Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

1920 թ․ օգոստոսի 4 – Կիլիկիայի անկախության հռչակման ակտի ընդունման օր


04.08.2022


Petrosyans

Ադանայի Հայոց ազգային միության անդամները, 1920 թ.
1920 թ․ օգոստոսի 4-ին Ադանայի Հայոց ազգային միությունը, Կիլիկիայում գործող հայկական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները և քրիստոնյա համայնքների ղեկավարներն ընդունում են Կիլիկիայի անկախության հռչակման ակտը։

Համաձայն փաստաթղթի՝ Կիլիկիան հայտարարվում էր ֆրանսիական մանդատի ներքո Թուրքիայից անկախ երկիր՝ օժտված «տեղական ինքնավար քրիստոնյա վարչությամբ»։ Փաստաթղթի ընդունման հիմնական նպատակը Կիլիկիայի տարածքի՝ թուրքական տիրապետության տակ վերադարձը կանխելն էր։

Կիլիկիահայությունը, արևմտահայության այլ հատվածների հետ միասին, ցեղասպանության տարիներին ենթարկվել էր տեղահանության և կոտորածի: Օսմանյան կայսրության՝ Առաջին աշխարհամարտում պարտությունը, Կիլիկիայի տարածք ֆրանսիական զորքերի մուտքը և այնտեղ ֆրանսիական վարչության հաստատումը թույլ են տալիս եղեռնից մազապուրծ եղած կիլիկիահայերից շատերին վերադառնալ հայրենիք։ Հայրենադարձված կիլիկիահայերը փորձում են ինքնակազմակերպվել և վերականգնել նախաեղեռնյան բնականոն կյանքը: Հայերը հույսեր էին փայփայում ներառել Կիլիկիան ապագա միացյալ հայկական պետության կազմում կամ ֆրանսիական ընդհանուր հովանու ներքո հայկական ինքնավարություն ստեղծել։ Սակայն Փոքր Ասիայում հետզհետե թափ հավաքող քեմալական շարժումը, օգտվելով ֆրանսիացիների ոչ վճռական կեցվածքից, 1920 թ. սկզբներից զինված գրոհներ է նախաձեռնում Կիլիկիայի վրա: Հայերը փորձում են պատնեշ ստեղծել թուրքական գործողությունների դեմ ՝ ինքնապաշտպանական մարտեր ծավալելով Մարաշում (1920 թ. հունվար), Հաճընում (1920 թ. փետրվար), Այնթապում (1920 թ. ապրիլ) և այլ վայրերում։

1920 թ. գարնանն ու ամռանը ուրվագծվում են Սևրում ստորագրվելիք Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի՝ Կիլիկիային վերաբերող դրույթները, համաձայն որոնց թուրքական տիրապետության տակ պետք է վերադարձվեին Ադանան, Սիսն ու Մարաշը։

Կիլիկիայում գործող հայկական կուսակցություններն ու կառույցները այս գործընթացներին պատասխանում են Կիլիկիայի անկախության հռչակմամբ։

Ակտի ընդունումից հետո ստեղծվում է Միջքիստոնեական արտակարգ խորհուրդ, որի ներկայացուցիչները հանձնում են հռչակագրի տեքստը Կիլիկիայում ֆրանսիական վարչության ղեկավար, գնդապետ Էդուարդ Բրեմոնին։ Օգոստոսի 5-ին խորհուրդը ստեղծում է Կիլիկիայի ժամանակավոր կառավարություն՝ Կիլիկիայում Միացյալ Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Միհրան Տամատյանի գլխավորությամբ, որը Կիլիկիայի անկախության հռչակագրի ընդունման հիմնական նախաձեռնողն էր։ Կիլիկիայի ժամանակավոր կառավարության կազմի մեջ ընդգրկվում են հայ կաթոլիկ և բողոքական, ինչպես նաև հույն և ասորի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները։

Նույն օրը՝ օգոստոսի 5-ին, հայ ոստիկաններն ու Հայկական լեգեոնի զինվորները Ադանայի կառավարչատնից հեռացնում են վալիին և թուրք մյուս պաշտոնյաներին՝ ապահովելով ժամանակավոր կառավարության անդամների մուտքը։ Քիչ անց կառավարչատուն են գալիս ֆրանսիական զինվորական իշխանության ներկայացուցիչները, որոնք պահանջում են Միհրան Տամատյանից ու ժամանակավոր կառավարության մյուս անդամներից հեռանալ շենքից։ Տամատյանի բոլոր պնդումները, որ իրենց գործողությունները դեմ չեն ֆրանսիական շահերին, անտեսվում են։ Այն բանից հետո, երբ Տամատյանը վճռականորեն մերժում է կատարել ֆրանսիացիների հրամանը, զինվորական ուժերի ուղեկցությամբ շենք է ժամանում ինքը՝ գնդապետ Բրեմոնը, որը Տամատյանից նույն մերժողական պատասխանը ստանալուց հետո զինվորական ուժի գործադրմամբ կառավարչատնից դուրս է հանում նրան և Կիլիկիայի ժամանակավոր կառավարության այլ անդամներին։

Ադանայում հայտարարվում է պարետային ժամ, արգելվում են ցույցերն ու հավաքները։ Ֆրանսիական իշխանությունները չեն ձերբակալում Տամատյանին, սակայն խզում են կապերը հայ հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ որպես հայ ժողովուրդը ներկայացնող միակ պաշտոնական մարմին ճանաչելով միայն հայկական եկեղեցական կառույցները։

Օգոստոսի 5-ից հետո ժամանակավոր կառավարությունը մի քանի նիստեր է գումարում` չդիմելով, սակայն, գործնական քայլերի։ Օգոստոսի 6-7-ի նիստերում մարմինը որոշում է․ ա) հանդարտություն պահպանել և ֆրանսիացիների հետ որևէ միջադեպի տեղիք չտալ և բ) շահել ֆրանսիական իշխանությունների համակրանքն ու վստահությունը։ Այս որոշումն ընդունելուց հետո մարմինը փաստացի լուծարվում է։ 1920 թ․ աշնանը ֆրանսիական իշխանությունները ցրում են Ադանայի Հայոց ազգային միությունը, Հայկական լեգեոնի ուժերը, ինչպես նաև Կիլիկիայից արտաքսում են հարյուրավոր «հրահրող» հայ գործիչների՝ պարտադրելով կիլիկիահայությանը լուռ սպասել և համակերպվել իր ապագայի հետ կապված որոշումներին։

1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագիրը մերժվում է Թուրքիայի քեմալական կառավարության կողմից։ Ընկրկելով քեմալականների գրոհների առաջ՝ ֆրանսիացիներն ի վերջո ստիպված են լինում տեղի տալ նրանց պահանջներին: 1921 թ. հոկտեմբերի 20-ին Անկարայում ֆրանս-թուրքական առանձին պայմանագիր է ստորագրվում, որով Կիլիկիայի և հյուսիսային Միջագետքի տարածքը, բացառությամբ Ալեքսանդրեթի սանջակի, վերջնականապես հանձնվում է քեմալական Թուրքիային: Կիլիկիայից հեռացող ֆրանսիական զորքերի հետ միասին երկրամասը թողնում է նաև հայ և քրիստոնյա այլ ազգաբնակչությունը: Կիլիկիան հայաթափվում է:

Կիլիկիայի անկախության հռչակման 1920 թ․ օգոստոսի 4-ի ակտը քեմալականների հակահայկական ցեղասպանական գործողությունների պայմաններում իր հայրենիքում ապրելու իրավունքի իրացման համար կիլիկիահայության պայքարի հիշարժան դրվագներից մեկն է։ Այն կարելի է և պետք է դիտարկել որպես Հայոց ցեղասպանության տարիներին հայկական դիմադրության և ինքնապաշտպանական գործողությունների մաս՝ արժանի ուսումնասիրողների և լայն հանրության ուշադրության։

Ստորև ներկայացնում ենք Կիլիկիայի անկախության հռչակման օգոստոսի 4-ի ակտի ամբողջական տեքստը։ Փաստաթղթի բնագիրը ֆրանսերեն լեզվով է, գոյություն ունեն դրա արևմտահայերեն թարգմանության մի քանի տարբերակներ։ Մենք օգտագործել ենք Շ․ Թ․ Թորոսյանի «Կիլիկիայի հայերի ազգային-ազատագրական շարժումները 1919-1920 թթ․» աշխատությունում ներկայացված արդի ուղղագրությամբ տարբերակը (էջ 245-249)` որոշակի խմբագրումներով։

Ստորագրյալներս, Կիլիկիո բոլոր Քրիստոնյա հարանվանությանց պաշտոնական մարմիններու և իշխանությանց ներկայացուցիչները, ներկայիս կը հայտարարենք․

Նկատելով, որ մեծ պատերազմին իբր իրավունք Կիլիկիան գրավվեցավ դաշնակից ուժերու կողմե և թե Կիլիկիո մեջ ֆրանսական գրավումն ու վարչությունը պահպանվեցան ամբողջ զինադադարի տևողությանը,

Նկատելով, որ ամբողջ այս ժամանակամիջոցին թուրքերը չդադրեցան երկրին խաղաղությունն ու անդորրությունը խանգարելե, ներմուծելով մահ, ավեր, արհավիրք, որով և անոնք հայտնորեն բռնաբարեցին իրենց հանձնառությունները և զինադադարը:

Նկատելով, որ իրենց այս կացությունը մեր կրոնակիցներուն արժեց կյանքը տասնյակ հազարավորներու, որ ֆրանսական արյունն ևս միաժամանակ հոսեցավ առատորեն մեր մարտիրոսներուն հետ:

Նկատելով, որ Թուրքիո հետ հաշտության նախօրյակին իսկ, մեր բազմաթիվ քաղաքները դեռ սպառնալիքի տակ կը գտնվին, ըլլալով պաշարված կամ ռմբակոծումի ենթարկված՝ արյունարբու խուժանին կողմե, որը կազմակերպված է նույն ինքն թուրք իշխանությանց աչք խփելովը, և որ թուրք իշխանությունները՝ ինչպես միշտ անկարող պիտի ըլլան սանձել այս տեսակ ըմբոստություններ ու բարբարոսություններ, թե իսկ հոժարեին առ այն։

Նկատելով, որ խաղաղության շրջանին իսկ, դեռ երկար ատեն մենք պիտի շարունակենք ապրիլ պատերազմական վիճակի մը մեջ, որը վերջ պիտի գտնե մի միայն ֆրանսական քաջարի զորքերուն կողմե ձեռնարկված կանոնավոր գործողությանց շնորհիվ, և որոնք միշտ անվերապահ օժանդակությունը պիտի վայելեն քրիստոնյա բնակչությանց՝ որոնց արժեքավոր պաշտպանությանը իր մասնակցությունը բերած է ֆրանսական զինուց հաջողություն,

Նկատելով, որ այն պահուն իսկ, երբ պատրաստելու վրա ենք սույն հայտարարությունը, այս երկրին հին տերերուն գնդակները կճարճատեն մեր գլուխներուն վերևեն, և որ այս միևնույն կացությունը կտիրե նաև Տարսոնի և Մերսինի մեջ,

Նկատելով, որ անըմբռնելի է, արտաքին աշխարհի մեջ կնքված խաղաղություն մը, որ ոչ մեկ ուշադրություն կը դարձնե այս կացության վրա,

Նկատելով, որ Կիլիկիո 275 000 քրիստոնյաներ, սերտորեն միացած եղբայրական զգացումներով, շահերու նույնությամբ, թուրքի հանդեպ իրենց նողկանքով, իսկ Ֆրանսայի հանդեպ իրենց ունեցած համակրությամբ, առանց նույնիսկ պետք զգալու ոգեկոչել անիծյալ անցյալի այն սարսռազդեցիկ հիշատակները, որոնք լի են ջարդերով, տեղահանություններով, անարգանքի և խոշտանգումի բոլոր տեսակներովը, անոնք հպարտ են ընկրկած չըլլալուն համար բոլոր ճնշված ազգերու անկախությունը կերտող ոչ մեկ զոհողության և ճիգի առջև, այլ ընդհակառակը, անոնք կրնան մեջ բերել իրենց ի նպաստ այն փաստը, թե պատերազմի ընթացքին և զինադադարի երկար ու տառապալից շրջանին, փրկանքներու ամենասուղն ու ամենասոսկալին մատուցած են,

Նկատելով, որ Կիլիկիո քրիստոնյա հասարակությունները վճռապես հայտնած են թե թրքական տիրապետության պիտի չհանդուրժեն, և այս հայտարարությունները եղած են ու կրկնված են ամեն առիթով՝ ամերիկյան երկու քննիչ հանձնախումբերու անթեքի ատեն, ինչպես նաև ֆրանսական իշխանության մոտ եղած բոլոր դիմումներևով,

Նկատելով, մանավանդ որ, վերջին մարտ 31-ի և մայիսի 15-ի բոլոր համաձայնական
[Անտանտի- Ռ․Թ․] պետությանց և խաղաղության համաժողովին ուղղված իրենց հավաքական բողոքներովը, ինչպես նաև ատկե ետք ալ ըրած իրենց բոլոր դիմումներովը, որոշակի իմացուցած են թե իրենք ոչ մեկ կիսամիջոցե, արվեստական կարգադրություններե և խորթ ու անհարազատ լուծումներե պիտի չխաբվին, և թե իրենց կորովի վերջին թափով բողոքած են խաղաղության դաշինքի այն ծրագրին դեմ որ պատմական, ցեղագրական, ռազմագիտական, տնտեսական տեսակետներով մեկ և անբաժանելի Կիլիկիան՝ երկու արվեստական հատվածներու բաժնելով, մին՝ ֆրանսական Սուրիո, իսկ մյուսը՝ Թուրքիո կը տրամադրե,

Նկատելով, որ մինչև վերջին վայրկյան չստացվեցավ հավաստիքը, թե` իրենց պահանջները ընդունված են, թե` խաղաղության դաշինքը պիտի բարեփոխվի, ինչպես որ պետք է, թե` իրենք նույնիսկ այսօր, խաղաղության դաշինքին կնքումի վաղորդայնին, լքված են ամենեն անձկալից անորոշության,

Նկատելով, որ ժողովուրդները, զորս իրենք կներկայացնեն, վստահալից սպասումե մը վերջ` հանդեպ Դաշնակիցներուն արդարադատության, պիտի դատապարտվին ամենեն դառն հուսախաբության, եթե Խաղաղության Խորհուրդին վերջնական որոշումները չպսակեն իրենց օրինավոր պահանջները և իրենց ամենեն թանկագին հույսերը, այդ պարագային սույն Հայտարարությունը ստորագրող ներկայացուցիչները, չկարենալով պետք եղածին պես պատասխանել իրենց պատկան ժողովուրդներուն ցանկությանց, անոնք խմբովին պիտի ըմբոստանան, ընդդեմ այդ հրեշային փորձին, եթե կըսենք, Կիլիկիո մեջ վերահաստատվի թրքական վեհապետությունը և վարչությունը,

Նկատելով միանգամայն, թե ներկա շփոթ կացությունը և անիշխանական վիճակը մասամբ մը արդյունք են տեղական թուրք վարչության անդամալուծման, և որ չէ այլևս, եթե ոչ անվանական կառավարություն մը, և թե այս պայմանաց մեջ միմիայն անհրաժեշտ իշխանությամբ օժտված տեղական իշխանություն մը կրնա ամենուն ալ հարգանք և վստահություն ներշնչելով, փրկել երկիրը անիշխանութենե և լիակատար ավերումե:

Հիմնվելով բոլոր այս պատճառաբանությանց և վերոհիշյալ մարտ 31 և մայիս 15 թվակիր երկու հիշատակագիրներով մանրամասն իրավանց, փաստերու և նկատողությանց վրա, որոնց տրամաբանական հետևանքն է ներկա ակտը, և հիմնվելով մանավանդ ժողովուրդներու ինքնորոշման անկապտելի իրավունքին վրա, որը կը բղխի ֆրանսական հեղափոխության անմահ սկզբունքներեն,

Մենք հանդիսավորապես կհայտարարենք Կիլիկիան, սկսյալ այս օրվանեն, ազատ երկիր մը` բոլորովին անկախ Թուրքիայեն, օժտված տեղական ինքնավար քրիստոնյայ վարչությամբ մը` զետեղված Ֆրանսայի հոգատարության տակ: Կիլիկիո հողամասերուն Օսմանյան նախկին կայսրութենեն այս անջատումը մենք կըմբռնենք նույնքան կատարյալ և վերջնական և այն միևնույն ձևովը, ինչպես` Հայաստանը, Սուրիան, Պաղեստինը, Միջագետքը և Արաբիան:

Իրագործելու և պահպանելու համար այս անկախությունը` թշնամին մեր դուռներեն վտարելու և մեր պաշարված քաղաքները փրկելու համար, վերակազմելու համար այդ քաղաքները և գրավված շրջանները, և ազատելու համար մեր քրիստոնյա եղբայրները իրենց գերութենեն, մենք պատրաստ ենք ամեն կարգի զոհողություններու, մենք այս երկրին հոգատար Ֆրանսայի ծառայության տակ կդնենք մեր ժողովուրդներուն բոլոր կենդանի ուժերը:

Հատվածները, դավանությունները, համայնքները, քրիստոնյա ցեղերը, մենք ամենքս միացած ենք միևնույն նվիրական նպատակին համար:

Ձեռք ձեռքի տված պիտի աշխատինք երկրին բարոյական, մշակութային և տնտեսական վերականգնումին համար՝ Ֆրանսայի հովանիին տակ։ Մեր բաղձանքն է Կիլիկիան դարձնել Եվրոպայի շարունակությունը, քաղաքակրթության և հառաջադիմության նոր կենտրոն մը ուր բնիկ իսլամ ցեղերը պիտի վայելեն հավասարապես թուրք կառավարության օրոք իրենց անծանոթ բարգավաճում, ազատություն ու ապահովություն ու պիտի փառք տան Թուրքիայեն իրենց բաժանման այսօրին։

Անկախությունը Ֆրանսայի հոգատարության տակ, բացարձակ պայմանն է Քրիստոնեից գոյության` այս երկրին մեջ: Մենք նախապատիվ պիտի սեպենք մեռնիլ, քան ընդունիլ ուրիշ լուծում:

Վստահ ենք` թե մեծանձն և ասպետական Ֆրանսան, ավանդական պաշտպանը Արևելքի Քրիստոնեից, պիտի գնահատե մեր պահանջած արդարութունը, թե ան պիտի բարեհաճի ճանչնալ մեր այս անկախությունը` առնելով զայն իր պաշտպանության տակ:

Կեցցե՛ անկախ Կիլիկիան:
Կեցցե՛ Կիլիկիո հոգատար Ֆրանսան:

4 օգոստոս, 1920 թ.

Ստորագրությունք՝

Ամբողջական Հայաստանի Ներկայացուցիչ՝ Մ. Տամատյան
Ատանայի Հայոց Առաջնորդ՝ Գ. Վրդ. Արսլանյան
Առաջնորդ կաթոլիկ հայոց՝ Հ․ Ֆ․ Քեքլիկյան
Նախագահ Հայ Ազգային միության՝ դոկտոր Մնացականյան
Քարտուղար հայ ազգային միության՝ Վ․ Ժամկոչյան
Հույն համայնքի պատվիրակներ՝ Ա․ Սիմեոնօղլու, դոկտոր Ճ․ Տափեիտիս և Պարպուր
Օրթոդոկս ասորիներու Ազգային կոմիտեի նախագահ՝ Ժան
Կաթոլիկ քաղդեացիներու պատրիարքական փոխանորդ՝ Թյուֆենկճի
Կաթոլիկ սուրիացիներու պատրիարքական փոխանորդ՝ հայր Ֆիլիպոս։




Ռոբերտ Թաթոյան
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.


Օգտագործված գրականություն

1. Աւետիս Եափուճեան, Հայ ժողովուրդին անկախութեան պայքարը Կիլիկիոյ մէջ 1919-1921 թթ. (Գահիրէ, 1977)։
2․ Բիւզանդ Եղիայեան, Ատանայի Հայոց պատմութիւն։ Պատմագրական, եղեռնագրական, ազատագրական, մշակութային, ազգագրական, վաւերագրական, ժամանակագրական (Անթիլիաս, 1970)։
3․ Շ․ Թ․ Թորոսյան, Կիլիկիայի հայերի ազգային-ազատագրական շարժումները 1919-1920 թթ․ (Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1987)։
4․ Ռ․ Գ․ Սահակյան, Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919-1921 թթ․ (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1970)։






Ալեքսանդրիայում հրատարակվող «Արեւ» թերթի 1920 թ. օգոստոսի 20-ի համարը
«Կիլիկեցւոց պատմական յիշատակագիրը» խորագրով



Կիլիկիայում Միացյալ Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, Կիլիկիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Միհրան Տամատյան



Կիլիկիայում ֆրանսիական վարչության ղեկավար, գնդապետ Էդուարդ Բրեմոն


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am