Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

1919 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀԱԼԵՊԻ ԴԵՊՔԵՐԸ


28.02.2019

Aleppo

1919 թ. փետրվարի 28-ի Հալեպի կոտորածների
ժամանակ զոհված հայ գաղթականները
«Հալեպի կոտորած», «Հալեպի ջարդ», «Հալեպի դեպք». այսպես են որակվում հարյուր տարի առաջ այս օրը` 1919 թ. փետրվարի 28-ին, Հալեպում տեղի ունեցած կոտորածները, երբ տարագիր հայերը ենթարկվել են մուսուլմանների հարձակմանը:

Ադանայում տպագրվող «Կիկլիկիա» թերթն անդրադառնում է դեպքերին. «28 փետր. ուրբաթ առաւօտ ժամը 6ին նախօրով «Էլ Արաբ» գլիուպի կողմէ ծանուցված եւ համաձայնական իշխանութեանց կողմէ արգիլուած միթինկին համար որոշուած վայրէն - Ճումմա փազարիեն սկսավ ջարդը հայոց դէմ ու չափազանց կարճ ատենուան մէջ տարածուեցավ քաղաքին գրեթէ բոլոր կողմերը» (1):

Դեպքերի ականատես Արամ Անտոնյանը նույնպես ներկայացնում է այդ օրվա դեպքերը. «Փետրուար 28 Ուրբաթ օրը Հալէպի իսլամ Արաբները, արաբ կառավարութեան քաջալերութեամբ և արաբ ոստիկաններու ու ժանտարմներու մասնակցութեամբ կատարեալ հայկական կոտորած մը կազմակերպեցին: Կոտորածին զոհ գնացողները ամբողջովին գաղթականներ են… Մօտաւորապէս հինգ ժամ տևող ջարդին ընթացքին աւելի քան 400 Հայեր սպաննուեցան …Ասոնցմէ զատ, 3000ի չափ Հայեր զորս տուներէն հանելով խաներու մէջ թխմած կամ ոստիկանութեան պահականոցները առաջնորդած էին, շատ ծանր կերպով ծանր կերպով խոշտանգուեցան միայնգամայն թէ ամբոխին և թէ ոստիկաններու կողմէ» (2): Փետրվարի 28-ի իրադարձությունների հետևանքով սպանվածների և վիրավորների մասին բերվում են հակասական տեղեկություններ: «Կիլիկիա» թերթի 1919թ. մարտի 12 համարում նշվում է 46 սպանված, 85 վիրավոր, իսկ մարտի 16-ի համարում` «Հալեպի կոտորածը» խորագրի տակ նշվում է, որ համաձայն բժշկական տեղեկագրի` սպանվել են 51, վիրավորվել շուրջ 100 և անհետ կորածների թիվը հայտնի չէ: Ֆրանսիական մամուլը նույնպես անդրադարձել է այս դեպքերին, նշելով, որ հայերն ունեցել են 50 զոհ և 150 վիրավոր` մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում (3): 1800 տուժածների ֆրանսիական կողմը տեղափոխել է հիվանդանոց: Արամ Անտոնյանը նշում է, մոտավորապես 400 հայ է սպանվել, բայց նրանց դիակների մեծ մասը կոյուղիների մեջ են նետվել ու հնարավոր չէ դիակները գտնել (4):

Սահակ կաթողիկոսը հետևյալ կերպ է արտահայտվում դեպքերի կապակցությամբ. «Տխուր դէպք մը մթագնած էր հայ և արաբ յարաբերութիւնները… Հալեպի մէջ 1919 թ. փետրուար 28-ին» (5):

Ըստ արաբ որոշ ականատեսների` ընդհարման համար պատրվակ է ծառայել Ալ-Ջումաա շուկայում հայերի կողմից կատարված գողությունը: Այս լուրը տարածվում է ողջ քաղաքով, մինչև անգլիական և ֆրանսիական շրջանակները միջամտում են և թույլ չեն տալիս, որ ջարդն ավելի ծավալվի:

Հալեպում, Կիլիկայում այդ ժամանակ լույս տեսնող թերթերի հրապարակումները վկայում էին Հալեպի դեպքերին նախորդ օրերին տիրող լարված մթնոլորտի մասին: Վերջինիս համար առիթ է եղել «Ալ-Արաբ» թերթի (6) գլխավոր խմբագիր Սամի Ալ-Սարաջի` փետրվարի սկզբներին գրված «Հայը և արաբը» խորագրով հոդվածը, որը տպագրվել է նրա` Ադանա կատարած շրջագայությունից հետո: Հոդվածում հայերի դեմ զրպարտանքներ էին ներկայացված (7): Այս հոդվածում Սամին փորձում է հետևյալ դրույթը ապացուցել. «Հայ կուսակցությունները, հայ չեթենները և հայ ժողովուրդը Թուրքիայէն դարձող արաբներուն նեղություններ տալէ զատ, զանոնք կսպանեն» (8): Հալեպի հայ մամուլը, առաջինը` «Տարագիր»-ը հերքել է այդ զրպարտությունները:

