11.12.2025
ՀՑԹԻ հավաքածուն համալրվել է նոր արժեքավոր նվիրատվությամբ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի կազմում արդեն ներառվել են Փարիզում հրատարակվող «Correspondance d’Orient» և «Mecheroutiette» ֆրանսերեն հանդեսների 1912, 1913 և 1914 թվականների բնօրինակ համարները։
Նվիրատուն թանգարան-ինստիտուտի լավ բարեկամ, դոկտոր Դիռկ Ռուդզանտն է (Նիդերլանդներ), որը Հայոց ցեղասպանության պատմության երկարամյա հետազոտող է։ Իր գիտական աշխատանքի ընթացքում նա ձեռք է բերել թեմային առնչվող նշանակալի նյութեր, որոնց մի մասը որոշել է նվիրաբերել ՀՑԹԻ գիտական ֆոնդերին։
Հանդեսները քաղաքական, պատմաքաղաքական, քաղաքացիական և տնտեսական ուղղվածություն ունեն։ «Mecheroutiette»-ը նաև Օսմանյան կայսրության՝ արմատական ուղղվածությամբ թերթ է՝ օսմանյան քաղաքական և տնտեսական շահերի, իրավական հարաբերությունների ու դրանց հանրային ներկայացման վերաբերյալ։
Այս հանդեսները գիտական և պատմաքաղաքական արժեք ունեն, քանի որ արտացոլում են ժամանակի գաղափարախոսական ու պատմական միջավայրը։
Ցեղասպանագիտության տեսանկյունից ևս դրանք բացում են ուսումնասիրական կարևոր հարթություն․ հանդեսներում հանդիպում են հայերին վերաբերող նյութեր, օսմանյան իշխանությունների քաղաքական դիրքորոշումներ, երիտթուրք առաջնորդների հայացքներն ու գործունեությունը ներկայացնող սկզբնաղբյուրային հրապարակումներ (օրինակ՝ «Բարեփոխումները և հայերը», «Թալեաթ բեյը և հայերը» և այլն), ինչպես նաև ժամանակի դերակատար անձանց թղթակցություններ։
Այս նվիրատվությունը մեծապես հարստացնում է ՀՑԹԻ գիտական ֆոնդերը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հետազոտողների և գիտնականների համար։