15.05.2026
Բանախոս՝ Շուշան Խաչատրյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ.
Թեմա՝ Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը
Դպրոց՝ Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 8-րդ դասարան
Մայիսի 15-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի է ունեցել դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2026 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ն հյուրընկալել էր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանի «Պայքար հայ մնալու համար. հայ երեխաների դիմադրումը բռնի թրքացմանը» վերնագրով դասախոսությունը: Շուշան Խաչատրյանը բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում բացված թուրքական որբանոցներին, որոնց հիմնական նպատակը հայ երեխաներին բռնի թրքացնելն էր: Նա ներկայացրել է թուրքական որբանոցներում տիրող կանոնները, պատժի ձևերը, անդրադարձել այդ որբանոցներում եղած մի քանի հայ որբերի հուշագրություններին՝ շեշտադրում կատարելով հայ երեխաների հայ մնալու պայքարին:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու բանախոսին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանային ցուցադրություններին: