Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Ռուբեն Հերյան - Ալեհեր Կամավոր, անվեհեր Անապատական, անխոնջ Որբախույզ
Մահվանից 100 տարի անց…


26.11.2021


Ալեհեր Կամավոր, անվեհեր Անապատական, անխոնջ Որբախույզ, անպատվության դժոխքի մեջ տվայտվող իր քույրերի Ազատարար, նրանց նահատակության, տառապանքի, կարոտության Առաքյալ … Նրա ձայնը, անունը լսվեց ու տարածվեց ամենուրեք. բուրգերի ստորոտից մինչև անապատի խորքերը, մինչև Տավրոսի սարերը, Պոլիս, Եվրոպա և Ամերիկա: Նրա խոսքերը պարզ էին և անսեթևեթ, բայց հուզիչ, ցնցող, փափկացնում էին սրտերը, ալեկոծում հոգիները, բոլորին ներշնչում զոհողության ոգով:
«Ազգ» Բոստոն, 16 հուլիսի 1921 թ.

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նպաստավոր պայմաններ էին ստեղծվել սիրիական անապատներից, իսլամական միջավայրից հայ որբերին ազատագրելու համար: Այս գործը ստանձնում են հայկական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, հայրենակցական միություններ ու անհատ որբախույզներ: Որբահավաք աշխատանքներում իր հետևողական գործունեությամբ առանձնանում էր Ռուբեն Հերյանը, ով արաբական շրջանակներում հայտնի էր Մուֆաթթիշ ալ-Արման (հայերի որբախույզ), իսկ հայկական շրջանակներում՝ Հայրիկ, Որբերի պաշտպան, Անապատի Մեծ Առաքյալ անունով։

Ռուբեն Հերյանը ծնվել է Եվդոկիայում (Թոքատ) 1868/1869 թվականին: Տեղի ազգային վարժարանն ավարտելուց հետո մեկնել է Կ.Պոլիս, Բոստոն, այնուհետև՝ Նյու Յորք, որտեղ զբաղվել է առևտրական գործերով: Նա դեռ Եվդոկիայում անդամակցել է Հնչակյան կուսակցությանը, Նյու Յորքում՝ Ռամկավար ազատական կուսակցությանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ է եղել: Առևտրական գործերին զուգահեռ ազգային ակտիվ գործունեություն է ծավալել:

1917 թ. Հայ ազգային միությունը նրան էր վստահել է ԱՄՆ-ից Արևելյան լեգեոնի կամավորների տեղափոխման կազմակերպման հետ կապված հարցերը: Հերյանը հայ կամավորների հետ մեկնում է Կիպրոս և որպես կամավոր կարևոր դերակատարում է ունենում լեգեոնականների ու տեղի ֆրանսիական սպաների միջև կապն ապահովելու գործում, ապա՝ նրանց հետ տեղափոխվում է Սիրիա, որտեղ ականատես է լինում հայ տարագիրների ծանր վիճակին: 1918 թ., երբ Արևելյան լեգեոնը տեղափոխվում է Պաղեստինի ճակատ, Ռուբեն Հերյանը տարիքի պատճառով չի ընդգրկվում զինվորական գումարտակում, ուստի որոշում է իր նպաստը բերել հայ կանանց ու որբերին ազատագրելու գործում:

1918 թ. Հայկական բարեգործական ընդհանուր միության, Եգիպտահայ նպաստամատույցի և Միացյալ որբախնամի համատեղ որոշմամբ Նպաստի պատվիրակներ են նշանակվում և Սիրիա ուղարկվում Մկրտիչ Եփրեմյանը, Կարապետ Սեֆերյանն ու Ռուբեն Հերյանը՝ տարագրյալների վիճակն ուսումնասիրելու և նրանց կարիքների մասին նպաստամատույց մարմիններին տեղեկացնելու համար: Նա Միջագետքի հայ տարագրելոց հանձնախմբի անդամ էր և վերջինիս ղեկավար Մուշեղ արքեպիսկոպոս Սերոբյանի առաջարկով ու հանձնարարությամբ մեկնում է Դեր Զոր և 1919 թ. ամռանը կազմակերպում է մոտ 400 տարագիրների տեղափոխումը Դեր Զորից Հալեպ։ Այնուհետև, տեղում ուսումնասիրելով իրավիճակը՝ որոշում է զբաղվել արաբների և քրդերի մոտ գտնվող հայ կանանց ու երեխաների փրկությամբ:

1919 թ. hուլիսի 19-ին Հերյանը Դեր Զորից գրում է. «Ոճրագործ քաղաքը կը գտնուիմ… հոս շատ գործ կա, տակաւին հարիւրաւոր որբեր կան արաբներու մօտ և ասոնց ազատուիլը, ըստ իս ամենայն մեծ աշխատասիրութիւնն է … ծրագիրս շատ խոշոր է… պիտի ջանամ բոլոր աշիրէթները պտտիլ և հաւաքել ինչքան կարելի ըլլայ… չնայած օդը շատ տաք է, բայց նպատակը անչափ բարձր է»:

Ռուբեն Հերյանը շուրջ յոթ ամիս տևած որոնողական աշխատանքների արդյունքում Դեր Զորից պարբերաբար Հալեպ է ուղարկում մասամբ արդեն արաբացած որբերի, կապույտ դաջվածքներով աղջիկների ու կանանց։

Կ.Պոլսի «Ժողովուրդի ձայնը» թերթը սեպտեմբեր 1/14-ի համարում «Անապատի Մեծ Առաքյալը» խորագրով հոդված է հրապարակել Ռուբեն Հերյանի գործունեության մասին՝ նշելով, որ նա Հալեպ, Ադանա, Հոմս, Համա, Դամասկոս այցերից ու կազմակերպչական գործերից հետո մեկնում է Միջագետքի անապատներ, Դեր Զոր, Խապուր, Սինճար. «Մօտ 7 ամիս կընէ որ ան անապատին մէջ անյայտացաւ: Որևէ լուր չի կայ իրմէ: Բայց ինչ հրաշք: Որբեր ու որբուհիներ կը հասնին շարան-շարան: Հալեպի որբանոցները կը լեցուին նորեկ այդ կէս արաբացած որբուկներով: Խեղճ աղջիկները որքան կըխպնին դէմքի կապոյտ խարաներէն»:

Այնուհետև Հերյանը Դեր Զորից անցում է Մոսուլ, անգլիական և ֆրանսիական իշխանությունների օժանդակությամբ 500 տարագիրների տեղափոխում Հալեպ, ինչպես նաև Մոսուլի որբանոցի մոտ 400 որբերի տեղափոխում է Բաքուբա, ուր շուրջ 22.000 հայություն կար և պայմանները քիչ ավելի բարվոք էին: Կրկին վերադառնալով Դեր Զոր՝ Հերյանը շարունակում է իր որբահավաք աշխատանքները:

Հերյանը գիտակցում էին, որ ազատագրման գործը ծայրաստիճան շրջահայացություն է պահանջում: Իր բացառիկ հմտության՝ հայ երեխաներին անապատաբնակների շրջանում զատորոշելուց հետո, անմիջապես չէր բացահայտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններիս անմիջապես պահանջելը կարող էր վտանգ ստեղծել նրանց համար: Երեխաները ևս հոգեբանորեն երբեմն պատրաստ չէին լինում. տարիներ շարունակ ապրելով իսլամական միջավայրում՝ համակերպվել էին, բացի այդ, վախենում էին, որ իրենց տերերը կարող են վրեժ լուծել իրենցից կամ շարունակում էին հավատալ, որ հայերի բնաջնջումը դեռևս շարունակվում է:

Այս ժամանակահատվածում նա արաբական տարազով շրջում է Խապուրի, Եփրատի, Շամաթիայի, Խրեյթայի, Ջազիրայի շրջաններում, ուր վրանաբնակ արաբների մոտ հանդիպում է բազմաթիվ հայ աղջիկների ու երեխաների: Այս ժամանակաշրջանի գործունեության վերաբերյալ նա գրել է. «Նրանցից ոմանց կը գնէի դրամով, ուրիշներ կը վախցնէի, ոմանց կը համոզէի: Այս կերպ կրցայ ազատել 400-մօտ մանչ և աղջիկ, հարիւրին 60 աղջիկ, 40 մանչ»: Ռ. Հերյանին որբահավաք աշխատանքներում աջակցել են ՀԲԸՄ ապաստարանի տեսչուհի օրիորդ Սեֆերյանն ու Գոհար Պոյաճյանը: Վերջինս նրա անձնվեր գործակիցն էր: Նա սկզբում եղել է Դեր Զորի որբանոցի տնօրենը, իսկ այնուհետև գործունեությունը շարունակել է Հալեպում:

Ըստ Ռուբեն Հերյանի տեղեկությունների՝ Եփրատի ափերին գտնվող Անազե ցեղի, Խաբուրի ափերին գտնվող Ճիտուր ցեղի և Սինջարի լեռներում բնակվող արաբների մոտ 5000 հայ որբեր կային: Նա ուխտել էր նրանց ազատագրել կամ իր կյանքը թողնել անապատներում: «Եթէ գործը զիս ձգէ ալ՝ ես գործը չեմ ձգէր»: Նրան հաջողվել էր անգլիական, ֆրանսիական իշխանությունների, ինչպես նաև արաբական աշիրաթների ղեկավարների ու նրանց ներկայացուցիչների հետ լավ հարաբերություններ հաստատել: Հերյանը համագործակցում էր նաև առևանգված հայ կանանց ու որբերին փրկելու նպատակով Ազգերի լիգայի Մերձավոր արևելքում կանանց և երեխաների պաշտպանության հետաքննիչ հանձնաժողովի հանձնակատար Կարեն Եփփեի հետ:

Ռուբեն Հերյանը չէր սահմանափակվում միայն որբերին ազատելով, հարկավոր էր նրանց ապահովել սննդով ու հագուստով: Բարդությունները շատ էին. երբեմն հայ կանայք փախչում էին իրենց արաբ ամուսինների մոտ, կամ արաբները, չհամակերպվելով որբերին պահելուց հետո հայությանը վերադարձնելու գաղափարին, կրկին առևանգում էին նրանց: Բայց Հերյանն անկոտրում էր, նամակներ էր գրում, համոզում, որ վերադառնան հայությանը: «Նա իր ազատած որբերը կը սիրէ անոնց աղտոտած աչքերը լուալով և միասին կառք նստելով: Շատ անգամ ինք կը քալէ, որպէս զի կառքին մէջ տեղ մնայ որբերուն: Անօթի կը մնայ՝ վերջի պատառիկը հրամցնելով նորազատ սանին: Նրա համար մեկ հայու կեանքը ինքնին սրբութիւն մըն էր»: Մի առիթով ասել է. «Ես որբերուն ոջիլները կը սիրեմ, միայն թէ անոնք արաբին քովէն ազատուին»:

Որբահավաք գործի գրավականներից մեկը ֆինանսական միջոցների ապահովումն էր, որի համար կատարվում էին հանգանակություններ, նվիրատվություններ: Մամուլում պարբերաբար կոչ էր արվում անտարբեր չմնալ և անսալ Հերյանի ու առհասարակ՝ որբահավաք գործի կազմակերպիչների կոչերին: Անապատի որբերի փրկության ֆոնդը հատուկ սյունակ էր բացել «Ժողովուրդի ձայնը» թերթում: Այս խորագրի ներքո պարբերաբար նշվում էին հանգանակություններ կատարող անձանց անուն-ազգանունները և գումարի չափը: «Մեկ հայ՝ երկու հնչուն ոսկի» արտահայտությունը ժամանակի մամուլում հանդիպող արտահայտությունն էր, չնայած անապատներում Փրկության առաքելության գործում առավել տարածված էր «Մեկ հայ՝ մեկ ոսկի» կարգախոսը:

Անապատներից վերադառնալով՝ ֆինանսական լրացուցիչ միջոցներ հայթայթելու նպատակով Հերյանը Ադանայում, Կ.Պոլսում, Փարիզում, Նյու Յորքում կազմակերպում էր բանախոսություններ, հանգանակություններ:

1919 թ. սեպտեմբերին 9-ի «Հայ ձայնը» անդրադառնում է Հայ ռամկավար կուսակցության՝ Ադանայի կենտրոնակայան ակումբում կազմակերպած հավաքին, որտեղ ներկայացրել է իր գործի բարդությունները և կոչ արել շարունակական դարձնել որբահավաք գործը: Այդտեղ կազմակերպված հանգանակությամբ հավաքված 900 ոսկին նախատեսվում էր ծախսել միայն հայ մնացորդները ազատելու համար:

«Ժողովուրդի ձայնը» թերթին տված հարցազրույցում Ռ. Հերյանը խոսել է իր առաքելության մասին: «Ֆրանսիական սպայի հագուստով տարեց սպան», ինչպես նշում է հոդվածագիրը, ներկայացնում է Կ.Պոլիս իր այցի նպատակը, որն էր Դեր Զորի և նրա շրջաններում գտնվող հայ խլյակների ազատագրման նպատակով հանգանակության կազմակերպումը: Նա ծրագրել էր բանախոսել Կ.Պոլսի տարբեր թաղամասերում և ներկայացնել իրավիճակը:

«Փրկենք անապատի որբերը» խորագրով բանախոսության ընթացքում նա անդրադարձել է անմարդաբնակ վայրերում ապրող երեխաներին. «Լսած էք սրտագրավ պատմութիւնը այն տասնեակ մը հայ մանուկներուն, որոնք պատերազմի չորս տարիներուն Տաւրոսի լեռներուն մէջ ապրեցան որպէս վայրի երէներ: Եւ երբ Անգլիացիք գտան զանոնք, ոչ մէկ լեզու կը խօսէին անոնք, և միայն խոտով կը սնանէին: Սակայն առաջին անգամ երբ մարդու երես տեսան, անոնք խաչակնքեցին իրեց երեսը: Այս նշանն էր Արևմտյան Աշխարհին յայտարարելու թէ՝ եթէ մենք վայրենացած ենք, եթէ մենք հացի տեղ խոտ կուտենք, բայց մենք Հայ քրիստոնեաներ ենք»:

Հերյանն իր բանախոսություններում պնդում էր, որ հարկ է ոչ միայն հայության վերապրող բեկորները փրկել, այլև անապատներում ցրված ոսկորները հավաքել, Հայաստանի տարբեր վայրերում թաղել ու նրանց վրա արձանագրել՝ Դեր Զորի ոճիրը: Հայաստանի ազգային արխիվի Ռ. Հերյանի անձնական ֆոնդում պահպանվել են Դեր Զորից նրա գրած և ստացած նամակները, Դեր Զորի շրջանում հայ երեխաների, հիմնականում՝ աղջիկների և կանանց ցուցակները, որտեղ նշված են երեխայի տարիքը, անունը, արաբական անունը և ամենակարևորը՝ ցեղի և այն անձի անունները, որոնց մոտ գտնվել էր երեխան:

1919 թ. հոկտեմբերի 11-ին Կ.Պոլսի Ազգային խնամատարության կենտրոնական վարչության հղած նամակում Ռ. Հերյանին դիմել են «Հարգելի որբախույզ» և ներկայացրել են Հալեպի, Մոսուլի և Դեր Զորի շրջաններում գտնվող 20 որբերի հասցեները՝ նրանց փրկելու և հայությանը վերադարձնելու ակնկալիքով:

Հալեպի հայ որբահավաք հանձնախումբը Ռ. Հերյանին էր ուղարկում գրություններ, որտեղ նշվում էին որոնման մեջ գտնվող տարագիր հայերի ցուցակները՝ նրանց անուն ազգանուններով: Շատերը դիմում էին Հերյանին՝ իրենց հարազատներին գտնելու համար կամ խնդրում տեղեկություններ հաղորդել վերջիններիս մասին: Երբեմն հայտնում էին նրանց անունները, գտնվելու հավանական վայրը: Առավել ազդեցիկ մարդկանց մոտ գտնվող երեխաներին վերադարձնելու համար հիմնականում դիմում էին Հերյանին՝ հաշվի առնելով նրա հեղինակությունը: Հերյանը հայկական տարբեր պարբերականներում շարունակաբար ներկայացնում էր ազատագրվածների անվանացանկերը:

Կ.Պոլսում որբահավաք աշխատանքների արդյունքներն ու բարդությունները ներկայացնելու նպատակով կազմակերպված միջոցառումներից մեկին, որին ներկա էին Զավեն Պատրիարքը, հայ ավետարանական համայնքի առաջնորդ Զենոբ Պեզճյանը և հայ կաթոլիկների պատրիարքական տեղապահ Օգոստինոս արքեպ. Սայեղյանը, իրավիճակը ներկայացնելուց հետո Հերյանը դիմում է մեծաթիվ ներկաներին. «Մի՞թե պիտի թողուք, Պոլսահայեր, որ անոնց մնացորդները ձեր անտարբերութեան երեսէն մահանան, միթե անկարո՞ղ պիտի ըլլաք 5000 որբի ու ծաղկատի աղջիկներու կեանք փրկելու»: Այդ հանգանակության արդյունքում Հերյանի հաջողվել է 1500 ոսկի գումար հավաքել:

«Որբերու օրը» հոդվածում նա գրում էր. «Ես ալ, որպես համեստ գործող մը, կոչ կ’ուղղեմ ամէն անոնց, որոնք հայ անունը կը կրեն և հայուն արիւնը կ’եռայ իրենց երակներուն մէջ և կ’ըսեմ. «Օգնեցէ՛ք որբերուն»: Ամէն հայու բաղձանքն է որ բոլոր գերի վարուած որբերը ազատագրուին, բայց դժբախտաբար անոնց խնամատարութեան գործը համապատասխան չէ մեր բաղձանքին»: Նա իր բանախոսություններից մեկի ժամանակ փաստում է, որ անապատներից ազատագրված շատ աղջիկներ ու որբեր փախել են և վերադարձել իրենց տերերի մոտ, քանի որ «նպաստներու անբաւարարութեան պատճառով, պէտք եղած խնամքէն զրկուեցան»: Նրա հորդոր-խնդրանքը մեկն էր. «Հայ ժողովուրդ, ողորմութիւն տալու պէս մի օգներ որբին, այլ նկատէ թէ քու զաւակդ է ան, և տուր անոր, ինչ որ լաւագույն կերպով կրնաս ... Վայ այն հայուն որ չըմբռներ այս օրուան մեծութիւնը և իր լաւագոյնը չըներ» կամ «միայն հայուն դրամը կրնայ հայ որբը կշտացնել»:

1920 թ. դեկտեմբերի 13-ին «Որբերու օրը Բարիզի մէջ» միջոցառումների շրջանակում Փարիզի սրահներից մեկում Պողոս Նուբարի նախագահությամբ տեղի է ունեցել հավաք, որտեղ ելույթ են ունեցել Կիլիկիայից ժամանած Պ. Շիշմանյանն ու Ռ. Հերյանը: Վերջինս կրկին ներկայացրել է որբերի ծանր վիճակը, կոչ արել ներկաներին հանգանակություն կատարել՝ նշելով, որ գումարը փոխանցվելու է ՀԲԸՄ-ին որբերի խնամքի համար:

1921 թ. Ռ. Հերյանը, վերադառնալով ԱՄՆ կատարած իր շրջագայությունից, որի ընթացքում նույնպես ի նպաստ որբերի տարբեր դրամահավաք միջոցառումներ էր կազմակերպել, ՀԲԸՄ նախաձեռնությամբ հունիսի 21-ին բանախոսում է Կահիրեի Հայկական սրահում՝ «Դրուագներ որբերու կեանքէն» թեմայով՝ համոզել հայությանը, որ իսկապես պահն օրհասական է, հապաղել պետք չէ:

Այս նախաձեռնությունը Հերյանի վերջին որբանպաստ գործն էր: ՀԲԸՄ «Միութիւուն» թերթը հայտնում է նրա մահվան լուրը. «Սրտի խոր կսկծանքով մը կ’արձանագրենք անակնկալ մահը մեր սիրելի բարեկամ Տ. Ռուբէն Հերեանի, Գահիրէի մէջ, 7 հուլիս»: Սրտի կաթվածն ընդհատեց Հերյանի որբահավաք ու որբախնամ ծրագրերը: Նա իսլամացումից փրկեց շուրջ 1000 որբի, որոնք «իրենց կեանքը կպարտին Հերեանին»: Բացի այդ նա մեծ ցանկություն ուներ կնոջ հետ Կիլիկիա տեղափոխվել ու Մերսինում մշտական բնակություն հաստատել: Անապատի որբախուզի վերջին խոսքերն էին. «Գոհ եմ, որ քիչ շատ արժեցուցի կեանքս»:



Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտքարտուղար, պ.գ.թ.







Ռուբեն Հերյան
Ազգ, Բոստոն, հուլիսի 16, 1921 թ.




Ռուբեն Հերյան
Ազգ, Բոստոն, հուլիսի 16, 1921 թ.




Ռուբեն Հերյանն իր ազատագրած որբի հետ
Ազգ, Բոստոն, հուլիսի 16, 1921 թ.




Ռուբեն Հերյանը՝ (նշագրված՝ 5) Միջագետքի հայ տարագրելոց հանձնախմբի անդամաների հետ
Souvenir of the Independence of Armenia in Aid of Armenian Orphans Mesopotamia 28 th May, 1920



Ռուբեն Հերյանը՝ Միջագետքի հայ տարագրելոց հանձնախմբի անդամաների հետ, Ռուբեն Հերյանը նստած է երկրոդ շարքում, աջից՝ երկրորդը: Կենտրոնում՝ Մուշեղ արքեպիսկոպոս Սերոբյան
Souvenir of the Independence of Armenia in Aid of Armenian Orphans Mesopotamia 28 th May, 1920





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am