|
Թիվ 79/P. –A
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ,
30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1915Թ.
ՀԱՅԵՐԻ ԱՔՍՈՐՈՒՄԸ ԴԵՊԻ
ՓՈՔՐ ԱՍԻԱՅԻ ԽՈՐՔԵՐԸ.
ԿՈՄՍ ՏՐԱՈՒՏՄԱՆՍԴՈՐՖԸ ԲԱՐՈՆ ԲՈՒՐԻԱՆԻՆ
Այն բոլոր լուրերը, որոնք հայկական կողմից են ծագում Փոքր Ասիայի խորքերից այստեղ են ներթափանցում, հաղորդում են չլսված գազանությունների մասին, որ տեղի են ունենում հայերին աքսորելու առնչությամբ: Կարելի էր համաձայնվել, որ այդ լուրերը իրենց աղբյուրները նկատի ոռնելով չափազանցված կարող էին լինել, սակայն ցավոք դրանք իրենց հաստատումն են գտնում այստեղի բանկերի և մասնաճյուղերի զեկուցագրերով, վերադարձած գերմանացի սպաների և այլոց ցուցումներով:
Ականատեսները պատմում են սահմռկեցուցիչ տեսարանների մասին, որոնք տեղի են ունենում հայերով բնակեցված գյուղերի էվակուացման ժամանակ: Նույն իմաստով զեկուցում են Դամասկոսում և Տրապիզոնում գտնվող հյուպատոսության մեր ծառայողները: Տղամարդիկ մեծ մասամբ կոտորվել են, կանանց և երեխաներին ջրի գնով վաճառել են թուրքերին: Նրանք, որոնք դեպի երկրի խորքերն են ճանապարհվել, հասան իրենց նպատակակետին մեկ տասներորդից ավելի նվազ թվաքանակով, քանզի ճանապարհին զրկանքների, հիվանդությունների և հյուծվածության պատճառով մահացել են: Այսօր արդեն չի կարելի ժխտել, որ թուրքերը անկասկած պետական դավաճանության և կոչերի բազում անգամ արծարծված դեպքերը, որպես առիթ են օգտագործել, որպեսզի հայ ցեղը բնաջնջելը իրագործեն, ինչը, թվում է, նրանց մեծ մասամբ հաջողվել է: Թալեաթ բեյը ասում էր ինձ վերջերս անձամբ հայտնի գոհունակությամբ, որ օրինակ, Էրզրումում հազիվ թե այլևս հայ մնացած լինի: Բոլոր լուրերը համընկնում են այն իրողությամբ, որ հայերի դեմ կառավարության նորերես գործադրած միջոցառումները անհամեմատ ավելի շատ մարդկային կյանքեր խլեցին, քան Աբդուլ Համիդի կոտորածները...
ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՌԵՅԽՍԿԱՆՑԼԵՐ
ՊԱՐՈՆ ՖՈՆ ԲԵԹՄԱՆ-ՀՈԼՎԵԳԻՆ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՊԱԼԱՎԻՉԻՆԻԻ ԱՎՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐ ՕՏՏՈԿԱՐ ՉԵՐՆԻՆԻՆ 1917Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՀՂԱԾ ԳՐՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՈՐՈՇ ՆՈԹԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
Դիրաբեքիրի վիլայեթ. Ուրֆայի մերձակայքում Վերեն-Շահիրում, որը մի փոքր քաղաք է` 1400 հայ ընտանիքից և 140 ասորի ընտանիքից բաղկացած բնակչություն ունի, 400 ընտանիք ամբողջապես աքսորվել է ամառվա սկզբին, բոլոր տղամարդիկ սպանվել են: Հարուստ ընտանիքները կանանց ու երեխաների հետ միասին բնաջնջվել են:
Սևերեկում բոլոր տղամարդիկ սպանվել են, կանանց ու երեխաներին` ընդհանուր առմամբ 300 ընտանիք, աքսորվել են: Հակոբականների մեծ թվով գյուղերի բնակչությունը սպանված է:
Դիարբեքիրի մերձակայքում գտնվող քաղդեացիների չորս գյուղի (բնակիչներ) նույնպես իրենց քահանայով հանդերձ սպանվել են:
Մարդինում. այս քաղաքի բոլոր հայերն իրենց արքեպիսկոպոսով և 10 քահանայով հանդերձ աքսորվել են, իսկ այնուհետև ճանապարհին սպանվել...
...Սղերդի թեմը. քաղաքում կար 450 հայ ընտանիք, 120 քաղդեացիների ընտանիք, հակոբականների 30 ընտանիք, բոլորը կողոպտվել, կոտորվել կամ աքսորվել են... Ուրֆայում. Ուրֆան, երբեմն Եդեսիան` Աբգար արքայի մայրաքաղքը, ավելի դաժան ճակատագիր է ունեցել: Երեք անգամ քրիստոնյաները, որոնց թիվը 25000-ից ավել էր, կողոպտվեցին, կոտորվեցին և դաժանությամբ կտտանքների ենթարկվեցին, այնուհետև քաղաքի թաղամասերը հրետակոծվեցին և ավերվեցին: Նրանց եպիսկոպոսն ու քահանաները` երևելի քաղաքացիներով հանդերձ, մոտ 500 անձ բանտ նետվեցին սպանվելուց առաջ, հետո աքսորվեցին, ինչպես ասում են, դեպի Դիարբեքիր, սակայն ճանապարհին նրանց սպանել են: Այժմ հազարավոր որբ-ստրուկներ գտնվում են մահմեդական ընտանիքներում: Այս թշվառներից շատ-շատերը Ուրֆայի փողոցներում սովամահ են լինում: Ուրֆայի մահմեդականները կառավարության հետ անձամբ մասնակցել են կոտորածներին, նրանք կողոպտել են քրիստոնյաների ամբողջ ունեցվածքը:
Հայաստանը, Քրդստանը և Միջագետքի մեծ մասը դարձել են բարբարոսական և սահմռկեցուցիչ տեսարանների թատերաբեմ: Ջրամբարները, հովիտները, անձավները լցվել են դիակներով: Եփրատի և Տիգրիսի հոսանքները շաբաթներով շարունակ տանում էին նեխած դիակներ: Այս վայրերում ճամփորդները հանդիպում են քաղաքից քաղաք և գյուղից գյուղ թափառող հայերի և քաղդեացիների, որոնք իրենց քաղաքներից և գյուղերից վտարված են, գիշերում են բացօդյա, ենթարկված են ամառվա տապին և ձմեռվա ցրտին: Նրանք բոլորը դատապարտված են սարսափելի մահվան:
Քրիստոնյաների ճակատագիրը Թուրքիայի այլ մասերում շատ անորոշ է: Նրանք մշտապես ենթակա են սպանվելու սպառնալիքին:
|