Հայոց ցեղասպանությունը բովանդակ հայության ճակատագրի և նրա հավաքական ինքնության անքակտելի մասն է։ Միևնույն ժամանակ Հայոց ցեղասպանությունը համամարդկային նշանակություն ունի՝ քանի որ այն մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։
Ստեղծման առաջին իսկ օրից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջնային նպատակներից է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրությունը և թանգարանային հիմնական, ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների, գիտական հրապարակումների, գիտաժողովներին ակտիվ մասնակցության միջոցով Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերն իրազեկելը Հայաստանի և օտարերկյա քաղաքացիներին՝ այս կերպ իր մասնակցությունը բերելով հայոց պահանջատիրության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հետևանքների վերացման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի հետևողական գործընթացին։
Հայոց ցեղասպանությունը բազմաշերտ է, և թանգարանային հիմնական ցուցադրության մեջ փորձ է արված այն ներկայացնել հնարավորինս համապարփակ և մատչելի եղանակով։ Թեմաները, որոնք օբյեկտիվ պատճառներով հակիրճ են ներկայացված մշտական ցուցադրության մեջ, թանգարան-ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից հանրահռչակվում են ժամանակավոր ցուցադրությունների և բազմաթիվ հրապարակումների միջոցով։
Մենք մեծապես շնորհակալ ենք Ձեր առաջարկների և Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի տրամադրման համար։
Հայոց ցեղասպանությունից հետո անցած հարյուրամյակում աշխարհում տեղի ունեցան մի շարք ցեղասպանություններ, զանգվածային ջարդեր և էթնիկ զտումներ։ Տարբեր դրսևորումներով դրանք շարունակվում են նաև ներկայում։ Մեր խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության և նման այլ հանցագործությունների իմացությունն այն անհրաժեշտ նախապայմաններից է, որը թույլ կտա կանխարգելել ցեղասպանությունները։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր