17.07.2026
Հուլիսի 12-18-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվում է Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա կրթական ծրագիրը։ 2022 թվականից սկսած արդեն հինգերորդ անգամ իրականացվող այս ծրագիրը կազմակերպում է ամերիկյան «The Genocide Education Project» (GenEd) կազմակերպությունը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները ամերիկացի ուսուցիչների համար կարդում են դասախոսություններ, կազմակերպում շրջայցեր և քննարկումներ՝ նպատակ ունենալով խորացնել մասնակիցների գիտելիքներն ու ընկալումը Հայոց ցեղասպանության պատմության և դրա հետևանքների վերաբերյալ։
Կրթական ծրագրի ընթացքում անդրադարձ է կատարվել Օսմանյան կայսրությունում ցեղասպան միջավայրի ձևավորման, ցեղասպանության ժխտման և դրա ժամանակակից դրսևորումների, պատմական հիշողության կարևորության, ինչպես նաև հայկական մշակույթի և ինքնության պահպանման թեմաներին։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև մասնակիցների միջև փորձի փոխանակումը։ Ամերիկացի ուսուցիչները քննարկում են Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդները, կրթական նախագծերի մշակման հնարավորությունները և պատմական իրադարձությունների ներկայացման ժամանակակից մանկավարժական մոտեցումները։
Հինգերորդ տարին անընդմեջ իրականացվող այս ծրագիրը նպաստում է ՀՑԹԻ-ի և արտերկրի կրթական կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության և հիշողության մաս դարձնելու առաքելությանը։