Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Պատմությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը


Հայոց ցեղասպանության հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, որոնք զոհ են գնացել Օսմանյան Թուրքիայի (Օսմանյան կայսրության) ողջ տարածքում երիտթուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967 թ. ի վեր, երբ ավարտվել է շինարարությունը, Հուշահամալիրը դարձել է Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի: Գտնվելով բարձունքի վրա և առանձնանալով ընդհանուր բնապատկերից` Հուշահամալիրը միևնույն ժամանակ կատարյալ ներդաշնակության մեջ է շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը ցեղասպանությունը վերապրած ազգի ոգին են փոխանցում:

Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք և բաղկացած է երեք հիմնական կառույցներից` Հուշապատ, Հավերժության տաճար՝ անմար կրակով, «Վերածնված Հայաստան» հուշասյուն:

Մինչև հուշահամալիրի հիմնական մաս հասնելը այցելուներն անցնում են 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից Հուշապատի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանց անուններն են՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս XV, Ջակոմո Գորինի, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս, Յոհաննես Լեփսիուս, Ֆրանց Վերֆել, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Հեդվիգ Բյուլ, Ֆայեզ ալ Ղուսեյն, Կարեն Եփփե, Յակոբ Կյունցլեր, Բոդիլ Բյորն, Մարիա Յակոբսեն, Ալմա Յոհանսոն, Կլարա Բարտոն:

1988-1990 թթ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղադրվել են խաչքարեր` ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1990-1992 թթ. Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհված հինգ ազատամարտիկ։

1995 թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Հուշահամալիրում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ճարտարապետներ` Սաշուր Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան, քանդակագործ` Ֆերդինանդ Առաքելյան), որի տարածքային տեղադրությունը չի խախտում ճարտարապետական համալիրի ներդաշնակությունը։

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը


Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ հատկապես ստալինյան բռնապետության տարիներին, հայ-թուրքական հակամարտության մասին խոսելու համար մարդիկ հետապնդվում էին, Մեծ եղեռնի և Արևմտյան Հայաստանի մասին բարձրաձայն արտահայտված մտքերը որակվում էին իբրև ազգայնականության դրսևորումներ ու պատժվում բանտարկությամբ, աքսորով, մինչև անգամ գնդակահարությամբ: Իրավիճակը սկսում է աստիճանաբար փոխվել 1950-ականների երկրորդ կեսից՝ խրուշչովյան «ձնհալի» քաղաքականության շնորհիվ Խորհրդային Միության հասարակական-քաղաքական կյանքում և տնտեսության մեջ ստեղծված որոշակի ազատականացման մթնոլորտով պայմանավորված։ Աստիճանաբար սկսում են ժողովրդին վերադարձվել ստալինյան բռնությունների զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունները, հրատարակվել տասնամյակներ առաջ ազգայնական և թշնամի հռչակված հայ դասական, այդ թվում նաև արևմտահայ հեղինակների երկերը: Հայ գրողների վերահրատարակությունները և նոր ստեղծագործությունները սկիզբ են դնում նոր թեմաների՝ տեղահանված ու միայն մասամբ փրկված ժողովրդի կյանքի ու ճակատագրի, կորուսյալ հայրենիքի նկատմամբ սիրո, կարոտի, նվիրումի: Մասնավորապես՝ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի ողբերգական կերպարը՝ իբրև հայ ժողովրդի անպատմելի ողբերգության հավաքական խորհրդանիշ, հանդես է գալիս 1959 թ. լույս տեսած Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմում, որը կարևոր դեր է ունենում Հայոց ցեղասպանության հիշողության արթնացման գործում:

Խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն առաջին անգամ պետական մակարդակով ոգեկոչվել է 1965 թ.։ Ցեղասպանության 50-ամյակի շրջանակներում մասնավորապես, սկսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ 1965 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 50-ամյակի հիշատակի միջոցառումների կազմակերպման և զոհերին նվիրված հուշահամալիրի կառուցման նախաձեռնողը հանրապետության այն ժամանակվա ղեկավարն էր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1960 թ. դեկտեմբերից) Յակով Զարոբյանը (1908-1980), որը տվյալ հարցում անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում։ Նա սեփական անձի և գերդաստանի ճակատագրով (1914 թ. ծննդավայր Արդվինից գաղթած և մեծ դժվարություններով Դոնի Ռոստով հասած, մինչև 1949 թ. Հայաստանից դուրս ապրած) զգացել էր Մեծ եղեռնի արհավիրքները: Աշխատելով Հայաստանում, սերտորեն շփվելով մտավորականության ներկայացուցիչների հետ՝ Յակով Զարոբյանը հրաշալի գիտակցում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակի հետ կապված հիշատակի միջոցառումների անցկացման կարևորությունը։

Հայոց ցեղասպանության 50-ամյակի ոգեկոչման և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման գաղափարը Յակով Զարոբյանի մեջ հասունացել էր 1965 թվականից դեռ շատ առաջ։ Նման ծրագրերի մասին նա մասնավորապես հայտնել էր լիբանանահայ գրող և հասարակական գործիչ Անդրանիկ Ծառուկյանի հետ 1962 թ. սկզբին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Գաղափարի կենսագործման համար Մոսկվայից թույլտվություն ձեռք բերելու ուղղությամբ Յակով Զարոբյանն ակտիվ աշխատանք է սկսում ՀԿԿ ԿԿ-ում 1964 թ. մարտին գաղափարախոսական ոլորտի աշխատակիցների և առաջատար պատմաբանների հետ տեղի ունեցած խորհրդակցությամբ, երբ նրանց առջև դրվում են անհրաժեշտ խնդիրներ։ Մասնավորապես Ծատուր Աղայանին, Հովհաննես Ինճիկյանին և Ջոն Կիրակոսյանին հանձնարարվում է առաջարկություններ նախապատրաստել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կազմակերպման և զոհերի հիշատակի հավերժացման համար։ 1964 թ. սեպտեմբերի 17-ին նրանք Հայաստանի կոմկուսի կենտկոմ են հանձնում 11 կետից բաղկացած իրենց առաջարկները «Հայերի զանգվածային բնաջնջման 50-րդ տարելիցի միջոցառումների անցկացման մասին» վերնագրով։ Տարվա ընթացքում Յակով Զարոբյանը Հայոց ցեղասպանության 50-ամյակի ոգեկոչման հարցը քննարկում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի, գաղափարախոսության գծով ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Միխայիլ Սուսլովի, ԽՄԿԿ ԿԿ քարտուղար Նիկոլայ Պոդգոռնու, ինչպես նաև ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչևի, ապա և նրան 1964 թ. հոկտեմբերի 14-ին փոխարինած Լեոնիդ Բրեժնևի հետ։

ԽՄԿԿ ԿԿ ուղարկվելիք նամակի առաջին տարբերակը՝ Հայոց ցեղասպանության 50-ամյակը նշելու և նրա զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կառուցելու առաջարկներով, ՀԿԿ ԿԿ-ն ընդունել է 1964 թ. նոյեմբերի 13-ին։ Նամակի լրամշակված տարբերակը հաստատվում է 1964 թ. դեկտեմբերի 13-ին և ապա ուղարկվում Մոսկվա։ Երեք առաջարկի մեջ էր հետևյալ կետը. «Երևանում կանգնեցնել կոթող՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմի հայ զոհերի հիշատակին: Կոթողը պետք է խորհրդանշի հայ ժողովրդի վերածնունդը»: «Կոթող» (օբելիսկ), այլ ոչ թե «հուշահամալիր» եզրի օգտագործումը և այն, որ խոսքը Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի և սոցիալիզմի օրոք ապրող ժողովրդի վերածննդի մասին էր, թեթևացնում էր Յակով Զարոբյանի գործը ԽՄԿԿ ԿԿ-ից հուշահամալիրի կառուցման վերաբերյալ թույլտվություն ստանալու հարցում։

1965 թ. փետրվարի 5-ին ԽՄԿԿ ԿԿ քարտուղարության նիստում քննարկվում են «1915 թ. հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումներ անցկացնելու մասին» հարցը և Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջարկները, սակայն հարցի կապակցությամբ որոշումն անմիջապես չի ընդունվում, քանի որ Քարտուղարության մի շարք անդամներ և նիստին հրավիրված որոշ անձինք առարկություններ ունեին։ Դրանք հիմնված էին ԽՄԿԿ ԿԿ երեք պրոֆիլային բաժինների, ԽՍՀՄ ԱԳՆ և ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի բացասական եզրակացությունների վրա։ Խնդրի կապակցությամբ դրական որոշումն ընդունվում է միայն Յակով Զարոբյանի մասնակցությամբ՝ հարցի լրացուցիչ քննարկումից հետո։

ՀԿԿ Կենտկոմի նախագահությունը 1965 թ. փետրվարի 15-ին հաստատում է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի որոշման նախագիծը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման մասին։ Բուն որոշումը՝ «1915 թ. եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնելու համար կոթող կառուցելու մասին», Հայկական ԽՍՀ մինիստրների խորհուրդն ընդունում է 1965 թ. մարտի 16-ին։ Որոշման համաձայն՝ Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի շինարարության և ճարտարապետության գործերի պետական կոմիտեին (Պետշին) հանձնարարվում է «հայտարարել կոթողի լավագույն նախագծի մրցույթ»՝ մեկ ամիս ժամկետով, իսկ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմին՝ «անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք կատարել»։ «1915 թ. եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի նախագծի» բաց մրցույթի պայմանները հրապարակվում են հանրապետական մամուլում 1965 թ. մարտի 25-ին։ Մասնավորապես նշվում էր, որ «կոթողը պետք է մարմնավորի հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան ու պայծառ ապագան»։

Մրցույթին ներկայացվում է 78 նախագիծ, սակայն դրանցից 9-ը չեն բավարարում մասնակցության ձևական պահանջներին։ Այսինքն՝ մրցույթին փաստացի մասնակցում է 69 նախագիծ. դրանք ներկայացված էին ծածկագրերով՝ առանց հեղինակների ազգանունների նշման։ Ստեղծվում է 13 անդամից բաղկացած մրցատյան՝ Պետշինի նախագահ, ԽՍՀՄ ճարտարապետության և շինարարության ակադեմիայի թղթակից անդամ Գրիգոր Աղաբաբյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովը հաշվի էր առնում իր ստացած 13 նամակներում քաղաքացիների արտահայտած ցանկությունները, Ճարտարապետների տանը բացված և ազատ մուտք ունեցող նախագծերի ցուցահանդեսի այցելուների կարծիքները, ինչպես նաև նախագծերի հասարակական քննարկման ընթացքում տեղի ունեցած ճարտարապետների հավաքում հնչած տեսակետները։

Մրցատյանի 1965 թ. մայիսի 10-ին տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ բաց քվեարկությամբ ընտրվում է 8 նախագիծ հետագա քննարկումների համար։ Երկրորդ նիստի ժամանակ որոշվում է ոչ մեկին առաջին մրցանակ չշնորհել, քանի որ նախագծերից և ոչ մեկն ամբողջությամբ չէր բավարարում մրցույթի պայմաններին։ Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են երկու նախագիծ։ Դրանցից մեկի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը, երկրորդինը՝ ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանը և քանդակագործ Ղուկաս Չուբարյանը։

Քանի որ ընտրված նախագծերից և ոչ մեկն ամբողջությամբ չէր բավարարում մրցույթի պայմաններին, հանձնաժողովն իր երրորդ նիստի ժամանակ առանձնացնում է երեք նախագիծ. դրանք, հանձնաժողովի անդամների կարծիքով, ներառում էին առաջ քաշված պայմաններին բավարարող մեծաքանակ առանձին տարրեր։ Այդ երեք նախագծի թվում էր նաև ճարտարապետներ Արթուր Թարխանյանի ու Սաշուր Քալաշյանի «ՀԽՍՀ դրոշակ» ծածկագրով նախագիծը, որն էլ վերջնական քվեարկությամբ հավաքում է մրցատյանի անդամների մեծ մասի ձայները։ Նրանցից մեկի՝ ՀԽՍՀ ճարտարապետների միության վարչության նախագահ Վարազդատ Հարությունյանի բնորոշմամբ, այն ուներ «պարզ ու հասկանալի լուծում… Խոնարհված խաչքարաձև քարերը խորհրդանշում են սուգը զոհվածների հիշատակին, իսկ վերասլաց կոթողը՝ վերածնունդ»։

Սկսվում է հուշահամալիրի շինարարությունը, որի նախահաշվային արժեքը կազմում էր 776.800 ռուբլի։ Շինարարությունն իրականացնում է Երևանի «Քիմշին» շինարարական տրեստը (Երքիմշինտրեստ)։ Շինարարության անմիջական ղեկավարը տրեստի թիվ 9 շինարարական վարչության տեղամասի պետ Արտուշ Օրդուխանյանն էր։ Նրա ղեկավարած կոլեկտիվն աշխատում էր մեծ ոգևորությամբ և պատասխանատվության բարձր գիտակցմամբ։ Խորհրդանշական է, որ հուշահամալիրի գլխավոր շինարարը ծնվել էր 1915 թ. ապրիլի 24-ին։

Հուշահամալիրի շինարարությունն ավարտվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ երկուսուկես տարում։ Հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1967 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 47-ամյակին, և հանրապետությունում դառնում է նշանակալից հասարակական-քաղաքական իրադարձություն։ Երևանի և հարակից շրջանների մի քանի հազար բնակիչների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում հուշահամալիրի հանդիսավոր բացմանը մասնակցում են հանրապետության ղեկավարներ Անտոն Քոչինյանը, Նագուշ Հարությունյանը, Գեորգի Տեր-Ղազարյանցը, Ռոբերտ Խաչատրյանը, Լյուդվիգ Ղարիբջանյանը. Յակով Զարոբյանը 1966 թ. փետրվարին ազատվել էր ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարի պաշտոնից և աշխատանքի էր նշանակվել Մոսկվայում։ Միջոցառումը հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվում է ողջ հանրապետությամբ: Երթը հուշահամալիր շարունակվում է մինչև ուշ գիշեր։

1968 թվականից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին հարյուրհազարավոր մարդիկ այցելում են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Տարվա ընթացքում հուշահամալիր են այցելում մի քանի հարյուր հազար մարդ, այդ թվում՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պաշտոնական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։







 

 

 



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am