«Հայ ձայն»-ը նույնպես անդրադարձել է Սամի բեյի հոդվածին: «Հայ ձայն»-ի փետրվարի 23-ի համարում հերքում է տպագրվել, ըստ որի ոչ մի հայ նպատակ չի ունեցել արաբներին մեղադրել կամ վիրավորել, ընդհակառակը` «…լրագրութիւնը և թէ ժողովուրդը միշտ երախտագիտական զգացումնէր արտահայտած են արաբ կառաւարութեան և ազգին հանդէպ եւ իրենց այդ արտայայտութիւնները արձագանգ գտած են արտասահմանի մէջ ալ» (9):

Դեպքերի նախորդ օրը «Հայ ձայն»-ում տպագրված «Հայ և արաբ եղբայրակցութիւնը» հոդվածի հեղինակ Հ. Արամյանը կոչ է անում զոհ չդառնալ «իթթիհադի անարգ դաւերուն և փոխանակ զիրար մեղադրելու սխալ մեկնաբանելու … իրարու քով գանք ու զիրար լուսաւորենք` օգտուելու միմեանց առաւելութիւններէն» (10):

Թերթում բացատրություն է տրվում Սամի բեյի դժգոհությունը հարուցած այն փաստին, ըստ որի հայ զինվորներն իրենց ֆրանսիական ղեկավարներից ճամփորդ թուրքերին խուզարկելու հանձնարարականներ են ստացել` նրանց զենքերն առգրավելու համար, բայց սխալմունք է եղել, որի վերաբերյալ հոդվածագիրն հավաստիացրել է. «…կը յանձնարարենք այդ պարագան Հայ պաշտպանական մարմիններին, որ հայ զինւորները խուզարկութիւնների միջոցին կամ իրենց պարտականութիւնների կատարումի մեջ զգուշաւոր ըլլան ու ցաւ և դժգոհութիւններ չի պատճառեն արաբ եղբայրներին, որոնք ամէն առիթներուն կը գովեն հայերը» (11):

Դեպքերն ուսումնասիրելու նպատակով կազմված քննիչ հանձնաժողովում ընդգրկել են երկու անգլիացի, երկու արաբ, մեկ ֆրանսիացի և երկու հայ` Պարգև Փափազյանը և Միքայել Նաթանյանը` որպես Հայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ:

Դեպքերի օրը Հայ ազգային միությունը դիմել է տեղի ֆրանսիական և անգլիական կառավարություններին` սպառնացող վտանգը կանխելու խնդրանքով: Խորհրդակցության և բանակցության ընթացքում անգլիական զորահրամանատարն առաջարկել է. «նոյնիսկ վրաններու տակ փոխադրելու հայերը, որպէսզի ի հարկին դիւրին ըլլայ պաշտպանել զանոնք» (12): Վերջինիս այս առաջարկն, իհարկե, չափազանցություն էր, քանի որ հնարավոր չէր քաղաքում ապաստանած բոլոր հայերին տեղավորել վրանների տակ:

Ընդառաջելով հայկական առաջնորդարանի դիմումներին` բրիտանական իշխանությունների կողմից այս դեպքերի կապակցությամբ հատուկ ստեղծված ռազմական դատարանը ձերբակալել է հայկական կոտորածների մոտ հարյուր պատասխանատուների, աշխատանքից ազատել հայերի նկատմամբ բռնություններ գործած բազմաթիվ պաշտոնյաների և 35 անձանց դատապարտել է մահվան: Մի քանի ոճրագործներ պատժվել են անգամ Սիրիայի սահմաններից դուրս: Բրիտանական իշխանությունները պարբերաբար հրապարկել են պաշտոնական հայտարարություններ, որով ծանուցել են իրականացվող մահապատիժների մասին: Մայիսի 8-ին բրիտանական կառավարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է. «Հայկական ջարդին մասնակցելուն համար պատերազմական ատեանի կողմէ դատապարտուած Էօմեր Շէրիֆ Ակնայի և մանրավաճառ Ապդ էլ-Պետիի մահավճիռը ընդհ. հրամանատարության կողմէ վավերացված ըլլալով, այսօր անոնք կախաղան հանուեցան» (13): Մայիս 17-ին Հալեպում կայացել է Մեհմեդ Ալ-Շեվիհի մահավճիռը (14):

Ավելի ուշ թերթը տեղեկացնում է. «…փետրուարի 28-ի հայկական ջարդի հեղինակներէն 4 հոգի ևս մահուան դատապարտուած են Հալէպի մէջ և իրենց վճիռը գործադրուած է Պապ Ալ-Ֆարաճի հրապարակում» (15):

«Փետրվարի 28-ի ջարդարարության հետևանքով բանտարկված արաբները փորձեցին ապստամբիլ և փախչիլ, որով տեղվույս նահանգապետի հրամանով գնդակահարվեցան, միայն մի քանիսն ողջ բռնվեցան և զինաթափ եղան» (16): Վերջիններիս ուղարկել են Սուդանի բանտերը:

Կոտորածների համար գիտական շրջանառության մեջ են բազմաթիվ վարկածներ: Հարկ է նշել, որ նման միջադեպի հնարավոր պատճառները բազմաթիվ էին՝ քաղաքական, տնտեսական, անգամ՝ առօրեական ու կենցաղային, բայց առավել փաստարկված է համարում թուրքական կողմին դիտարկել նախաձեռնող ու հրահրող կողմ, իսկ իրադարձությունների վերլուծության ընթացքում հաշվի առնել թուրքական, անգլիական, ֆրանսիական և արաբական կողմերի մասնակցության փաստը: Կոտորածների հարցում դժգոհություններ էին առաջացել Հալեպի շրջանի զինվորակական կառավարիչ Շյուքրի Ալ Այուբիի նկատմամբ, քանի որ նա որևէ գործնական քայլ չի ձեռնակել կոտորածները կանխելու համար:

Դեպքի օրն ավելի ուշ պաշարվել է նաև քաղաքի զորանոցը, հարձակվել են նաև Հալեպի հայկական որբանոցի վրա: Որբանոցի տղաներից շատերը փայտե հրացաններով ավելի քան 2 ժամ պաշտպանել էին որբանոցը:

Հարկ է նշել, որ արաբներն ընդունել են իրենց մեղքը և 1919 թ. նոյեմբերին արաբական ավագանու ներկայացուցիչների առաջարկով ստեղծվել է «Հայ-արաբական բարեկամության կոմիտե», որի նպատակն էր անգլիական զորքերի հեռանալուց հետո քաղաքում շրջող վրդովեցուցիչ շշուկները քննել և թյուրիմացությունները փարատել:

Կոմիտեի նախագահը նահանգապետի քաղաքական վարչության պետ Նաջի Ալ Սուայդին էր, անդամակցում էին նաև ոստիկանության պետը, ֆինանսական տեսուչը, քաղաքական ավագանին: Հայկական կողմից մասնակցում էին Հարություն Եսայանը, Արմեն Մազլումյանը, Խաչատուր Շահենը, Միքայել Նաթանյանը, ինչպես նաև Մուշեղ Սերոբյանն, ով այդ ժամանակ Հալեպում էր:

Այդ կոմիտեի անդրանիկ հավաքույթը տեղի է ունեցել Սաբուն Խանի հայկական որբանոցի սրահում: Հալեպի զինվորական կառավարչի քաղաքական գծով օգնական Նաջի Սուայդին հայտարարել է. «Հայերն ու արաբները կրնան վստահ ըլլալ, որ իրենց մեկէն մյուսին որևէ վնաս չի կրնար ըլլալ, ու հայն իր տան մեջ կրնա հանգիստ քնանալ առանց իսլամեն կասկած ունենալու, արաբը նույնպես հայեն կասկած թող չունենա»: Ապա նշել է, որ փետրվարի 28-ի արյունահեղությունը երկու կողմին համար էլ աղետաբեր է եղել: Հայեր են սպանվել, բայց արաբներ էլ են կախաղան բարձրացվել ու շատերն ալ Սուդանի բանտերում են (17):

Փարիզից Խաղաղության վեհաժողովին մասնակցելու մեկնած Սիրիայի էմիր Ֆեյսալը, դատապարտել է միջադեպը, ասելով, որ արաբներն ընդունակ չեն նման քայլի: Իր եղբորը` Զեյդին ուղարկված հեռագրում Ֆեյսալը գրել է. «Դա արվել է տգիտությամբ, թշնամությամբ և ստոր նպատակներով: Նման դեպքերն ապագայում հաջողություն չեն ունենա» (18):

Հալեպի դեպքերից որոշ ժամանակ անց Նուբար փաշան հատուկ պատգամով դիմել է Հալեպի առաջնորդարանին. «Այս փոխանցման շրջանին անհրաժեշտ է պահել խոհեմութիւն և արթմնամտութիւն … հեռագրալուրը հաղորդեցէք Կիլիկիոյ, Դամասկոսի, Պէյրութի հայ ժողովուրդին և Հայ Լէգեոնի կամաւորներինե: Նա տեղեկացրել է նաև, որ «համաձայնական կառավարութիւնների մօտ դիմումներ կատարած ենք ու բացարձակ ապահովութիւն ստացած ենք, թէ նմանօրինակ դէպքերը այլեւս չեն կրկնուի» (19):

Այսպիսով, հայ տարագիրները մեկ անգամ ևս համոզվեցին, որ անգլիական և ֆրանսիական զինվորական ուժերի ներկայությունը բավարար չէր իրենց անվտանգությունն ապահովելու համար, անգամ` առօրյա խաղաղ պայմաններում:

Հալեպի դեպքերը ճիշտ է, կտրուկ չեն վատթարացրել հայ-արաբական հարաբերությունները, բայց, այնուամենայնիվ, որոշակի թշնամության և անվստահության մթնոլորտ են ստեղծել երկու ժողովուրդների հարաբերություններում, ինչը կարճ ժամանակահատվածում հարթվել է:Մի քանի արաբների` հայերի նկատմամբ բռնությունների իրագործման փաստը չի կարելի է վերագրել Հալեպի ողջ ազգաբնակչությանը և վերջինիս մեղավոր ճանաչել:


Նարինե Մարգարյան, պ.գ.թ., ՀՑԹԻ ավագ գիտաշխատող

______________________

1. «Հալէպի կոտորածը», տե՛ս «Կիլիկիա», Ատանա, 14 մարտ, 1919, Ա տարի, թիւ 6:
2. «Հալէպի ջարդը», տե՛ս «Վերածնունդ», կիսամեայ հանդէս, Փարիզ, 1919, 15 ապրիլ, Գ տարի, թիվ 8, էջ 123-124:
3. Տե՛ս “L’illustration”, 5 avril, 1919, Paris.
4. «Հալէպի ջարդը», տե՛ս «Վերածնունդ», կիսամեայ հանդէս, Փարիզ, 1919, 15 ապրիլ, Գ տարի, թիվ 8, էջ 123-124:
5. Եղիայեան Բ., Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ 1914-1972, Անթիլիաս, «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան», 1975, էջ 95:
6. 1918թ. աշնանը իթթիհադական արաբների կողմից կազմակերպվել էր «Նադի Ալ-Արաբ» («Արաբական ակումբ») ընկերությունը, որի օրգանն էր «Ալ-Արաբ» օրաթերթը:
7. Նաջարյան Ե., Հայ-արաբական փոխհարաբերությունները Սիրիայում (1918 հոկտեմբեր-1919 հունիս), «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ ու ժողովուրդներ», Երևան, 1974, «Հայկակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն», հ. 6, էջ 154:
8. «Հալէպի կոտորածը», տե՛ս «Կիլիկիա», Ատանա, 14 մարտ, 1919 թ.:
9. «Հայ-արաբ յարաբերութիւններ», տե՛ս «Հայ ձայն», 23 փետրվար, 1919 թ.:
10. Նույն տեղում:
11. Նույն տեղում:
12. Կէնճեան Ա.,Սօցիալ-դէմօկրատ Հնչակեան կուսակցութիւնը եւ Կիլիկեան ինքնավարութեան աքթը 1919-1921, Պէյրութ, 1958, էջ 8:
13. «Հալէպէն Լուրէր», տե՛ս «Կիկիլիա», 14 մայիս, 1919 թ., Ա տարի, թիւ 32:
14. «Կեանքը Հալէպի մեջ», տե՛ս «Կիլիկիա», 23 մայիս, 1919թ., Ա տարի, 39:
15. «Մահու պատիժ Հալէպի մեջ», տե՛ս «Կիկիլիա»,17 հունիս, 1919 թ., Ա տարի, թիւ 58:
16. Նույն տեղում:
17. Թոփուզյան Հ., Սիրիայի և Լիբանանի հայկական գաղթօջախների պատմություն (1841-1946), Երևան, «Հայկակական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն», 1986, էջ 219:
18. Ալի Սուլթան, Սիրիայի պատմություն, Ֆեյսալ իբն Հուսեյնի իշխանությունը, (1918-1920), Դամասկոս, 1996, էջ 114 (արաբերեն):
19. «Հալէպի ջարդը եւ Պողոս Նուպար փաշա», տե՛ս «Կիլիկիա», 16 ապրիլ, 1919 թ.:







1919 թ. փետրվարի 28-ի Հալեպի կոտորածների
ժամանակ վիրավորված հայ գաղթականները




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2019 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ԹՈՒՄԱՆՅԱՆ 150

100photo

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2019 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am