26.09.2025
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)
Դպրոց՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Սեպտեմբերի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2025 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» վերնագրով դասախոսությունը:
Նարինե Մարգարյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայ երեխաների կյանքի տարբեր դրվագներին՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, ձուլման վտանգից մինչև վերադարձ հայ ինքնությանը։ Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը:
Մատնանշվեց նաև Ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։ Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև Նարինե Մարգարյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ-ի ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: