Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆԻԿՈՂՈՍ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՂՃԻ ՊԱՐՏՔԸ ՀԱՏՈՒՑԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ



Նիկողոս Գազանճյանը ծնվել է 1888 թ. Եդեսիայում (Ուրֆա): Հոր անունը Կարապետ էր, մոր անունը՝ Սառա, ուներ երկու եղբայր և երեք քույր: Գազանճյան ընտանիքն ավանդաբար զբաղվել է պղնձագործությամբ: Նիկողոս Գազանճյանի զավակների վկայությամբ՝ ընտանիքի նախահայրերը կրում էին Օրբելյան ազգանունը, սակայն ժամանակի ընթացքում «ոմանք կը դառնային Գազանճեան, ուրիշներ՝ Մեյխանաճեան, Չամիչեան, Եալըճեան, Պէրպէրեան եւն»/1/: Այս երևույթը Օսմանյան կայսրության հայերի շրջանում գոյություն ունեցած մոտեցում էր, որի համաձայն՝ հայերի ազգանունը հաճախ հիմնվում էր այն արհեստի անվանման վրա, որով զբաղվում էր տվյալ ընտանիքը/2/:

Հուշագրությունը գրի է առել 1920 թ.՝ դեպքերից կարճ ժամանակ անց: Հեղինակի վկայությամբ՝ հուշերը գրի առնելու ցանկություն ունեցել է դեռևս 1918 թ. զինադադարի նախօրեին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հետաձգվել է երկու տարով: Գազանճյանը պնդում է, որ հուշը գրի է առել իր «խղճի պարտքը հատուցանելու համար»: /3/ Սեփական փորձառությունը արձանագրելով ու դրա վերաբերյալ հիշողությունը պահպանելով՝ հեղինակը նշում է, որ հետապնդում է ազգօգուտ նպատակներ. «Ես ինծի չներեցի լուռ մնալ, այլ որոշեցի զանոնք համեստօրէն նկարագրել ապագայ սերունդի եւ պատմաբաններու [համար - ՆՀ]... Մեծ երջանկութիւն պիտի համարեմ եթէ ապագայ սերունդը կարդայ ու իր սրտին վրայ դրոշմէ իր նախնեաց Սրբազնագոյն ճակատամարտը, նաեւ ջանայ հետեւիլ անոնց ազատատենչ ուղիին: Այդ պիտի ըլլայ իմ վարձատրութիւնը»/4/: Այսինքն՝ հեղինակը կարծել է, որ անձնական պատմությունը գրի առնելով, ներդրում է ունենալու ազգային ողբերգության հիշողության պահպանման գործում:

Հուշագրությունը բաղկացած է հարյուրամյա հնությունից դեղնած հինգ տետրակից, որոնք պահպանվել են նրա ժառանգների մոտ: Վերջիններս՝ Ալիս, Կարպիս և Մանուել Գազանճյանները, իրականացնելով իրենց հոր կտակը, այն հայերեն տպագրել են Երևանում 2004 թ.: Հուշագրությունը մանրամասն տեղեկություններ է պարունակում 1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների, մասնավորապես Ուրֆայում տեղի ունեցած անցքերի վերաբերյալ:

Պատմությունը սկսվում է թուրքերի կողմից Ուրֆայում 1894 թ. իրականացված երկու իրարից անկախ ոճիրների մասին շարադրանքով: Խոսքը վերաբերում է թուրք ելուզակախմբի կողմից մի քանի օր տարբերությամբ երկու հայի նկատմամբ կիրառված բռնաբարության և սպանությանը դեպքերին /5/: Այնուհետև ներկայացնում է, թե ինչպես այդ նույն ժամանակ իր մորեղբայրը՝ Կարապետ Համալյանը (Ապտակահարը) միանալով Հնչակյան կուսակցությանը, Հալեպից գալիս է Ուրֆա և իր շուրջը հավաքում հայ երիտասարդներին: Շուտով նոր ոճիր է տեղի ունենում. 1895 թ. սեպտեմբերին, մի կիրակի օր՝ ժամերգությունից հետո, հայկական թաղի մեջ հայ եկեղեցու գանձապահ Պողոս Սարաֆյանը դանակահարվում է 12 թուրքերի կողմից: Նրանցից մեկին բռնելով՝ հայ երիտասարդները հանձնում են ոստիկանությանը: Սակայն շուտով պարզվում է, որ դա թուրքերի կողմից կազմված ծրագիր էր, որը նպատակ ուներ հրահրել հայերին: Ուստի պատահական չէ, որ ոստիկանները սվինով սպանում են այդ թուրքին հակահայ տրամադրությունները սաստկացնելու նպատակով: Այս ամենը կառավարությունը ծրագրել էր դեռևս շաբաթներ առաջ: Հետագա դեպքերը ավելի ու ավելի են հաստատում այդ ամենը: Թուրքերը բացում են բոլոր պահեստները, զինում պահեստայիններին և պատրաստվում հաջորդ օրը Ուրֆայի հայկական թաղամասի վրա հարձակվելուն: Այս իրավիճակում հնչակյանները ժողով են գումարում և որոշում զենքի միջոցով պաշտպանվել: Թուրքերը նախ հարձակվում են Ուրֆայի շրջակա հայաբնակ գյուղերի վրա, կողոպտում, սպանում և առևանգում այնտեղի խաղաղ հայ բնակիչներին: Այնուհետև թուրքերը հարձակվում են քաղաքի հայաբնակ շրջանի վրա: Խաբելով զինափաթում են հայերին, ապա հավաքում կառավարչատուն և իսլամանալու կոչ անում: Առաջնորդ Խորէն սրբազանի գլխավորությամբ ժողովուրդը առերես ընդունում է իսլամ: Սակայն դա էլ չի փրկում նրանց: 1895 թ. սկսվում է երկրորդ հարձակումը: Կոտորածի մեկնարկը տալիս է կրոնական Սեիդ Խալիլը: Վաղ առավոտյան խուժանը հավաքվել էր Ուլու Ճամի մզկիթում, եւ Սեիդ Խալիլ կրոնականն արտասանում էր իր գրգռիչ ճառը. «Օ՛ն, Գուրանը այսպէս կը հրամայէ. «Ով որ կեաւուր մը մեռցնէ, անիկա արքայութեան մէջ 40 յաւերժահարսեր պիտի ունենայ` իբրեւ վարձատրութիւն իր բարի գործին»: Ձեր փափաքը կատարուած է: Մեր սուլթանը ազատ կը ձգէ ձեզ, որ այս անօրէններուն հաշիւը մաքրէք ...»: /6/ Այս խոսքերի ներքո թուրք բաշիբզուկները հարձակվում են հայերի տների վրա: Նիկողոսը, ով այդ ժամանակ յոթ տարեկան էր, ահով ու սարսափով, հորը փաթաթված, տանիքից տանիք ցատկելով, կարողանում են պատսպարվել մի տան մեջ և փրկվել: Թուրք խուժանը հրկիզում է նաև հայոց եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել բազմաթիվ հայեր: Ըստ հեղինակի Ուրֆայի կոտորածի հետևանքով հայերի զոհերի թիվն կազմում է 6000 այր և 3000 կին և երեխա /7/:

Նիկողոս Գազանճեանը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաև 1915 թ. Ուրֆայի և Կարմուճ գյուղի ինքնապաշտպանության վերաբերյալ, ով ևս իր մասնակցությունն է ունեցել այդ ինքնապաշտպանություններում: Ինչպես նշում է հեղինակը Մեծ աղետից առաջ թուրքերը բավականին լարված էին հայերի դեմ: Բոլոր ոլորտներում հայերի առաջադիմությունը հարուցում էր նրանց նախանձը: Ուստի մարդասպան թուրքերը հարմար առիթի էին սպասում, որն էլ ընձեռեց Առաջին համաշխարհային պատերազմը: Պատերազմը հայտարարելուց հետո, սկսվում է զինվորագրություն, բռնագրավումներ և զենքերի հավաքում, խուզարարկություններ և ձերբակալություններ հայկական գավառներում: 1915 թ. ապրիլին ձերբակալում են Ուրֆայի հայ երևելինններին իրենց գրքերով և գրություններով: Այնուհետև ոստիկաններըը մտնում են Կարմուճ գյուղը և այնտեղ ևս ձերբակալություններ կատարում: Այսպիսով քաղաքական մթնոլորտը գնալով հասնում էր պայթելու աստիճանի: Այդ ժամանակ Մկրտիչ Յոթնեղբայրյանը, Հարություն Ռաստկելենյան և մի քանի հոգի ևս որոշում են, որ պետք է ինքնապաշտպանության դիմել: Կռիվները տեղի են ունենում Ուրֆայում և Կարմուճ գյուղում: Թուրք ոստիկանները պաշարում են Մկրտչի խումբը: Չնայած կռիվների ժամանակ Մկրտիչ Յոթնեղբայրյանը ոտքից ծանր վիրավորվում է, բայց շարունակում է պայքարը: Թուրքական հսկայական ուժերի դեմ հայերը կռվում էին սահմանափակ քանակի զենքերով: Հայ մարտիկները մինչև վերջին փամփուշտը կռվում և նահատակվում են: Հայկական թաղը ավերակույտի էր վերածվել: Իսկ Մկրտիչ Յոթնեղբայրյանը թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան է լինում: Հեղինակը, արաբների մոտ ապաստանելով, փրկվում է:

Ինչպես տեսնում ենք հուշագրությունը մեծ քանակությամբ տեղեկություններ է պարունակում 1895 թ. Ուրֆայի կոտորածների և 1915 թ. Ուրֆայի հայերի ինքնապաշտպանության մասին: Այդուհանդերձ, դրանում նկարագրվող շատ իրադարձություններ առկա են այլ աղբյուրներում ևս: Մյուս կարևոր փաստն այն է, որ հուշագրությունը հետագայում է գրի առնվել, իսկ դա նշանակում է, որ ժամանակն ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության առումով իր հետքը թողել է իրադարձությունների ներկայացման վրա /8/: Դա հատկապես ճիշտ է համիդյան կոտորածների պարագայում: Չնայած վերոնշյալին՝ հուշագրությունը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ուսումնասիրողների համար ողբերգական այդ իրադարձությունները զոհի կամ վերապրածի տեսանկյունից հասկանալու համար:

Նարինե Հակոբյան
«Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ» հիմնադրամի հայցորդ, Հայոց ցեղասպանության հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնի կրտսեր գիտաշխատող






Նիկողոս Գազանճյան


Ուրֆա քաղաքի համայնապատկերվ




Օգտագործված գրականության ցանկ

1. Նիկողոս Գազանճեան, Յուշագրութիւն Եդեսիոյ 1895-ի ջարդէն մինչեւ 1915-ի հերոսամարտը եւ Եղեռնը, Երևան: Զանգակ, 2004 էջ 6:
2. Նորա Էմմա Խաչերյանի մագիստրոսական ավարտաճառը նվիրված է նշված երևույթի քննությանը: Հեղինակը դա դիտարկում է որպես մշակութային փոխանակություն: Տե՛ս Nora Emma Khatherian, "Armenian Crafts in the Ottoman Empire: Cultural Exchange and Armenian Identity" (2015). USFSP Honors Program Theses (Undergraduate). 217. http://digital.usfsp.edu/honorstheses/217
3. Նիկողոս Գազանճեան, Յուշագրութիւն Եդեսիոյ 1895-ի ջարդէն, էջ 22:
4. Նույն տեղում, էջ 22,23:
5. Նույն տեղում, էջ 37-38:
6. Նույն տեղում, էջ 56:
7. Նույն տեղում, էջ 62:
8. Համիդյան կոտորածների ականատես-վերապրողների վկայությունների մասին տե՛ս Նարինե Հակոբյան, «Համիդյան կոտորածներն ականատես-վերապրողների վկայություններում», Ցեղասպանագիտական հանդես, 5 (1), 2017, էջ 7-31:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am