28.04.2026
Էստոնիայի Ռիյգիկոգուի Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարգ Մարդիսալու-Կահարի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
Էստոնիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները, այդ թվում նաև էստոնացի միսիոներուհի Աննա Հեդվիգ Բյուլի:
Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պատվիրակության անդամներին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը: