14.06.2025
Այս շաբաթվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվեցին երեք գիտական բանախոսություններ, որոնք ներկայացրեցին ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ՝ անդրադառնալով միջազգային իրավունքին, Հայոց ցեղասպանության պատմական, իրավական և մարդասիրական ասպեկտներին։
Հունիսի 7-ին բանախոսությամբ հանդես եկավ Ռեգենսբուրգի Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) գիտաշխատող և ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժնի հրավիրյալ ավագ գիտաշխատող, դ-ր Արթուր Սիմոնյանը։ «Միջազգային իրավունքի պատմության հետխորհրդային քաղաքականությունը» խորագրով բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային իրավունքի ձևավորման ու զարգացման հիմնական փուլերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետխորհրդային շրջանում դրա մեկնաբանություններին և կիրառման մեթոդաբանությանը։ Ա. Սիմոնյանը փաստեց, որ սովետական կարգի փլուզումից հետո իրավաբանական միտքը տարածաշրջանում հիմնականում որդեգրեց եվրոպակենտրոն մոտեցումներ՝ առանց դրանք համարժեք կերպով ներմուծելու տեղական իրավական մշակույթ և քաղաքական իրողություններ։ Այս մեթոդաբանական կախվածությունը, ըստ նրա, հաճախ հանգեցրել է իրավական համակարգերի միակողմանի արդիականացմանը՝ անտեսելով սովետական իրավական ժառանգության վերաիմաստավորման հնարավորությունները։
Հունիսի 11-ին բանախոսությամբ հանդես եկավ Կալիֆոռնիայի Դեյվիսի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ծրագրի հիմնադիր-տնօրեն պրոֆեսոր Քիթ Դեյվիդ Ուոթենպոն՝ “The Armenian Genocide and American Humanitarianism” («Հայոց ցեղասպանությունն ու ամերիկյան մարդասիրությունը») թեմայով։ Նա ներկայացրեց ԱՄՆ մարդասիրական արձագանքները Հայոց ցեղասպանության տարիներին՝ կենտրոնանալով հատկապես Մերձավոր Արևելքում իրականացված ծրագրերին, դրանց նպատակների և ներգրավված դերակատարների վրա։
Հունիսի 12-ին բանախոսությամբ հանդես եկավ Բազելի համալսարանի դոկտոր Աննիկա Թոռնեն, ում ելույթը վերնագրված էր “The Escape Route through Dersim during the Armenian Genocide” («Հայոց ցեղասպանության տարիներին Դերսիմով անցնող փրկության ճանապարհը»)։ Նա քայլ առ քայլ վերլուծեց, թե ինչպես այդ տարածաշրջանը դարձավ ապաստանի վայր հազարավոր հայերի համար: