07.10.2026
Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Առնուվիլ և Սարսել քաղաքային իշխանությունների պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Քաղաքները գործընկերային կապեր ունեն Կոտայքի մարզի քաղաքների հետ։
Հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում էր Ռուասի Պեյ դը Ֆրանս համայնքի նախագահ Պասկալ Դոլը։ Պատվիրակությանը դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Պասկալ Դոլին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։