Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀՑԹԻ-ՈՒՄ.
ԻՏԱԼԱՑԻ ՎԱՆԱԿԱՆ ՍԱԼՎԱՏՈՐԵ ԼԻԼԼԻԻ ԵՐԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ


15.11.2022


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունիս ամսին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից արխիվային պահպանության համար ստացավ նյութերի տրցակ՝ բաղկացած հիմնականում իտալերենով փաստաթղթերից: Ինչպես հաղորդվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության ուղարկած կից գրության մեջ, արխիվային նյութերն Իտալիայում ՀՀ դեսպան տիկին Ծովինար Համբարձումյանին է հանձնել իտալաարաբական «Ասադակահ» ընկերության հիմնադիր պրն Թալալ Խրաիսը։ Ըստ պրն Խրաիսի՝ նշյալ արխիվային նյութերը հայտնաբերել է աղյուսագործ Սալվատորե Գարգանոն Օրիոլո Ռոմանոյի (Լացիոյում (մսնվ.՝ Վիտերբո) գտնվող կոմունե) մենաստանի[1] վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Սույն արխիվային նյութերը ծագումով իտալացի Սալվատորե Լիլլիին՝ ֆրանցիսկյան վանական, մարտիրոսության հանգամանքները քննելու և ապա՝ Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգը դասելու համար հավաքված պատմական փաստաթղթերի փաթեթ է:

Նյութերը բաղկացած են պատմական գրառումներից, հայր Սալվատորեի մեկ նամակից՝ ուղղված ժամանակի քահանայապետ Պիոս IX-ին (1846-1878 թթ.), տարբեր հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, նաև Սալվատորե Լիլլիի նահատակության հանգամանքները քննող վկայությունների գրառումներից ու վկաների լուսանկարներից։ Դրանցում Սալվատորե Լիլլին, որպես ականատես, նաև նկարագրում է Օսմանյան կայսրության՝ հայ բնակչության դեմ իրագործած բռնաճնշումները։

Սալվատորե Լիլլին՝ Վինչենցո և Անունցիատա Լիլլիների որդին, ծնվել է Կենտրոնական Իտալիայի Աբրուցցո շրջանի Լ’Ակվիլա պրովինցիայի Կապադոչա կոմունեում (Comune di Cappadocia) 1853 թ․ հունիսի 19-ին և նույն օրն էլ մկրտվել է՝ Սան Բիաջիո (իմա՝ Սուրբ Վլաս, նահատ.՝ 316 թ.՝ Սեբաստիայում) հայազգի մարտիրոսի անունը կրող ծխական եկեղեցում։ Երիտասարդ տարիքում՝ 1870-1871 թթ. դառնում է ֆրանցիսկյան միաբան: 1873 թ․ որպես միսիոներ մեկնում է Փոքր Ասիա, նշանակվում է Մուջուկդերեսիի հոգևոր առաջնորդ։ 1895 թ․ նոյեմբերի 19-ին սպանվում է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից: Տևական ժամանակ տեղի ֆրանցիսկյան միաբանությունը սպառնալիքներ էր ստանում զինվորական իշխանության պարագլուխների կողմից: Նրանց ներկայությունը տարածքում այնքան վտանգավոր էր դարձել, որ իր նամակներից մեկում հայր Սալվատորեն Մարաշի իր պաշտոնակցին՝ հայր Դիոնիսիոյին ուղղված մի նամակում խնդրում է օգնություն՝ որևէ կերպ իրենց անվտանգությունն ապահովելու միջոցներ ձեռնարկելու համար: Հայր Սալվատորեն քանիցս լսել էր, որ ֆրանցիսկյան կրոնավորների ու վանքի սպասավորների՝ վանքը լքելու հրամանի հետևում թաքնված էր նրանց՝ ճանապարհի որևէ հատվածում ծածուկ վերացնելու նպատակը: Ի վերջո նպատակն իրագործվում է. գնդապետ Մազհար բեյը բանակ է դնում Մուջուկդերեսիի մոտակայքում ու մտնում վանք: Հայր Սալվատորեն խնդրում է վերցնել այն ամենը, ինչ պետք է, միայն թե կենդանի թողնել մարդկանց: Այս խոսքին ի պատասխան հրամանատարը պատասխանում է. «Միայն քո կյանքը առնելու եկա»: Սկսում են կտտանքների ենթարկել հայր Սալվատորեին, վիրավորում են ազդրը, ապա կրկնաբար առաջարկում իսլամանալ նրան ու նրան չլքելու որոշում կայացրած ուղեկիցներին, որոնք հիմնականում վանքի սպասավորներ էին, և որոնց թուրքերը պարանով կապված որոշել էին տեղափոխել Մարաշ: Բոլորը հրաժարվում են ուրանալ քրիստոնեությունն ու ընդունել իսլամ:

Հայր Սալվատորե Լիլլիի և նրա ուղեկիցների նահատակության մասին խոսում է Զեյթունի ապստամբության պատմությունը գրող հաճընցի հնչակյան գործիչ Աղասին (Կարապետ Թուր-Սարգիսյան, 1871-1941)՝ դրան նվիրելով իր գրքի ԺԶ. գլուխը՝ 8 էջ[2]: Աղասին Սալվատորե Լիլլիի նահատակությունը նկարագրում է հետևյալ կերպ. «Մազհար պէյ, զօրքերով անցած էր Քիւրսիլի գետակը հետիոտն, կարճ ճամբով: Այդ երկու գետակներուն մէջտեղը, ուր կար երկու տուն տաճկի, Խըռլագեանի ջրաղացին մօտ, հրաւիրած է Հայր Սալվատորը մահմետականութիւնն ընդունիլ. անիկա մերժած էր: Մազհար Պէյ հրամայած էր. զօրքերը սպաննած էին զայն իր հայ ընկերներով եւ դիակները վրայէ վրայ դիզելով վառած էին: Մարտիրոսի աղջիկ տասնամեայ Մարիամ, զոր թուրքեր սպաննած չէին, ցոյց կու տայ այդ վայրը ….»[3]:

Հայր Սալվատորե Լիլլիի նահատակության հանգամանքների մասին մենք վկայություններ գտանք նաև Վատիկանի գաղտնի արխիվի փաստաթղթերում, որտեղ մասնավորապես ասվում է, որ նա նահատակվել է Ենիջեքալեում՝ Մարաշի մոտակայքում գտնվող մի վայրում: Փաստաթղթերից մեկում Մերձավոր Արևելքում նշանակված պապական նվիրակ Հենրի Վիկտոր Ալթմայերին ուղղված, 1896 թ. հունվարով թվագրված մի նամակում հայր Դիոնիսիո դ’Ալբանոն մասնավորապես հայտնում է, որ հայր Սալվատորեն հայերի նկատմամբ իրականացվող համիդյան ջարդերի ամենածանր ժամանակահատվածում նախընտրեց չհեռանալ իր հոգևոր առաջնորդության տակ գտնվող համայնքից, որ այդ փորձություններով լի շրջանում հավատացյալներին ցուցաբերեր անհրաժեշտ հոգևոր ու նյութական օգնություն[4]:

1982 թ․ հոկտեմբերի 3-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը Սալվատորե Լիլլիին ու նրա հետ նահատակված յոթ ուղեկիցներին դասում է Կաթոլիկ եկեղեցու երանելիների կարգի մեջ, իսկ հիշատակի օր սահմանվում է նոյեմբերի 19-ը: Փաստացիորեն ՀՑԹԻ-ին հանձնվածը Սալվատորե Լիլլիի երանացման համար տասնամյակներով (ամենավաղ թվագրվողը՝ 1894 թ. հոկտեմբերի 10-ով, ամենաուշը՝ 1944 թ. մայիսի 22-ով՝ սկսած նրա անձնական նամակից ու նահատակությանն անմիջապես հաջորդող շրջանից) կազմված փաստաթղթերի մի դոսյե է՝ բաղկացած 208 թերթից և, մեր դասակարգմամբ, 24 առանձին միավորներից՝ տարբեր տարիներով թվագրված իտալերեն, ֆրանսերեն, լատիներեն ու հայատառ թուրքերեն նյութերից:





La Missione Francescana di Terra Santa nei recenti casi d'Armenia, 1896.
Սուրբ Երկրի Ֆրանցիսկյան առաքելությունը Հայաստանի վերջին դեպքերի շուրջ, 1896:



Հայր Սալվատորեի մարտիրոսության հանգամանքների շուրջ կազմված նյութերից մեկի առաջին էջը՝
“Relazioni sul Martirio del R. P. Salvatore da Cappadoccia” վերտառությամբ



Իտալիայի Աբրուցո շրջանի Կապադոչա կոմունեի համայնապատկերը





Շուշան Խաչատրյան, պ.գ.թ.,
ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ


Ծանոթագրություններ

[1] Հավանաբար Սանտ'Անտոնիո Պադովացու անունը կրող մենաստանի:

[2] Աղասի, Զէյթուն եւ իր շրջակաները, տպարան Շիրակ, Հաննէսեան եղբ., Պէյրութ, 1968, էջ 239-247:

[3] Նույն տեղում, էջ 244-245:

[4] Տե՛ս La Questione Armena, Vol. 1, 1894-1896. Documenti dell’Archivio Segreto Vaticano (ASV), a cura di Georges-Henri Ruyssen SJ, Edizioni Orientalia Christiana, Valore Italiano/Lilamé, pp. 243, 263, 264, 267, 285, 315.



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am