24.02.2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արժանացել է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի «Լավագույն թանգարան 2025» պատվավոր մրցանակին:
Սա մեր թիմի հետևողական աշխատանքի, գիտակրթական գործունեության և այցելուների նկատմամբ բարձրակարգ մոտեցման գնահատականն է: Շնորհավորում ենք թանգարանի մեր գործընկերներին, հատկապես էքսկուրսավարներին, որոնց մասնագիտական օրն է տեղի ունեցել մրցանակաբաշխությունը: Շնորհակալություն ենք հայտնում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիային վստահության և բարձր գնահատանքի համար:
Զբոսավարների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում այս տարի արդեն երրորդ անգամ ՊԶՀԱ-ն իրականացրեց «Հայ զբոսավարի ընտրություն 2025» մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՊԶՀԱ 100-ից ավելի անդամ-զբոսավարների շրջանում պարզ քվեարկության ձևաչափով, որի ընթացքում զբոսավարները՝ հիմնվելով իրենց փորձի և իրենց խմբերից ստացած հետադարձ կապի վրա, ընտրում են լավագույններին առաջարկված 8 անվանակարգերում։
Մրցանակաբաշխության նպատակն է խթանել զբոսաշրջության ոլորտում ծառայությունների որակի բարձրացումը, առանձնացնել և ոգևորել ոլորտում ծառայություններ մատուցող գործընկերներին, ապահովել առողջ գործընկերային փոխադարձ կապ զբոսավարների և ոլորտի այլ տնտեսվարողների միջև։
Միջոցառման շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 70-ից ավել գիրք շնորհավորական մակագրությամբ նվիրեց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամներին: