13.03.2026
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը
Դպրոց՝ Գառնու Ատոմի անվան համար 2 ավագ դպրոց, 9-րդ դասարան
Մարտի 13-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի է ունեցել դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Գառնու Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» վերնագրով դասախոսությունը: Շուշան Խաչատրյանը բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում բացված թուրքական որբանոցներին, որոնց հիմնական նպատակը հայ երեխաներին բռնի թրքացնելն էր: Նա ներկայացրել է թուրքական որբանոցներում տիրող կանոնները, պատժի ձևերը, անդրադարձել այդ որբանոցներում եղած մի քանի հայ որբերի հուշագրություններին՝ շեշտադրում կատարելով հայ երեխաների հայ մնալու պայքարին:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսին:
Այնուհետև ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր է նվիրել Գառնու Ատոմի անվան համար 2 ավագ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանային ցուցադրություններին: