14.06.2025
Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը հունիսի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նորանշանակ դեսպանին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Տիկին Լեսկա Բարոլինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանի ուղեկցությամբ ծանոթացավ մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի շրջանակներում քննարկվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ուրուգվայի դեսպանության միջև համագործակցության խորացման հնարավորությունները: