21.08.2025
Օգոստոսի 5-ին «Պատմական նարատիվներ և արդի մարտահրավերներ. Հայաստանի մշակույթը, կրոնը և հասարակությունը» թեմայով աստվածաբանական ամառային ակադեմիայի՝ հայաստանյան ու Մյունսթերից, Թբիլիսիից (Վրաստան), Հալլեից, Լայպցիգից, Բեռլինից ժամանած մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Այցի շրջանակում ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, աստվածաբան, պ. գ. թ. Շուշան Խաչատրյանը կարդաց դասախոսություն՝ «Theology and the Armenian Genocide» թեմայով։ Նա ներկայացրեց ցեղասպանության աստվածաբանության հիմնական տեսությունները՝ անդրադառնալով հետևյալ խնդիրներին.
• Թեոդիցեան ու անտրոպոդիցեան և ցեղասպանությունը – թեոդիցեայի և անտրոպոդիցեայի տեսանկյունից՝ Սիրող, Բարեգութ և Ամենազոր Աստծո հանդեպ հավատի համադրումը չարի ու չարիքի, տառապանքի իրականության հետ, նաև «մարդ» հասկացության ընկալումների շուրջ եղած մարտահրավերները։
• «Կայենի համախտանիշ» – զոհաբերական մտածողության մեկնաբանություններ, որտեղ «այլի» զոհաբերումը/ոչնչացումը դառնում է «մենք»-ի ինքնությունը հաստատելու կամ վերականգնելու մեխանիզմ։
• Ցեղասպանական ապամարդացումը որպես աստվածաբանական մարդաբանության խնդիր – կրոնագիտական անդրադարձ քրիստանյաներին որպես «գյավուր» պիտակավորելուն, դիտարկումներ նորմարդացման, գերմարդացման, անդրմարդացման և հետմարդացման երևույթներին՝ աստվածաբանական դիտանկյուններից։
Այցի ավարտին մասնակիցները էքսկուրսիոն այցով շրջեցին թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրության սրահներում։