին և շարունակվում: Օգոստոսի 22-ին կոտորածի կենտրոնը տեղափոխվում է նավթահանքեր. այն ուղեկցվում էր հրդեհով և բավականին նպատակահարմար էր հայերին զինաթափելու և տեղափոխելու տեսանկյունից: Հայերի գույքը կրակի ու կողոպուտի է մատնվում:

Մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացվեց նավթային պաշարների մեծ մասը: Հրդեհների պատճառով զոհերի թիվն անհնար էր ճշգրիտ ներկայացնել: Հնարավոր հաշվարկների համաձայն՝ սպանվել էր 300-400 և վիրավորվել 700 մարդ:

Նախապես ծրագրված կոտորածն անշեղորեն էր կատարվում: Թյուրքերը չէին խնայում նույնիսկ նրանց, ովքեր փորձում էին թաքցնել և փրկել հայերին: Այսպես, մի քանի հայ ընտանիք փրկած ֆրանսիացի ինժեներ Միշել Տիմոնին թյուրքերը նետում են վառվող հորատման փոսի մեջ:

Հազարավոր բանվորներ զրկվում են աշխատանքից, ապրելու հնարավորությունից: Հրդեհների հետևանքով այրվում են Կասպիական, Կովկասյան, Պետրով, Բալախանյան և այլ ընկերություններ, Թումաև, Արշալույս, Մանթաշև, Փիթոև, Միրզոև, Արամազդ, Ադամով, Տեր-Հակոբովներ և այլ գործարաններ, պահեստանոցներ, Բեկենդորֆի թատրոնը: Օգոստոսյան կոտորածի վնասը հասնում էր մոտ 25 միլիոն ռուբլու:

Օգոստոսյան իրադարձություններին հաջորդեց հոկտեմբերի 20-ին սկսված կոտորածը: Հոկտեմբերի 21-ին Նիկոլաևյան փողոցում հրդեհվում են Միրզաբեկյան, Շագիդանյան, Բուդուղյան տներն ու այդ փողոցի վրա ևս 13 տուն: Վերոհիշյալ փողոցում սպանված հայերի թվում էր Մեսրոպ քահանա Խոռխոռունին: Հոկտեմբերի 24-ին ջարդարարները ներխուժում են հայկական անկելանոց ու սպանում 6 կնոջ և երեխաների: Թեև արդեն հրահանգ էր տրվել, որ կոտորածների եռօրյա ժամկետն ավարտվել է, սակայն դրանք շարունակվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Ռուս գրող, հասարակական գործիչ Մաքսիմ Գորկին, անդրադառնալով Կովկասում տեղի ունեցած իրադարձություններին, «Ռուսական ցար» պամֆլետում նշել է. «Կովկասում հայերը թուրքերին հավատարիմ հպատակ թաթարների ձեռքով ջարդվեցին: Սակայն այդ իրադարձությանը տրվել է ազգային ատելության տեսք և պետք էր հավատալ, որ այդպես է, և դա է ճշմարտությունը: Բայց ինչպես կարող էր պատահել, որ հայերն ու թաթարները, որոնք դարերով ապրել են միասին, հանկարծ անհաշտ թշնամիներ դառնային…»:



Գրականություն


1. Ա-Դօ, Հայ-թաթարական ընդհարումը Կովկասում (1905-1906 թթ.), փաստագրական, վիճակագրական, տեղագրական լուսաբանություններով), Ե., 1907:

2. Գյուլխանդանյան Ա., Հայ-թուրքական ընդհարումները, հ. I, Բագուի առաջին ընդհարումները, Փարիզ, 1933:

3. Հայկական Հարց հանրագիտարան, Ե., 1996:

4. Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիին, հ. I, Պարիզ, 1932:

5. Տէր Միքայէլեան Նուպար, 1905 թ. Կոտորածը, Ե., 1994:

6. Փարսանտ Ա., Արյան ճանապարհով, Կովկասի հայ-թաթարական արյունահեղ ընդհարումները, Կ.Պոլիս, 1910:

7. Маевский В., Армяно-татарская смута на Кавказе как один их фазисов армянского вопроса, СПБ, 1906.

8. Старцев В. И., кровавие дни на Кавказе, СПБ., 1907.

9. Павел Шехтман, Пламя давних пожаров, “Pro Armenia” (Москва), №№ 9-10, 1992, 1,2, 1993 гг.

10. Essad Bey, Blood and Oil, New York, 1932.

11. First Armeno-Azeri clashes in 1905-1906, Contributed by Karabakh.org staff, 16 December 2007.

12. Luigi Villari, Fire and Sword in the Caucasus, London.

13. Massacre of Armenians of Baku in 1905, Hayq Encyclopaedia.

14. Swietochowski T., National Consciousness and Political Orientations in Azerbaijan, 1905-1920.

15. L’illustration, 30 Septembre, 1905.





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am