07.04.2026
Ապրիլի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել հանրային բանախոսություն՝ նվիրված Սողոմոն Թեհլիրյանի ծննդյան 130-ամյակին: Միջոցառմանը ներկա է եղել նաև Թեհլիրյանի ազգակականներից Արփի Օսկանյանը (Թեհլիրյանը):
Բանախոսը ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանն էր: Նա ներկայացրել է Թեհլիրյանի բեռլինյան բանտային օրագրությունը՝ առաջին անգամ այն դնելով գիտական շրջանառության մեջ: Թեհլիրյանի օրագրությունը պահվում է Հայաստանի ազգային արխիվում: 1980-ականների սկզբին այն Խորհրդային Հայաստան է բերել Սողոմոնի կինը՝ Անահիտ Թաթիկյանը: Օրագրության՝ տարիներ անց արտագրված, ոչ ամբողջական տարբերակը պահպանվում է «ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարան»-ում: Բանախոսն անդրադարձել է Թեհլիրյանի՝ որպես վերապրողի ներանձնական-հոգեբանական մեկնաբանություններին, հետտրավմատիկ հիշողություններին, օրագրի կառուցվածքային և բովանդակային առանձնահատկություններին:
Դասախոսության ավարտին տեղի է ունեցել քննարկում և հարցուպատասխան: Առաջարկվել է հրատարակել օրագրությունը՝ գիտական ծանոթագրություններով, ինչը հնարավություն կընձեռի ծանոթանալ Թելիրյանի կրթական մակարդակին, նրա լեզվամտածողությանը, գրական ոճին, հետցեղասպանական շրջանում հետտրավմատիկ հիշողությանը: