19.05.2026
«Բացահայտիր ընտանիքիդ պատմությունը» նախագծի և «Արմատ և ծիլ» հետազոտաստեղծագործական մրցույթի մասնակիցներն ու մենթորներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Այցի շրջանակում նրանք լսեցին ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանի դասախոսությունը՝ «Այլ ժողովուրդների ցեղասպանություններ» թեմայով։ Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանություններին, դրանց պատմական հետևանքներին։ Թեհմինե Մարտոյանը խոսեց նաև 2014 թվականին եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին՝ ներկայացնելով տեղի ունեցած ողբերգական իրողություններն ու դրանց ազդեցությունը եզդի ժողովրդի կյանքի վրա։ Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ լսեցին դասախոսությունը, հարցեր ուղղեցին բանախոսին և մասնակցեցին քննարկմանը։
Այցի ընթացքում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներում: Հանդիպումը կրթական կարեւոր փորձառություն դարձավ աշակերտների համար՝ նպաստելով տարբեր ժողովուրդների ողբերգական պատմությունների ճանաչմանը։ Նման այցելությունները կարևոր դեր ունեն երիտասարդների կրթության, հետազոտական հետաքրքրությունների զարգացման և սեփական արմատների ճանաչման գործում։