Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՅՈՀԱՆՆԵՍ ԷՀՄԱՆ. ՆՐԱՆ ԿՈՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՐԻԿ
ՈՐԲԵՐԻ ՓՐԿՈՒՄ, ԱՊԱՍՏԱՐԱՆ, ՏԱՐՀԱՆՈՒՄ


22.11.2017


Ehman

Յոհաննես Էհմանը ծնվել է 1870 թ. նոյեմբերի 20-ին՝ Վուրթեմբերգ քաղաքում, Գերմանիա: Ստացել է մանկավարժական և հոգեբանական կրթություն: 1894-96 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացվող համիդյան կոտորածներից հետո Գերմանիայում սկիզբ է առնում հայանպաստ շարժում և ձևավորվում է «Հայաստանի օգնության Գերմանական միություն»-ը (հուլիս, 1896թ.): Որպես ՀՕԳՄ-ի առաջին ներկայացուցիչներ ուսուցիչ Յոհաննես Էհմանը, բժիշկ Հեռլեն և գյուղատնտես Մաքս Ցիմմերը 1896 թ. վերջին մեկնում են Օսմանյան կասրություն: 1897 թ. սկզբին գերմանացի առաջին միսիոներները ժամանում են Թուրքիա: Ուսուցիչ Էհմանն իր միսիոներական առաքելության համար կենտրոն է ընտրում Մեզրեն, որը գտնվում էր Խարբերդից 5 կմ հարավ-արևմուտք և 1878 թ. ի վեր Խարբերդի նահանգի վարչական կենտրոնն էր(1): 1914-ին Մեզերեի բնակչության թիվը հասնում էր 16 000-ի, որի կեսը հայեր էին:

Մեզրեում էհմանը վարձակալեց երկու շենք՝ իր միսիոներական առաքելությունն սկսելու համար: Լինելով հմուտ մանկավարժ, Էհմանը հասկանում էր, որ տեղի բնակչության հետ հաղորդակցվելու, բարքերն ու սովորույթները ճանաչելու համար անհրաժեշտ է տիրապետել հայերենին: Ուստի նա ձեռնմուխ եղավ հայերեն սովորել Եփրատի քոլեջի պրոֆեսոր Ա. Մելքոնից, որն ավարտել էր Բազելի (Շվեյցարիա) միսիոներական դպրոցը:

Համիդյան կոտորածներից հետո Օսմանյան կայսրությունում մեծ թիվ էին կազմում անապաստան հայ որբերը, որոնց մի մասի խնամքն ու դաստիարակությունը հանձն առան իրագործել օտարերկրյա միսիոներական առաքելությունները (ամերիկյան, շվեյցարական, գերմանական և այլն): Ուստի նա անմիջապես ձեռնմուխ եղավ որբահավաք գործին: Արդեն 1898 թ. աշնանը Մեզրեի կայանում ապաստան էին գտել 280 երեխա. գործում էին արհեստանոցներ, պոլիկնինիկա և դեղատուն: Մեզրեի կայանի մեջ էին մտնում նաև մոտակա Հուսեյնիկ և Փերճենչ գյուղերի ենթակայանները (ընդհունուր առմամբ 9 շենք): Կայանի հիմնադիրները Էհման ամուսիններն էին: Որբանոցներում՝ արական և իգական, երեխաները բաժանված էին խմբերի՝ «ընտանիքների»: Յուրաքանչյոր ընտանիք ուներ իր «մայրիկը»՝ որբանոցի աշխատակիցը, որն իրականացնում էր մայրիկի գործառույթները: Էհմանը մեծապես կարևորում էր որբերի կրթության և դաստիարակության գործում հայ աշխատակիցների դերը՝ իր սաների հայեցի դաստիարակության համար:

Գերմանական որբանոցներում մեծ ուշադրություն էին դարձնում կրթությանն ու դաստիարակությանը: Այս կապակցությամբ որբանոցի աշխատակից Հայկազուն Արամյանը հիշում է.

«Կարգապահութիւնն ապահովելու համար հարկ չկար պարտադրանքի: Հաստատութիւնները սկզբէն որդեգրեր էին կարգապահական առողջ և մարդավայել սկզբունք մը, կոչ ընելով սաների ինքնաթելադրանքին և ինքնակառավարութեան: Որբ էին, բայց արժանավոր մարդ: Դասերու պահերէն դուրս պարապոյ ժամերը յատկացուած էին խաղերու: Հեռ Սօմմըր ներմուծած էր ֆութպոլը»:

Էհմանի նախաձեռնությամբ Մեզրեում հինվում է նաև բարձրագույն կրթական հաստատութուն՝ ուսուցչանոց: Այստեղ սովորում էին կայսրության տարբեր բնակավայրերից՝ Մուշից, Վանից, Մարաշից և այլն, եկած պատանիներն ու աղջիկները: Ուսուցչանոցի սաներն ուսանում էին 4 տարի, իսկ սանուհիները՝ 2 և ավարտելոց հետո գործուղվում էին աշխատելու հաստատության որոշած դպրոցում:

Էհմանն ամուսինները (Յոհաննես Էհմանը 1898 թ. ամուսնացել էր Հելեն Ռեիֆկոլլի հետ. նրանք ունեին 4 երեխա) Խարբերդում մտերմիկ հարաբերություններ ունեին ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսի, դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի, ամերիկացի բժիշկներ Հերբերտ և Թեյսի Աթկինսոնների հետ (2):

Անդրադառնալով Խարբերդում գերմանական միսիոներական առաքելության գործունեությանը նախքան Առաջին աշխարհամարտը, Յո. Էհմանը գրում է. «1914 –ին, երբ հաստատութիւնը տիրացած էր վեց որբանոցներու, երկու փառաւոր դպրոցներու, հիւանդանոցի, երկաթագործի, կօշկակարութեան, դերձակութեան խանութներու, սեփական փուռի, եւ կ՛սպասէինք նորանոր գործունեութիւններու, չարագոյժ դէպքեր եկան վերնիվայր ըրին ամէն բան»:

1915-ին, երբ երիտթուրքերն իրագործեցին հայերի տեղահանությունն ու կոտորածները, Էհմանը, որպես Թուրքիային դաշնակից երկրի ներկայացուցիչ՝ եղավ «դժոխային տեսարաններու ականատես վկան»:Փորձելով օգտագործել Գերմանիայի դաշնակցային հարաբերությունները Թուրքիայի հետ, էհմանը քանիցս նամակներ է գրել Գերմանիայի դեսպան Վանգենհայմին, ապա նրան փոխարինած Հոհենլոհեին, ցանկանալով կանխել հայերի տեղահանությունը:

Խարբերդում հայությանն աքսորից և վերահաս մահվանից փրկելու համար էհմանը համագործակցում էր ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսի և սակավաթիվ այլ օտարեկրացիների հետ: 1915 թ. հուլիսի 23-ին Էհմանը, Լ. Դևիսը, Բանկ Օտտոմանի տեղական մասնաճյուղի ավստրիացի աշխատակից Պիչիոտոն ներկայացան վալլիին, խնդրելով չաքսորել սպանդի նահանգում մնացած սակավաթիվ հայերին:

Նրանք նաև հեռագրեր ուղարկեցին ամերիկյան, գերմանական և ավստրիական դեսպանություններին՝խնդրելով միջնորդել՝ կասեցնելու հայերի տեղահանությունը:

Արդեն տեղահանության առաջին օրերին Էհմանը հասկացավ, որ պետք է ամեն գնով փրկի իր սաներին և հայազգի աշխատակիցներին հնարավոր աքսորից: Օգտագործելով տեղի թուրք պաշտոնյաների կողմից վայելած իր հեղինակությունը՝ նա կարողացավ կանխել իր սաների աքսորը: Եղան դեպքեր, երբ արդեն ձերբակալված հայերին, Հայրիկը (այսպես էին դիմում Էհմանին նրա սաները) իր կազմած անվանացուցակով մտնում էր բանտ և անխուսափելի մահից փրկում աքսորի կամ մահվան դատապարտվածների: Մարիամ Յուսոֆյանը վկայում է.

«Կէսօրին բանտի միւտիւրը (բանտապահը) և սիրելի հայրիկը լիստան (ցանկը) ձեռքներին ներս մտան: Սկսան անուններ կարդալ... երբ լիստան (ցանկը) լրացավ, դուռը բացվեցավ: Ալ ներսի աղաղակը անբացատրելի էր: Արդէն քիչ վերջ [մնացածներին] քաղաքէն դուրս տարած և ջարդած էին:» (3)

Էհմանի կողմից փրկված Հովսեփ Յոսուֆյանը պատմում է.

«... Մր. Էհման զանազան դիմումներ ըրաւ եւ աշխատեցաւ որ կարենայ ազատել իր որբերը եւ պաշտօնէութիւնը տեղահանութենէ, քանի որ յայտնի եղած էր թէ տեղահանութիւն կը նշանակէ ջարդ եւ մահ: Մր. Էհմանի դիմումները յաջողած էին: Կառավարութիւնը հրաման տուած էր որբերու, որբանոցներու պաշտօնէութեան, դպրոցի ուսուցիչներուն չտեղահանուելու: Այս հրամանը ձեռք ձգելէ վերջ սկսեցան գործի, պատրաստեցին որբանոցներէն դուրսը գտնուող պաշտօնէութեան անուանացանկը և ներկայացուցին կառավարութեան, որմէ քանի մը օր վերջ այս ցանկին համաձայն կառավարութեան կողմէ դռներուն վրայ թղթեր փակցուեցան, որով այդ տները զերծ պիտի մնային տեղահանութենէ»:

Պատրաստված ցուցակները մանրակրկիտ քննվում էին թուրքական ոստիկանության կողմից, ստուգվում էին անունների հավաստիությունը, որից հետո միայն հաստատվում: Խոսելով Էհմանի հայասիրական գործունեության մասին, նրա սաներից մեկը՝ Ս. Պագգալյանը գրում է.

«Փլուզումի եւ բնաջնջման այդ տարիներուն՝ կը կոտրէին, կը քանդէին, կ՛սպանէին ամէն ով և ամէն ինչ որ ձեռքներին իյնար: Այո՛, այդ օրերուն խաղաղասէր, աշխատունակ, ուշիմ եւ ստեղծագործ մէր ժողովուրդէն կը մնար միայն խեշերանք մը...Կեանքի և մահուան միջև տատանող կմախքներ կամ «ուրվականներու կարաւան մը» ուր դեռ կը շարժեր արիւնի ու կրակի ճամբարներէն: Այդ դժոխային օրերուն թրքկան սպանդէն մէկ հայ փրկել արդարեւ հերոսութիւն էր ու հրաշք: Ու Եուհաննէս Էհման- գերմանացի այս ազնիվ միսիոնարը ոչ միայն մէկ կամ տասը կամ քսան, այլ յայտնօրէն և գաղտնօրէն աւելի քան հազար հայ տղաք և աղջիկներ փրկեց և խնամեց անըստգիւտ նուիրումով: Եւ անոնց հետ քանի մը տասնեակ ուսուցիչներ, վերահսկիչներ, արհեստավորներ ու զանազան ծառայութիւններ կատարող պաշտօնեաներ: Ալ բաւական էր որ սուրէն, սովէն ու կրակէն ազատուած այդ բազմութիւնը զայն կոչէր ՀԱՅՐԻԿ և սիրէր այն հոգեւին:» (4)

Տեղահանություից փրկված սակավաթիվ հայերին Խարբերդում ամեն օր նոր վտանգ էր սպասվում. ոստիկանությունը խուզարկում էր կասկածելի տներն ու հաստատությունները: Բացի այդ, Խարբերդում՝ սպանդի նահանգում, գնալով իրավիճակն ավելի էր բարդանում. մոլեգնում էր սովը և համաճարակային հիվանդությունները: Մեզրեում գերմանական որբանոցը դարձել էր փոքրաթիվ մազապուրծ հայերի հույսի ու փրկության օթևանը, իսկ Հայրիկը՝ նրանց պահապան հրեշտակը: Ցեղասպանությունը վերապրած Սամուել Փաշիկյանը, տեղահանությունից մազապուրծ փախած 12-ամյա տղան, տարիներ անց գրում է.

«Մութին, պարտեզներուն մէջէն հովի պէս սուրալով, հասայ հայրիկի տունը: Մեծ դողով մը բախեցի դուռը: Սիրտս ուժով կը տրոփէր:Կը վախնայի թէ պիտի մերժուիմ: Շոտով դուռը բացուեցաւ: Հեռ Էհմանն էր, որ կը խօսէր ինծի հետ. «Տղա՛ս, ի±նչ կ’ուզես»: Մեղմ ձայնով և արցունքոտ աչքերով ըսի իրեն. «Հայրիկ, աքսորէն փախած եւ եկած եմ Ձեզի, որ Ձեր որբանոցին մէջ ընդունիք: Մայրս եւ եղբայներս քշուեցան դէպի Ուրֆա: Մօրս թելադրութեամբ փախայ և եկայ Ձեզի, որ Ձեր քով ապաստանիմ: Կը խնդրեմ որ զիս ընդունիք»: Առանց այլ եւ այլի, հայրական գութով մը պատասխանեց. «Շատ լա՛վ տղաս, ընդունուած ես»»: (5)

Արդեն նշվել է, որ գերմանական որբանոցում Էհմանն իրավունք ուներ պահել միայն իր սաներին և անձնակազմին, որոնց անունները հասատավել էին թուրքական ոստիկանության կողմից՝ նախօրոք կազմված ցուցակի համաձայն: Դրսից որևէ մեկին ներս թողնելը վտանգում էր ներսում բազմաթիվ ապաստանածների կյանքը: Չնայած դրան, Հայրիկը սեփական կայնքը վտանգելով թաքցնում էր իրենից ապաստան խնդրողներին իր մոտ: Այս կապակցությամբ Ցեղասպանությունը վերապրող Վարդուհի Գաբրիելյանը վկայում է.

«Իմ ազատուիլս Մր. Էհմանին կը պարտիմ ...Իմ համոզումովս, Մր. Էհման անկեղծ հոգեւոր գործիչ մըն էր: Ինչ որ կրցաւ ընել օգնելու մեր ազգին իր սահմանին մէջ՝ ըրա՛ւ, հակառակ կառավարութեան խիստ հրամանին ու սպառնալիքին: Ինք արտոնուած չէր կառավարութեան ներքին գործերին խառնուելու»: (6)

1915-1918 թթ. հայերին ապաստան տալու և այդ կերպ նրանց մահից փրկելու Էհմանի ջանքերն իսկական հերոսություն կարելի է համարել, քանի որ անվախ միսիոներն անձամբ մի քանի անգամ կանխել է թուրք ոստիկանության մուտքը որբանոցի տարածք: Այդ մասին իր օրագրության մեջ անդրադառնում է դանիացի միսիներուհի Մարիա Յակոբսենը, ով նույնպես աշխատում էր Մեզրեում:

1916 թ. ռուսական զորքերի կողմից ազատագրվեցին Արևմտյան Հայաստանի որոշ բնակավայրեր: Խարբերդի հարավում գտնվող Դերսիմը, որը վերահսկվում էր թուրքական կենտրոնական իշխանություններին չենթարկվող քրդերի կողմից, դարձավ փրկության ճանապարհ: Հենց այդ ճանապարհով Էհմաննը կազմակերպեց իր արդեն չափահաս որբերի փախուստը Խարբերդից: Նրա սաներից մեկն իր կյանքի այս ճակատագրական դրվագի մասին պատմում է.

«Յոլիսի 6-ին [1915] քանի մը ընկերներով որոշեցինք փախնել Սասուն: ՀԱՅՐԻԿԸ մասնաւոր քարտէս մը տրամադրեց, որպես զի ճամբաները ուսումնասիրենք: Վեց ամիս փռապանութեամբ զբաղեցեայ: 1916 թ. փետուար 2-ին ինծի և տասներեք ընկերներուս, եթե յիշողոթիւնս չի խաբեր երեքական օսմաեան ոսկի տալով Տերսիմ ղրկեց»: (7)

Հայոց ցեղասպանության ականատես, ամերկացի բժիշկ Հ. Ռիգսը նշում է Յո. Էհմանի մասին.

Գերմանական առաքելության տնօրեն պատվելի Յոհաննես էհմանը մի մարդ էր, ով 20 տարիների ընթացքում փրկել էր հայ ժողովրդին և հայկական կոտորածների ընթացքում արել էր հնարավորը՝ փրկելու հայերին: Իր որբանոցում նա ուներ շուրջ 700 որբեր, որոնց Կ. Պոլսում Գերմանիայի դեսպանի աջակցությամբ, հաջողվեց փրկել բռնագաղթից և մահից: (8)

Էհմանների ընտանիքը Մեզրեում մնաց մինչև 1919 թ. մարտի վերջերը: Զինադադարից հետո նրանք պարտադրված լքեցին ավելի քան 22 տարի իրենց հարազատ դարձած վայրերը:

1924-ին Էհմանը Բուլղարիայում եղել է գերմանական առաքելության տնօրենը: ժամանակակիցները վկայում են, որ անգամ այստեղ Հայրիկը շարունակում էր իրեն հայեցի պահել. սեփական զավակների հետ խոսում էր Խարբերդի բարբառով հայերեն, ուտում էր հայկական ճաշատեսակներ, պահպանում հայկական սովորույթները:

1937 թ. Էհման ամուսինները վերադառնում են Գերմանիա, ուր 1950 թ. մահանում է Էհմանի կինը՝ Հելենը:

Ամփոփենք Էհմանի հայանպաստ գործունեությունը նրա սաների տրված գնահատականներով.

• Շուրջ 750 որբերի նա դաստիարակեց իբրև հայ և իր սաներին երբեք չքաջալերեց բողոքական դառնալ:

• Խարբերդի կրթական համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացրեց. ստեղծեց ուսուցչանոց՝ մակավարժների լավագույն թիմով, խորացրեց անգլերենի դասավանդումն՝ առաջնորդվելով Եփրատի քոլեջի ամերիկյան միսիոներների ծրագրով:

• Գնահատում էր հայկական սովորույթներն ու բարքերը՝ իր հաստատության պաշտոնական լեզուն դարձնելով հայերենը: Անգամ նրա երեխաները փայլուն տիրապետում էին հայերենին:

• Հասունացած արական սեռի սաների համար բացեց արհեստանոցներ:

• Երիտասարդ սանուհիներին ապահովում էր օժիտով:

• Հիանալի տիրապետելով հայերենին, նա երբեք չփորձեց սովորել թուրքերեն:


Գոհար Խանումյան, ՀՑԹԻ գիտաշխատող


_________________________________________________________________

1. Մարտիրոսյան Հ., «Հայաստանի օգնության Գերմանական միության» հիմնումը և նրա առաջին քայլերը Մեզրեում, (1897-1908), պատմաբանասիրական հանդես, 1(54), 2013
2. Armenian Tsopk/Kharberd, edited by R. Hovhannisian, California, 2002, p. 357
3. Ժամկոչեան Բ., Պատմութիւն Մամիւրեթ իւլ ԱզիզիԳերման որբանոցներու, Պէյրութ, 1973թ., էջ 279
4. Ժամկոչեան Բ., Պատմութիւն Մամիւրեթ իւլ ԱզիզիԳերման որբանոցներու, Պէյրութ, 1973թ., էջ 217
5. Ժամկոչեան Բ., Պատմութիւն Մամիւրեթ իւլ ԱզիզիԳերման որբանոցներու, Պէյրութ, 1973թ., էջ 283
6. Ժամկոչեան Բ., Պատմութիւն Մամիւրեթ իւլ ԱզիզիԳերման որբանոցներու, Պէյրութ, 1973թ., էջ 281
7. Ժամկոչեան Բ., Պատմութիւն Մամիւրեթ իւլ ԱզիզիԳերման որբանոցներու, Պէյրութ, 1973թ., էջ 288
8. Riggs H., Days of tragedy in Armenia, Michigan, 1997, p. 185




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am