19.05.2026
Մայիսի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված էսսեների մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքներն ամփոփող քառալեզու ժողովածուի շնորհանդեսը։ Մրցույթը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանը, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է, երբ երիտասարդ սերունդը հետաքրքրվում է իր ժողովրդի և նախնիների պատմությամբ։ Նա նշեց, որ ոգեշնչող է տեսնել, թե ինչպես են երիտասարդները ձգտում բացահայտել անցյալը և պահպանել Հայոց ցեղասպանության հիշողությունը։ Տնօրենը կարևորեց նաև ուրուգվայցի երիտասարդների մասնակցությունը։ Նա նշեց, որ դեռևս 1965 թվականին Ուրագվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը հումանիստական արժեքների, մարդու իրավունքների և պատմական արդարության նկատմամբ այդ երկրի ու նրա ժողովրդի նվիրվածության վկայությունն է։ «Այսօր, երբ աշխարհում հաճախ գերակշռում են սպառողական արժեքները, նման նախաձեռնություններով մենք կարևորում ենք մեր կյանքում ոգեղեն արժեքների դերն ու նշանակությունը»,-ընդգծեց Թաշչյանը:
Էսսեների մրցույթն առաջին անգամ անցկացվել էր անցած տարի Ուրուգվայում, իսկ այս տարի՝ նաև Հայաստանում։ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտները մասնակցել էին մրցույթին՝ ներկայացնելով գրավոր էսսեներ, տեսահոլովակներ և ամփոփիչ ելույթներ։ Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցների աշխատանքներն ընդգրկվել են հրատարակված քառալեզու ժողովածուում։
Մրցույթի հաղթողի ԱՄՆ այցի մասին՝
https://genocide-museum.am/arm/15.04.26.php: