Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանությունը ռուս զինվորի աչքերով


1914թ. դեկտեմբերին -1915թ. հունվարին Սարիղամիշի ռազմական գործողության ընթացքում ռուսական Կովկասյան բանակը գլխովին ջախջախեց ռազմական նախարար Էնվերի հրամանատարության ներքո գտնվող օսմանյան 3-րդ բանակին և կասեցրեց թուրքերի առաջխաղացումը դեպի Կարս: Զարգացնելով հաջողությունը` 1915թ. մարտի վերջին ռուսական բանակը մաքրեց թուրքերից Հարավային Աջարիան և ամբողջ Բաթումի մարզը, իսկ հարավային ուղղությամբ առաջ ընթացավ 100 կմ:

Հաղթական առաջխաղացումը դեպի Թուրքիայի խորքը, լայնածավալ տարածքի զբաղեցումը և ռազմական փառքի քաղցր զգացողությունը տարածվեց ռուսական զորքերի շարքերում: Թվում էր՝ թուրքական կոմպանիան կարող էր դառնալ Ռուսաստանի պատմության երջանիկ էջերից մեկը:

Բայց զուգահեռաբար, ինչ-որ տարօրինակ, ինչ-որ սարսափելի և աներևակայելի բան էր կատարվում: Կոտորած էր իրականացվում՝ ողջ ժողովրդի անխիղճ ոչնչացում, որը նախաձեռնվել էր Ստամբուլի կողմից: Ամենուրեք ռուսական զինվորը հանդիպում էր կանանց ու երեխաների դիակների և ոսկորների մնացորդների:

Ռուս կազակներն ու զինվորները, գնալով նահանջող թուրքական բանակի հետքերով, հանդիպում էին միայն խոշտանգված դիակների և այրված տների: «Կենդանի մնացած քչերը, – ինչպես իր հուշերում նկարագրում էր Կուբանի կազակական սպա Ֆյոդոր Ելիսեևը, – արցունքները աչքերին համբուրում էին ռուս փրկիչների ձիերի ասպանդակները»:

Առաջին իսկ օրերից ռուս զինվորները և սպաները դարձան թուրքերի և քրդերի դաժանությունների և գազանությունների ականատեսները:

Թուրքական ճակատի իրադարձությունների մասին ռուս զինվորները պատմում էին իրենց նամակներում՝ մանրամասն նկարագրելով հայ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերի իրականացրած սարսափելի տեսարանները: Այդ նամակները Թուրքիայում Հայոց ցեղասպանության ականատեսների առաջին գրավոր վկայություններն էին: Ռուս զինվորին ամենից շատ ապշեցնում էր դաժանությունը, որով ոչնչացվում էր հայ բնակչությունը:

«Թուրքական ճակատում գտնվելու ժամանակ, սույն թվականի հունվար ամսից Թուրքիայից Պարսկաստան և հակառակն արշավանքների ընթացքում, մի քանի անգամ ստիպված եղա տեսնել դժբախտ հայերի տանջանքների սարսափելի պատկերները: Մեր զինվորների հետ մղած մարտերում իր հաճախակի անհաջողություններից գազազած թուրքական բանակը զոհ դարձրեց անպաշտպան հայերին: Եվ թե ինչպիսի տվայտանքների էին ենթարկում այդ մարդկանց: Հայերի դեմ դավերի հարցում թուրքերը կանգ չեն առնում և ոչ մի սարսափելի միջոցի առաջ՝ ենթարկելով նրանց որքան հնարավոր է մեծ, դանդաղ տառապանքների: Նրանք չեն խղճում ոչ միայն տղամարդկանց և կանանց, այլև երեխաներին:

Պատահաբար կենդանի մնացած հայուհիները պատմում են հայերին տանջելու հետևյալ մեթոդների մասին. «Ոչնչացման համար նախասահմանված ընտանիքին դուրս էին բերում գյուղից, ուր մոր և հոր աչքի առաջ կտրում էին իրենց երեխաների մարմնի մասերը և դեռ կենդանի երեխաներին գցում խոր հեղեղատը կամ այրում խարույկի վրա: Շատ մայրեր, անկարող լինելով իրենց երեխաների այդպիսի տանջանքների ականատեսը լինել, նետում էին իրենց կրակի մեջ՝ անմեղ զոհերին արագ դուրս քաշելու նպատակով, այրում սեփական ձեռքերն ու դեմքը. այդ մայրերին թուրքերը հենց այդտեղ վառում էին, իսկ ամուսիններին դանդաղ մահվան տանջանքների ենթարկում:

Վանա լճից արևմուտք գտնվել է մի հսկայական հեղեղատ՝ լցված հայերի մերկ դիակներով: Դիակների այս ամբողջ զանգվածի միջից օգնություն էր աղաղակում մի վիրավոր հայուհի, ով չէր կարողանում ազատվել, քանի որ իր ոտքերը մնացել էին իրար վրա թափված դիակների տակ: Իսկ երբ կազակներն ազատում են նրան, նա առաջին հերթին, նշաններով խնդրում է հագեցնել իր ծարավը և թարգմանչի միջոցով բացատրում, որ այդ հեղեղատում 800 սպանված հայ կա: Շատ կոզակներ առանց արցունքների չէին կարողանում լսել հայուհու պատմությունը, թե ինչպիսի պայմաններում էին սպանվում այդ մարդիկ : 1915թ. մայիսին ռուսական զորքը մոտեցավ Վանին: Քաղաքը գրեթե մեկ ամիս գտնվում էր պաշարման մեջ: Քաղաքի հայերը, չցանկանալով իրենց անմեղ սպանված հայրենակիցների ճակատագրին արժանանալ, քաղաքի հայկական թաղամասի բոլոր մուտքերը պատնեշեցին բարիկադներով և հաջողությամբ հետ մղեցին թուրքական 12.000-անոց կանոնավոր բանակի գրոհը:

Սակայն հուլիսի կեսերին ռուսական բանակը Վանից հանելու մասին որոշում էր ընդունվել: Տեղական իշխանությունը՝ Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, և հայկական կամավորական ջոկատների հրամանատարները դիմեցին ճակատի հրամանատարությանը Վանում մնալու և բնակչությանը պաշտպանելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում ստացան: Քաղաքի հայ բնակչությունը նահանջեց բանակի հետ միասին: Վանը հանձնվեց թուրքերին առանց մարտի:



Թուրքական զորքերի կողմից կենդանի այրված հայերը
Շեյխալան գյուղում, 1915 թ.
Լուսանկարը արվել է ռուս զինվորականների կողմից
Այդ օրերին Արտաքին գործերի նախարար Ս. Դ. Սազոնովը Պետդումայում նշում է. «Փետրվարի 3-ին ընկավ Էրզրումը: Մեր քաջարի զորքն առաջ է գնում, հաղթահարելով դժվարին խոչընդոտները: Վանից մերոնց նահանջին հետեւելով՝ թուրքերը տասնապատկեցին իրենց դաժանությունները հայերի նկատմամբ: Ես արդեն նախկինում հիշատակել եմ այս դժբախտ ժողովրդի անասելի տանջանքների մասին: Դաշնակից Գերմանիայի բարեհաճ աչքի ներքո թուրքերը, ինչպես տեսնում ենք, մտադիր էին իրականացնել մուսուլմանական զանգվածների ազդեցությանը չենթարկվող եւ այդ կերպ թուրքական կայսրությունը տնտեսապես և քաղաքականապես իրեն ենթարկելու գերմանական ծրագրերի համար արգելք հանդիսացող հայ բնակչության ամբողջական ոչնչացման իրենց հեռահար երազանքը:

Շուտով ռուսական բանակը նորից գրավեց Վանը, որն արդեն դատարկ ու ավիրված քաղաք էր:

Ռուսական բանակի գեներալ Ա. Պ. Կուլեբյակինը Վանի երկրորդ գրավման օրերին գրում է. «Ես Վանում էի 1915թ. նոյեմբերից մինչև 1916թ. մարտը: Անասելի ծանր տրամադրություն է բերում այդ իսպառ կործանված, մահով հագեցած վայրը...»:

Նամակների և հիշողությունների հետ մեկտեղ ռուսական բանակի զինվորները թողել են նաև լուսանկարներ, որոնք Արևմտյան Հայաստանի սարսափելի իրադարձությունների հազվադեպ լուսանկարային փաստաթղթեր են:

«Կավկազսկոյե սլովո» ամսագրի 1917թ. հունվարի 22-ի համարում ներկայացված են կովկասյան սակրավոր գումարտակի հրամանատարներից մեկի՝ գնդապետ Զ.-ի վկայությունները. «Օ. գյուղի մոտ, Մուշ քաղաքի շրջանում, Եփրատի հենց ափով պատահաբար անցնում էի դեռ նախորդ գարնանը և ամենևին չէի մտածում, որ երբևէ կընկնեմ այդ վայրերը…»:

Եվ ես իմացա սարսափելի իրողություն այն մասին, թե ինչպես թուրքերը շրջապատեցին գրաված գյուղը, քշեցին բոլոր, տառացիորեն բոլոր տղամարդկանց, փոքրիկ տղաներին ներառյալ, կամրջի վրա՝ ամենամեջտեղում, և այնուհետև հրացանի կոթերով և սվինների հարվածներով սկսեցին նետել այդ դժբախտներին ջրառատ Եփրատը…:

… Այդ ժամանակ կանանց ու երեխաների մասին Ս-ում ես այդպես էլ ոչինչ չիմացա: Նրանց ճակատագրի մասին իմացա չորս ամիս անց, օգոստոսին: Եվ ահա թե ինչպես. «Ս-ում հայտնվեցի այդ ժամանակ արդեն ոչ պատահաբար: Հրամայված էր այդ գյուղում որոշ ինժեներական աշխատանքներ կատարել: Եվ մենք գործի անցանք: Այլ աշխատանքների թվում մենք պետք է տարբեր նպատակների համար ամրացնեինք և հարմարեցնեինք որոշ մառաններ: Առաջինից, որից էլ սկսեցինք, մնացել էին միայն անտաշ քարից պատերը. ոչ պատուհան կար, ոչ դուռ և ոչ էլ տանիք: Պատերն ունեին 20 քայլ երկարություն և տասը քայլ լայնություն»:

Հենց որ իմ զինվորները գործի անցան, անմիջապես զարմացան, որ մառանում հատակն անսովոր փխրուն է, հաստատ վարած...: Սկսեցին փորել... և առաջին գանգը, հետո մյուսը: Երբ ինձ այդ մասին զեկուցեցին, ես հրամայեցի փորել որքան հնարավոր է զգույշ և մեկ երկու օր հետո մենք ամբողջ արտաքին շերտը հանեցինք:

Այն, ինչ մենք տեսանք, այնքան սարսափելի էր, որ ամեն ինչի սովոր զինվորները երկար րոպեներ լուռ կանգնած մնացին:

Պատերի ողջ երկայնքով, մեկը մյուսին շատ մոտ մարդկային կմախքներ տեսանք, ծածկված կիսաքայքայված, բայց ամեն դեպքում բավականին պահպանված հագուստով, այնքան պահպանված, որ գունավոր զգեստներ հագած կմախքները զարհուրելի տպավորություն թողնեն, թե իբր հանգուցյալները քնած են տարբեր դիրքերով, սկսած հանգիստ վիճակից մինչեւ, ջղաձգության աստիճանի հասնող տառապանքից կոտրված դիրքի:

Պարզվեց, որ այդ սարսափելի բեկորները կանանց և երեխաների գանգերն ու կմախքներն էին: Ես լուսանկարեցի մեր գտած բոլոր ոսկորները…»:

«Ինքը՝ գյուղը, ես արդեն ասել եմ, գտանք կիսավեր վիճակում: Հայկական եկեղեցին, ամենայն հավանականությամբ, բավարար գեղարվեստական ճարտարապետությամբ, վերածված է աղբակույտի, և ժամանակին աղյուսից և ցեմենտից կազմված, որոշներն էլ գեղարվեստորեն երեսպատված առանձին քարաբեկորների: Ընդհանրապես, հայկական տաճարների նկատմամբ թուրքերն առանձնակի բարբարոսական մոտեցում են ցուցաբերում, առանձնահատուկ վայրենություն: Եվ դա ամենուրեք է: Մուշում ընդամենը մեկ եկեղեցի էր մնացել և որովհետև նրանում հանգրվանել էր թուրքական ալյուրի պահեստը: Սրբապատկերներն ամենուրեք և միշտ աղտոտված էին և պղծված ամենաբարբարոսական կերպով: Թուրքը հաստատ ուզում է աշխարհի վրայից մաքրել ամեն հայկականը…»:

Այս հուշերն ու նկարները փաստաթղթերի ու վկայությունների ընդամենը մի փոքրիկ մասն են կազմում այն բոլոր սարսափների, որոնց հետ առիթ է ունեցել բախվելու Արևմտյան Հայաստանում ռուս զինվորը: Տարածքը, որի վրա հազարամյակներ շարունակ հանգրվանել և զարգացել է հայկական քաղաքակրթությունը, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին գործնականորեն, ամայացել էր: Մեկ ու կես միլիոն հայ ծրագրած և սառնասրտորեն ոչնչացվեց, իսկ կենդանի մնացած քչերը ցրվեցին աշխարհով մեկ: Աշխարհն առաջին անգամ բախվեց մի երևույթի հետ, որի համար դեռ անուն չէր հորինվել և որը, արդյունքում, անվանվեց Ցեղասպանություն: Բախվեց, բայց մնաց անտարբեր: Առջևում XX-րդ դարն էր, դար, լի այլ ցեղասպանություններով:

Սուրեն Մանուկյան, պատմական գիտությունների թեկնածու



Տարածել





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am