31.10.2025
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ
Թեմա՝ Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում
Դպրոց՝ Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոց, 9-րդ դասարան
Հոկտեմբերի 31-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ կրթական ծրագրերի 2025 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ, գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանի «Նեմեսիս, վրիժառություն, պատժիչ գործողություն, թե՞ արդարադատության իրականացում» վերնագրով դասախոսությունը:
Գոհար Խանումյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշմանը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Բանախոսը հետաքրքիր փաստեր ներկայացրեց Նեմեսիսի կազմակերպիչների, անդամների, բուն գործողություններն իրականացրած հայ մարտիկների մասին: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը գրքեր նվիրեց Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 հիմնական դպրոցի գրադարանին։
Կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: