Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ




Ռ. Lեմկինը կոլեգաների և Ցեղասպանության
կոնվենցիան վավերացնող չորս պետությունների
(Կորեա, Հայիթի, Իրան, Ֆրանսիա)
ներկայացուցիչների հետ,
Նյու Յորք, հոկտեմբերի 14, 1950 թ.:
Սրանով լրացավ կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ
20 պետությունների քանակը:

Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական կայքէջ
Մուտք

«Մշակութային ցեղասպանություն» (Cultural Genocide) եզրույթը սահմանվել է Ռաֆաել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառեզրի հետ միաժամանակ և իր նախնական բնորոշմամբ խմբի համակարգված ու դիտավորյալ ոչնչացման՝ ցեղասպանություն հանցագործության բաղկացուցիչ մաս է կազմել:

Սակայն տարիներ շարունակ տարբեր ցեղասպանագետների կողմից եզրույթը ենթարկվել է փոփոխությունների՝ հեռանալով իր սկզբնական բնորոշումից: «Մշակութային ցեղասպանության» շուրջ տեսաբանների անհատական մոտեցումներն ու տարաձայնությունները մեծապես պայմանավորված են միջազգային իրավունքի տեսանկյունից եզրույթի հստակեցման բացակայությամբ:

Սույն հոդվածում մի կողմից ներկայացվում են «մշակութային ցեղասպանություն» եզրույթի սկզբնավորման և բնորոշման ակունքները՝ միևնույն հանցագործության՝ ցեղասպանության երկու տարբեր կողմերի՝ ֆիզիկական բնաջնջման և մշակութային ոչնչացման շաղկապվածության շեշտադրմամբ, մյուս կողմից քննարկվում են ցեղասպանագիտության տեսաբանների՝ առ այսօր գոյություն ունեցող մոտեցումները «մշակութային ցեղասպանություն» եզրույթի շուրջ, մասնավորապես վերջինիս խմբագրելու փորձերը՝ մինչև անգամ անվանափոխման միջոցով:

1. «Մշակութային ցեղասպանություն» եզրույթի ծագումն ու բնորոշումը. Ռաֆայել Լեմկին

«Մշակութային ցեղասպանություն» եզրույթի ձևավորման հիմքում ընկած է «վանդալիզմ» (vandalism) բառեզրը: Նախքան genocide եզրույթի առաջադրումն ու բնորոշումը, դեռևս 1933 թ. Մադրիդի գիտաժողովում Ռաֆայել Լեմկինը հանդես եկավ միջազգային օրենսդրական մի քանի այլ նախագծերով, մասնավորապես «բարբարոսության» (barbarity) և «վանդալիզմի» (vandalism) դատապարտման համար (2): «Բարբարոսություն»-ը սահմանելով «ազգային, կրոնական, ռասայական և սոցիալական ընդհանրության կանխամտածված ոչնչացում», իսկ «վանդալիզմ»-ը` «...ընդհանրությունների ուրույն հանճարի դրսևորում հանդիսացող մշակույթի և արվեստի գործերի ոչնչացում»՝ Լեմկինը պնդում էր, որ երկուսն էլ անհրաժեշտ է որակել որպես միջազգային հանցագործություններ (3): Մասնավորապես «վանդալիզմ»-ի ակտն ըստ Լեմկինի շատ ավելի ծանր հետևանքներ կարող էր ունենալ, քանի որ այս կամ այն արվեստի գործի (որի ստեղծմանը նպաստել է եզակի հանճարը) ոչնչացումը անդառնալի կորուստ է ոչ միայն կոնկրետ խմբի մշակույթին, այլև ուղղված է ողջ մարդկության ու համաշխարհային մշակույթի դեմ (4): Նրա դիտարկմամբ՝ հարձակումը մշակույթի վրա միևնույն ժամանակ հարձակում է խմբի հոգևոր, բարոյական ամբողջության, ինչպես նաև ազգային հատկանիշների վրա, առանց որոնց խումբը երկար գոյատևել չի կարող:

Այսպիսով, «վանդալիզմն» իր բնորոշմամբ, ակնհայտորեն, հենց «մշակութային ցեղասպանության» հիմքն էր: Այն Լեմկինի համար ի սկզբանե կենսական կարևորություն ունեցող դրույթ էր և տարիներ հետո դրվելու էր ցեղասպանաության հայեցակարգի հիմքում: Դեռևս 1933 թ. Լեմկինի սահմանած երկու առանձին հանցագործություններն էլ՝ «բարբարոսությունն» ու «վանդալիզմը», շուրջ մեկ տասնամյակ անց մեկտեղվեցին ցեղասպանության ընդհանուր սահմանման մեջ՝ դառնալով այս հանցագործության բնորոշման կարևոր բաղադրիչներ: Ավելին, երկու հանցագործություններն էլ՝ թե´ «բարբարոսությունը» և թե´ «վանդալիզմը», մեծապես պայմանավորված էին Հայոց ցեղասպանությամբ, որի մասին առավել մանրամասն կխոսենք ստորև:

1944 թ. Ռ. Լեմկինը «Առանցքի երկրների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» իր հիմնարար աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ դնելով genocide (գենոցիդ, ցեղասպանություն) եզրույթը՝ վերջինիս բնորոշման մեջ առանձնահատուկ ուշադրություն հատկացրեց նաև մշակութային արժեքների ոչնչացման խնդրին (5): Համաձայն Լեմկինի՝ ցեղասպանությունը տարբեր գործողություններից կազմված համակարգված ծրագիր է, որը նպատակ ունի ոչնչացնելու ազգային խմբերի կենսական կարևորության կառույցները՝ խմբի ոչնչացման դիտավորությամբ: Այդ ծրագրի նպատակներն են դիտվում ազգային խմբերի քաղաքական և սոցիալական ինստիտուտների, մշակութային, լեզվական, ազգային զգացումների, կրոնական և տնտեսական կազմալուծումը, ինչպես նաև խմբի անդամների անձնական անվտանգության, ազատության, առողջության, արժանապատվության և անգամ կյանքի ոչնչացումը (6): Լեմկինը նկարագրում է ցեղասպանության ութ բաղադրիչները կամ գործիքակազմը (technique)՝ քաղաքական, սոցիալական, մշակութային, տնտեսական, կենսաբանական, ֆիզիկական, կրոնական և բարոյական (7): Մասնավորապես մշակութային ցեղասպանության մեջ նա ներառում է խմբի ազգային ավանդույթների, լեզվի արգելքը, մշակութային արժեքների՝ հուշարձանների, արխիվների, գրադարանների ոչնչացումը, ինչպես նաև խմբի մշակույթն ու արվեստը ներկայացնող մարդկանց բնաջնջումը (8):

Մշակութային ցեղասպանության կամ խմբի մշակույթի ոչնչացման գաղափարի ծնունդը և այն ցեղասպանության հայեցակարգ ներառելու կարևորությունն առավել մանրամասն լուսաբանված են Ռ. Լեմկինի հուշերում և արխիվային գրագրություններում (9): Մելբուռնի Դիքինի համալսարանի դասախոս դոկտոր Դոննա-Լի Ֆրիզը, ուսումնասիրելով Լեմկինի արխիվային փաստաթղթերը, նշում է, որ վերջինիս կողմից մշակույթի ոչնչացմանը հատկացված ուշադրությունը մեծապես պայմանավորված է եղել Հայոց ցեղասպանության օրինակով՝ որպես շարունակական և պատմականորեն բյուրեղացված ցեղասպանություն, և մշակույթի ոչնչացման գաղափարը երբևէ չի լքել ցեղասպանության վերաբերյալ Լեմկինի ունեցած հայեցակարգային ընկալումները (10):

Միևնույն համոզմունքն է հայտնում ամերիկահայ գրող, հետազոտող Փիթեր Բալաքյանը, ով իր «Ռաֆայել Լեմկին, մշակութային ոչնչացում և Հայոց ցեղասպանությունը» ընդարձակ հոդվածում, պնդում է, որ հենց 1890-ականների հայերի զանգվածային կոտորածները, Հայոց ցեղասպանությունն ու դրանց անպատժելիությունն են ցնցել դեռևս պատանի Լեմկինի աշխարhընկալումները՝ հետագայում դառնալով ցեղասպանության հայեցակարգի, այդ թվում և նրա մշակութային բաղադրիչի ձևավորման ու զարգացման կարևոր շարժառիթ (11): Մահվանից ամիսներ առաջ Հայոց ցեղասպանության մասին հրատարակած մի հոդվածում Լեմկինն ընդգծում է, որ Թուրքիայում ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդի կրած մշակութային կորուստներն առավել ցնցող են եղել (12): Լեմկինի բնորոշմամբ՝ «որպես Թուրքիայի մտավորականության կորիզ», հայերն ունեցել են անձնական արժեքավոր գրադարաններ, արխիվներ, պատմական ձեռագրեր, որոնք ցիրուցան են եղել ու անհետացել. ոչնչացվել են եկեղեցիներ, վանքեր, պատմաճարտարապետական արժեք ունեցող հուշարձաններ (13):

Իր ձեռագրերից մեկում լուսաբանելով ցեղասպանության հայեցակարգ ներառված մշակույթի կարևորությունը՝ Լեմկինը նշում է, որ մարդկային խմբի գաղափարը պարփակված է «գենոս» եզրույթում, որն իր հերթին մշակույթի և քաղաքակրթության հիմքն է, իսկ իրական մշակույթ ստեղծողը մարդկային հանրությունն է (14): Լեմկինի բնորոշմամբ՝ մշակութային բազմազանությունն է քաղաքակրթություն ձևավորում, և հետևաբար ծայրահեղ ազգայնականությունն իր գաղափարական հիմքով հանգեցնում է մշակութային բազմազանության ժխտման և «բռնի միջամտության» քաղաքակրթությանը (15): Եվ իսկապես, ազգային, կրոնական կամ էթնիկ յուրաքանչյուր խումբ խարսխված է իր մշակույթին, իսկ ոճրագործները գիտակցում են, որ խմբին չեզոքացնելու և խոցելու արդյունավետ եղանակը վերջինիս անդամներին միահյուսող, շաղկապող, ինչպես նաև իմաստ հաղորդող թելերի՝ լեզվի, ազգային, կրոնական ավանդույթների, հոգևոր և նյութական մշակույթի արժեքների կազմալուծումն է: Հետևաբար խումբը բնաջնջելու փորձն առաջին հերթին ուղղված է վերջինիս բնորոշ հատկանիշների և որակների՝ Լեմկինի առաջ քաշած հավաքական եզրույթի՝ «գենոսի» ոչնչացմանը: Ահա թե ինչու «ցեղասպանություն» հասկացության առաջին տեսաբանը՝ Ռաֆայել Լեմկինը, բնորոշելով մարդկության դեմ ուղղված ծանրագույն այս հանցագործությունը, նրանում կարևոր տեղ հատկացրեց մշակութային կողմին, և ինչպես հաջորդող էջերում կտեսնենք, հետևողականորեն պայքարեց, որպեսզի մշակութայինը ցեղասպանությունից չօտարվի և չտարանջատվի:

Իր անթվակիր արխիվային գրագրություններից մեկում Լեմկինը, զարգացնելով ցեղասպանության մշակութային ուղղությունը, չափազանց կարևորում է ֆիզիկական, կենսաբանական և մշակութային ցեղասպանությունների՝ միմյանցով սերտորեն փոխկապակցված լինելը (16): Նա առանձնացնում է մարդկային խմբի համար կենսական կարևորություն ունեցող 3 շերտ՝ ֆիզիկական գոյություն, կենսաբանական շարունակականություն (վերարտադրության միջոցով) և հոգևոր ու մշակութային ինքնադրսևորում: Համապատասխանաբար այս երեք կենսաշարտերի վրա հարձակումը, համաձայն Լեմկինի, կարող է որակվել որպես ֆիզիկական, կենսաբանական կամ մշակութային ցեղասպանություն (17): Լեմկինի դիտարկմամբ մշակութային ցեղասպանությունը կարող է իրագործվել հիմնականում կրոնական և մշակութային դաշտերում՝ ոչնչացնելով այն ինստիտուտներն ու օբյեկտները, որոնց միջոցով արտահայտվում է խմբի հոգևոր կյանքը, ինչպես օրինակ հոգևոր առաջնորդներին, երկրպագության վայրերը, կրոնական, պաշտամունքային կառույցները, դպրոցները, արվեստի և մշակույթի հարստությունները: Արդյունքում հոգևոր միասնության ուժը թուլանում է, և խումբը սկսում է անկում ապրել (18):

Սակայն, համաձայն Լեմկինի՝ մշակութային արժեքների վերացման ոչ բոլոր դեպքերը կարող են կամ պետք է որակվեն որպես ցեղասպանություն: Ցեղասպանական գործողություն են համարվում մշակույթի ոչնչացման այն դեպքերը, որոնք թիրախային խմբի դիտավորյալ ոչնչացման նպատակ են հետապնդում: Դա տարբերակելու համար նա առաջարկում է նախ և առաջ ուսումնասիրել և հասկանալ «մշակութային ոչնչացում» և «մշակութային ձուլում» հասկացությունների սահմանը: Ըստ Լեմկինի հայեցակարգի՝ մշակութային ձուլումը կամ միավորումը, որը ցեղասպանական բնույթ չի կրում, տեղի է ունենում աստիճանաբար, չկանխորոշված կերպով և իրենից ներկայացնում է «մշակույթի շարունակական և դանդաղ ադապտացիա»՝ պայմանավորված ներքին և արտաքին զանազան ազդեցություններով (19): Մինչդեռ մշակութային ցեղասպանությունն իր տեսակի մեջ ուրույն է, քանի որ այն ոչ միայն բուն ոչնչացման գործողությունն է, որն իրագործվում է բռնությամբ, կտրուկ և ամբողջությամբ, այլ նաև դրսևորվում է խմբի ֆիզիկական կամ կենսաբանական ոչնչացման գործողություններում: Հետևաբար Լեմկինի պնդմամբ որևէ դժվարություն չի ներկայացնի մշակութային ցեղասպանությունը տարբերել մշակութային ձուլումից, քանի որ մշակութային ցեղասպանությունը ներառված է ցեղասպանությունն իրագործողի նպատակի, դիտավորության ու ծրագրի մեջ (20): Իր հիմնարար աշխատության մեջ որպես մշակութային ցեղասպանության վառ օրինակ Լեմկինը բերում է 1939 թ. գերմանացիների կողմից Լյուբլինի (քաղաք Լեհաստանում) հրեական աստվածաբանական ճեմարանի գրադարանի հրկիզման դրվագը՝ հատված մեջբերելով դրան մասնակցած մի գերմանացու խոստովանությունից. «Մեզ համար Լեհաստանում իր մեծությամբ հայտնի Թալմուդի ակադեմիայի (21) ոչնչացումն առանձնակի հպարտության առարկա էր: Մենք դուրս նետեցինք Թալմուդի հսկայական գրադարանը և տեղափոխեցինք շուկա, ուր և հրկիզեցինք այն» (22): Իր խոստովանության մեջ գերմանացին պատմել է նաև, թե ինչպես քսան ժամ շարունակվող հրդեհի շուրջ հավաքված հրեաների ողբը խլացրել էր իրենց, և ինչպես զինվորական նվագախմբի ուղեկցությամբ, ուրախ գոռում-գոչյուններով իրենք լռեցրին հրեաներին (23): Հոլոքոստի այս մեկ դրվագով Լեմկինը մատնանշում է միևնույն հանցագործության երկու կողմերը՝ մշակութային և ֆիզիկական ոչնչացումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով ոճրագործի գիտակցումն իր գործած հանցանքի հանդեպ՝ այն է՝ դիտավորությունը (24):

Լեմկինի կողմից «մշակութային ցեղասպանությունը» չափազանց կարևորելու մասին է վկայում վերջինիս քրեականացմանն ուղղված նրա ջանքերը: Ցեղասպանության վերոնշյալ ութ բաղադրիչներից «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի երկու նախագծերում ընդգրկվեցին միայն երեքը՝ ֆիզիկականը (ֆիզիկական անձանց ոչնչացում), կենսաբանականը (ծնունդների կանխարգելում) և մշակութայինը (խմբին բնորոշ առանձնահատկությունների դիտավորյալ ոչնչացում) (25): Սակայն, չնայած խնդրի կարևորությանը, հենց մշակութային ասպեկտի ներառման հարցը դարձավ վեճերի ու հակադրությունների առիթ (26): Որքան էլ մշակութային ցեղասպանությունն առանցքային տեղ էր զբաղեցնում Լեմկինի հայեցակարգում, և նրա կողմից խիստ կարևորվում էր կոնվենցիայում այդ եզրույթի ներառումը, նա ստիպված էր ընկրկել այդ ծանր պայքարում, որպեսզի ցեղասպանության հայեցակարգն իրավական ուժ ստանար: Կոնվենցիայի ընդունումից հետո էլ տասնամյակներ շարունակ խնդրահարույց է եղել միջազգային իրավական փաստաթղթերում genocide եզրույթի ձևակերպման ընդլայնման և դրանում մշակութային ասպեկտի կիրառման հարցը: Մինչդեռ ցեղասպանություն իրագործելիս ոճրագործների խնդիրը միայն խմբի անդամների սպանությունը չէ, այլ այդ խմբի ինքնության ոչնչացումը նաև մշակութային ժառանգության անհետացման միջոցով: Այս մասին էր պնդում Լեմկինը Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի օրինակով:

2. Մշակութային ցեղասպանությունն ըստ ցեղասպանագիտության տեսաբանների

Ռաֆայել Լեմկինի մշակութային ցեղասպանության դրույթը հետագա տարիներին իրենց տեսություններում զարգացրին ցեղասպանագիտության դասական տեսաբաններ Լեո Կուպերը, Վահագն Դադրյանը, Սեմյուել Թոթթենը, Իսրայել Չառնին, Էլիսըն Պալմերը, Մարտին Շոուն, տարբեր գիտակարգերով ցեղասպանությունն ուսումնասիրող մասնագետներ Մոհամմեդ Աբեդը, Բարի Սաութմանը, Դոննա-Լի Ֆրիզը, Դիրք Մոզեսը, Թաներ Աքչամը, Էլիզա Նովիկը, Հելեն ֆայնը, Պամելա դե Կոնդա-պան և այլք: Ցեղասպանությունն ուսումնասիրողների այս կազմը կարելի է հստակ տարանջատել երկու խմբի: Առաջին և մեծամասնություն կազմող խումբը (Լեո Կուպեր, Վահագն Դադրյան, Սեմյուել Թոթթեն, Մարտին Շոու, Մոհամմեդ Աբեդ, Բարի Սաութման, Թաներ Աքչամ, Դոննա-Լի Ֆրիզ, Պամելա դե Կոնդա¬պա և այլոք) ինչպես և Լեմկինը, պնդում է, որ ցեղասպանության մշակութային կողմը ցանկացած ցեղասպանական գործողության պարտադիր դրսևորումներից մեկն է, և որ ցեղասպանությունն անպայմանորեն չի նշանակում խմբի ֆիզիկական ոչնչացում: Մինչդեռ ուսումնասիրողների երկրորդ խումբը (Էլիսըն Պալմեր, Դիրք Մոզես, առավել ընդգծված ներկայացուցիչը՝ Իսրայել Չառնի) հակված է պնդելու, որ խմբի մշակույթի ոչնչացումը չպետք է ներառել ցեղասպանություն հասկացության մեջ, որի համար պետք է թողնել միայն խմբի ֆիզիկական ոչնչացումը:

CG

Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր գրասենյակը Լեյք Սաքսեսում, Նյու Յորք, 1947 թ.

Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական կայքէջ
Ցեղասպանագիտության տեսաբաններից բրիտանացի սոցիոլոգ, պրոֆեսոր Մարտին Շոուի պնդմամբ՝ այն ենթադրությունը, թե մշակութային ցեղասպանությունը տարբերվում է ֆիզիկական բռնություն ենթադրող ցեղասպանությունից իրականում թյուրիմացություն է, քանզի ցեղասպանության մշակութային ուղղությունը, ցանկացած ցեղասպանական գործողության մաս է կազմում (27): Վերջինս առանձնացնում է հետևյալ 3 հարթությունները. 1) մշակութային բռնաճնշում, որը խմբի մշակույթի մերժումն է նախացեղասպանական փուլում (ինչը ենթադրում է զգոնություն սպասվելիք ցեղասպանության հանդեպ-Ս. Պ.), 2) ցեղասպանության մշակութային ուղղվածություն, որը ցեղասպանական գործընթացի մաս է կազմում, 3) խմբի ոչ միտումնավոր ոչնչացում, երբ խմբերը ոչնչանում են հիվանդություններից կամ սովից, որոնք դիտավորության արդյունք չեն (28): Վերջինիս դեպքում, անշուշտ, խմբի ներսում մշակութային կապերի թուլացման արդյունքում տեղ է ունենում նաև մշակույթի ոչ միտումնավոր ոչնչացում, որը ցեղասպանական ակտ չէ և հետևաբար այս դեպքում ոչնչացումը մշակութային ցեղասպանություն չի կարող դիտարկվել:

Ցանկացած խմբի գոյությունը կարող է հարցականի տակ դրվել, եթե այն զրկվում է իր մշակույթից, անգամ խմբի ֆիզիկական գոյության դեմ որևէ սպառնալիքի բացակայության պարագայում: Հետևաբար, գրում է անգլիացի հետազոտող Պամելա դե Կոնդապան, նյութական մշակույթի համակարգված և դիտավորյալ ոչնչացումը գալիս է վկայելու, որ տվյալ էթնիկ խումբը նման մշակութային զտման մաս է կազմում (29):

Ամերիկացի սոցիոլոգ, ցեղասպանագիտության դասական տեսաբաններից Լեո Կուպերի համոզմամբ մշակութային ցեղասպանություն հասկացությունը պետք է վերապահված լինի այն հետևողական քաղաքականությանը, որն ուղղված է դիտավորյալ կերպով այս կամ այն խմբի մշակույթը վերացնելուն (30): Այն, ինչը Լեմկինն անվանում է «մշակութային ձուլում», Կուպերը տալիս է «մշակույթի փոփոխություն» անվանումը: Վերջինիս պնդմամբ մշակույթները կամ մշակութային ինստիտուտները, գաղութացման, էկոլոգիական փոփոխությունների և այլ ազդեցությունների հետևանքով փոխառելով այլ մշակութային տարրեր, հաճախ ենթարկվում են ձևափոխման, և նման օրինակները չպետք է բնորոշել որպես մշակութային ցեղասպանություն (31):

Դոննա-Լի Ֆրիզը, հիմք ընդունելով Լեմկինի վերոնշյալ տեսությունը, առաջ է քաշում «ցեղասպան մշակութային ոչնչացում» ձևակերպումը՝ հավելելով, որ մշակութային արժեքների ոչնչացման առանձին դեպքերը սխալ է ցեղասպանական համարել (32): Ըստ նրա՝ օրինակ՝ 1989 թ. դեկտեմբերյան հեղափոխության ժամանակ Բուխարեստի համալսարանի գրադարանի կործանման պատճառ հանդիսացած կրակը ցեղասպան չէր, քանի որ այն թիրախային խմբի դիտավորյալ ոչնչացման նպատակ չէր հետապնդում: Ուստի դժվար չի լինի տարբերակել կամ հասկանալ, թե արդյո՞ք այս կամ այն մշակութային ոչնչացման դեպքը կրում է ցեղասպան դիտավորություն, արդյո՞ք այն պետք է դիտարկել որպես նախազգուշացում հետագայում սպասվելիք ֆիզիկական կամ կենսաբանական ոչնչացման համար, թե՞ ոչ (33):

Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մոհամմեդ Աբեդի պնդմամբ՝ ցեղասպանության մշակութային կողմը հանգեցնում է խմբի «սոցիալական մահվան» (34): Մյուս կողմից՝ որոշակի տարածքից խմբի տեղահանությունը կամ աքսորը էապես կթուլացնի մշակութային կապերը, քանի որ մասնավորապես հոգևոր մշակույթի արժեքները, ամուր կապված լինելով խմբի հայրենիքի հետ, հաճախ չեն կարող վերստեղծվել կամ դրա համար ցեղասպանությունը վերապրող սփյուռքի կողմից առնվազն տասնամյակներ կպահանջվեն (35): Աբեդի ձևակերպմամբ՝ եթե խմբի մշակութային ժառանգությունը, որը յուրաքանչյուր սերնդի անդամներ ենթադրվում է, որ պետք է փոխանցեն իրենց հաջորդներին, ամուր կապված է որոշակի տարածքի հետ, հետևաբար աքսորը ևս կարող է հեռացնել անհատներին իրենց կոլեկտիվ ինքնությունից, որի շնորհիվ նրանք այն են, ինչ կան (36):

Ցեղասպանագետ Վահագն Դադրյանի պնդմամբ՝ մշակութային ցեղասպանությունը թիրախային խմբի կամ զոհի մշակույթի պարտադիր յուրացումն է, որն իրագործողի կողմից դիտարկվում է որպես շահավետ միջոց: Նրա ձևակերպմամբ. «Տիրապետող խմբի կողմից զոհը դիտվում է որպես թանկագին թիրախ՝ իր հավաքական և անհատական ունեցվածքով, որի պարտադիր յուրացումն ընկալվում է որպես շահավետ մի բան» (37):

Մեր օրերում «մշակութային ցեղասպանություն» եզրույթն ավելի հաճախ նույնացվում կամ փոխարինվում է ethnocide («Էթնոցիդ», ազգասպանություն) եզրով: Ասվածի առաջին փորձերից է 1981 թ. Սան Խոսեում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված հռչակագիրը, որտեղ «էթնոցիդը» կամ «մշակութային ցեղասպանությունը»՝ որպես ցեղասպանությանը համարժեք երևույթ դատապարտվում է՝ բնորոշվելով որպես միջազգային իրավունքի խախտում (38):

Ցեղասպանագիտության մեջ «էթնոցիդ»-ի առաջին տեսական բնորոշումները տվել են տեսաբան Էլիսըն Փալմերն ու անվանի ցեղասպանագետ, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չառնին: Սակայն, ի տարբերություն Չառնիի, մեր կարծիքով Փալմերի տեսությունն առանձնանում է իր երկակի ընկալմամբ՝ որոշակի շփոթմունք առաջ բերելով: Այսպես, մի կողմից Փալմերը գրում է, որ «էթնոցիդն» իր պարզագույն բնորոշմամբ ենթադրում է մշակույթի ոչնչացում և կոնցեպտուալ առումով տարբերվում է ցեղասպանությունից, որն ուղղված է խմբի ֆիզիկական ոչնչացմանը (39): Մյուս կողմից՝ պնդում է, որ ցեղասպանության և «էթնոցիդ»-ի միջև տարբերակումը հստակ չէ. «էթնոցիդ»-ի պարագայում, թեև ֆիզիկական ոչնչացումը պարտադիր չէ, սակայն այն հաճախ տեղի է ունենում միաժամանակ՝ հավելելով, որ հաճախ «հաջողված» էթնոցիդը կարող է հանգեցնել նրան, որ խմբի անդամները հրաժարվեն ապրելու ցանկությունից (40): Այսինքն՝ Փալմերի առաջարկած ձևակերպումից երևում է, որ «էթնոցիդ»-ը մշակույթի ոչնչացումն է, որով վտանգվում է տվյալ խմբի՝ որպես առանձին էթնիկ ինքնության գոյությունը, ինչի մասին և պնդում էր Լեմկինը՝ առանց կիրառելու տարանջատում մտցնող «էթնոցիդ» եզրույթը:

Որպես մշակութային ցեղասպանության բնորոշիչ՝ «Էթնոցիդ» բառեզրի առավել հստակ սահմանումը տալիս է Իսրայել Չառնին: Վերջինիս առաջարկած տեսությունը ուղիղ հակադիր է Լեմկինի սահմանած հայեցակարգին: Համաձայն Չառնիի՝ խմբի մշակույթի ոչնչացումը չպետք է ներառել ցեղասպանություն հասկացության մեջ, որի համար պետք է թողնել «մարդկանց կյանքին վերջ դնող իրական զանգվածային սպանությունների» բնորոշումը միայն, այսինքն խմբի ֆիզիկական ոչնչացումը (41): Ուստի մշակութային ցեղասպանության փոխարեն նա առաջարկում է օգտագործել՝ ցեղասպանության մինչ այդ հայտնի սահմանաման հետ կապ չունեցող «Էթնոցիդ» եզրույթը՝ որպես այն հիմնական գործընթացների բնորոշիչ, որոնք արգելում կամ միջամտում են մշակույթի կամ ազգի վերարտադրության և շարունակականության բնական ցիկլին (42): Այսպիսով, «էթնոցիդ»-ը, ըստ Չառնիի սահմանման, էթնիկական, ազգային, կրոնական կամ այլ խմբի մշակույթի դիտավորյալ ոչնչացումն է և պարտադիր չէ, որ այն ներառի մարդուն իրական կյանքից զրկելու հանգամանքը (43): Չառնին «էթնոցիդ»-ն իր հերթին բաժանում է 5 ենթախմբի, որոնք են՝ կենսաբանական և ֆիզիկական էթնոցիդ (biological and physical ethnocide), տնտեսական էթնոցիդ (economic ethnocide), լինգվոցիդ (linguicide), կրոնական և հոգևոր (religious and spiritual ethnocide), սոցիալական էթնոցիդ (social ethnocide) (44): Մասնավորապես «լինգվոցիդ»-ի համար նա տալիս է հետևյալ սահմանումը. «Մեկ այլ ժողովրդի լեզվի կիրառման արգելքը կամ այլ եղանակով դիտավորյալ ոչնչացումը» (45):

Հարվարդի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Հելեն Ֆայնի պնդմամբ՝ այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են «լինգվոցիդ»-ը, «սոցիոցիդ»-ը, «մշակութային ցեղասպանություն»-ը և այլն, ցեղասպանության սահմանմանը հավելվում են այն պատճառով, որպեսզի ցույց տան հավաքականության դեմ իրագործված քաղաքականության սոցիալական հետևանքները (46):

Մշակութային ցեղասպանության կամ «Էթնոցիդի» համար Ի. Չառնին տալիս է որակավորման հետևյալ չափորոշիչները. 1) կանխամտածվածություն, 2) համընդանուր կամ միաձայն ընդունված նպատակ, 3) քաղաքականությունն իրականացնելու վճռականություն, 4) դիմադրության հաղթահարման ջանքեր, 5) զոհերի փախուստը խոչընդոտելու ջանքեր, 6) հետապնդման դաժանություն (47):

Հատկանշական է, որ «Էթնոցիդ»-ն առավել ակնհայտ դրսևորվել է տեղաբնիկ փոքրամասնությունների հանդեպ՝ գաղութատիրական էքսպանսիայի, ազգային պետությունների ստեղծման և պետության զարգացման ծրագրերի համատեքստում (48):

Սիդնեյի համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր Դիրք Մոզեսը, նկատի ունենալով որոշ տեսաբանների կողմից բնիկ ժողովուրդների գաղութացման գործընթացները որպես «մշակութային ցեղասպանություն» բնորոշելու միտումը, հարցադրում է անում, թե արդյո՞ք կարելի է հավասարության նշան դնել մշակութային ցեղասպանության և ֆիզիկական բնաջնջման միջև: Մոզեսը պնդում է, որ երկու երևույթների միջև, անշուշտ, գոյություն ունի փոխկապակցվածություն, սակայն պետք է խուսափել ցեղասպանություն եզրույթն օգտագործել այն դեպքերի համար, որտեղ բացակայում է խմբի բռնի ոչնչացման փորձը (49):

Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ և իրավաբան Բարի Սաութմանի պնդմամբ, այն դիտավորությունը, որն ընկած է «Էթնոցիդ»-ի հիմքում, չի կարող համարժեք լինել «մշակութային ցեղասպանության» հիմքում ընկած դիտավորության հետ, քանի որ «Էթնոցիդ»-ը չի առնչվում խմբի ֆիզիկական և կենսաբանական ոչնչացման հետ, այլ հատուկ է բռնի ձուլմանը և ոչ ազգաբնակչության բնաջնջմանը (50): Եվ քանի որ «Էթնոցիդ» բառեզրը ներառված չէ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փաստաթղթերում և չունի որոշակի բնորոշում, դա է պատճառը, որ տեսաբաններն անհատական մոտեցում են ցուցաբերում այս հարցում (51):

Ներկայումս որոշ հետազոտողների կողմից մշակութային ցեղասպանություն եզրույթի հետ հաճախ կիրառվում են Էթնիկ ձուլում (ասիմիլյացիա) և էթնիկ զտում ձևակերպումները: Այս առնչությամբ մտահոգություն է հայտնում միջազգային իրավունքի մասնագետ Էլիզա Նովիկը՝ պնդելով, թե արդյո՞ք մշակութային ոչնչացումներին զուգընթաց տեղի ունեցած էթնիկ զտման փորձերը պետք է դիտարկել որպես մշակութային ցեղասպանություն, որը քննարկումների առարկա է և կարիք ունի հստակ ձևակերպման, մասնավորապես միջազգային իրավունքի տեսանկյունից հետագա հստակեցման (52):

Պատմաբան Թաներ Աքչամը, հղում կատարելով Լեմկինի այն պնդմանը, որ մշակութային ցեղասպանությունը խմբի ազգային-մշակութային առանձնահատկությունների ոչնչացումն է, բռնի ուծացումը (բռնի ձուլում) դիտարկում է որպես մշակութային ցեղասպանությանը բնորոշ տարր (53): Բռնի ուծացման համար Աքչամն առանձնացնում է չորս հիմնական բաղադրիչներ. 1) «կամավոր» կամ բռնի կրոնափոխությունը, 2) 12 տարեկան և ավելի փոքր տարիքի երեխաների՝ որբանոցներում և մահմեդականների տներում ցրելն ու թուրք-իսլամական մշակույթի ոգով դաստիարակելը, 3) կանանց և հատկապես մանկամարդ աղջիկների բռնի ամուսնությունները մահմեդական տղամարդկանց հետ, 4) Հալեպում, Ռաքքայում, Ռաս-ուլ-Այնում, Դեր Զորում վերաբնակեցված հայերին թուրքերեն լեզվի ու կրթության պարտադրանքը, հայերենի հետ կապված արգելքները և այլն (54): Պատմաբանը մտահոգություն է հայտնում, որ թեև բռնի ուծացումը ցեղասպանական գործընթացների անբաժանելի մաս է կազմում և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրերից մեկն է, այնուամենայնիվ, խնդիրը մինչ օրս էականորեն անտեսվել է և որևէ համակարգված ուսումնասիրություն չի կատարվել թեմայի վերաբերյալ: Այս բացթողումն Աքչամը պայմանավորում է երկու հանգամանքով.

1) ցեղասպանությունը քրեականացնող կոնվենցիայի սահմանումից մշակութային ցեղասպանության դրույթի դուրս թողնելով, որի բնական հետևանքը եղավ այն, որ բռնի ուծացումը մոռացության մատնվեց,

2) հետագա տարիներին ցեղասպանագիտական ուսումնասիրությունների մեծ մասն, ըստ էության, ձևավորվել է Հոլոքոստի օրինակի շուրջ, իսկ նացիստները չեն վարել հրեաներին բռնի կերպով գերմանական մշակույթը պարտադրելու, նրանց մշակութային առանձնահատկությունները ոչնչացնելու քաղաքականություն: Հրեաները հիմնականում բնաջնջվել են ֆիզիկապես և մշակութային ոչնչացումը, տվյալ դեպքում բռնի ուծացումը երբեք այլընտրանք չի եղել (55):

Ընդունելով Աքչամի առաջ քաշած վերոնշյալ թեզի ճշմարիտ կողմերը, այնուամենայնիվ, ունենք որոշակի անհամաձայնություն դրա շուրջ: Խնդիրն այն է, որ բռնի ուծացումը կամ բռնի ձուլումը բնորոշող վերոնշյալ չորս հիմնական բաղադրիչներից երկուսը (երկրորդ, մասամբ նաև երրորդ կետերը), լիովին համապատասխանում են ցեղասպանության կոնվենցիայի բնորոշման վերջին՝ կետին, այն է՝ «Գ) Խմբի երեխաների բռնի տեղափոխումն այլ խումբ»: Վերջինս, ինչպես հայտնի է, դարձավ Միավորված ազգերի կազմակերպությունում պատրաստված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի նախագծում տեղ գտած «մշակութային ցեղասպանությունը» բնորոշող այն միակ ձևակերպումը, որը վերջնական տարբերակում տեղափոխվեց ցեղասպանության բնորոշման մեջ և ստացավ իրավական ձևակերպում: Մեր առարկությունը կայանում է նրանում, որ Թաներ Աքչամն արդեն իսկ իրավական ձևակերպում ստացած և միջազգային իրավունքով հստակեցված բռնի տեղափոխման այս երկու էլեմենտները փորձում է տեղափոխել մի դաշտ՝ դրան տալով բռնի ուծացում անվանումը, որը իրավական ձևակերպում չունի և միջազգային իրավունքի տեսանկյունից ունի հստակեցման կարիք:

CG

Փարիզի Շայո պալատը որտեղ 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան

Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական կայքէջ
Մշակութային ցեղասպանություն հասկացությունը տարբեր որակումներով սահմանվել է նաև մի շարք հանրագիտարաններում: Այսպես, «Ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ» հանրագիտարանը «մշակութային ցեղասպանությունը» կամ «էթնոցիդ»-ը վերապահում է այն քաղաքականությանն ու գործընթացներին, որոնք «ուղղված են խմբի առանձին ինքնությունը ոչնչացնելուն, խմբի անդամների ֆիզիկական ոչնչացմանը զուգընթաց կամ առանց դրա» (56): Ֆրանսիական Քիյե (Quillet) հանրագիտարանային բառարանում ցեղասպանությունը որակվում է որպես հանցագործություն, որը ֆիզիկական բնաջնջումից բացի նպատակ ունի ոչնչացնելու այս կամ այն սոցիալական կամ ռասայական խմբի քաղաքական, կրոնական, սոցիալական, մշակութային և հոգևոր ինստիտուտները (57): «Սովետական մեծ հանրագիտարանը» տալիս է «ազգային-մշակութային ցեղասպանություն» որակումը, որը «դրսևորվում է այնպիսի միջոցառումներում և գործողություններում, որոնք ուղղված են որևէ խմբի (ազգաբնակչության) մայրենի լեզվի կիրառման և ազգային մշակույթի դեմ» (58): «Հայկական հարց» հանրագիտարանը տալիս է «ազգային-մշակութային եղեռն» որակումը՝ սահմանելով այն «միջոցառումներ և գործողություններ որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով» (59):

Ակնհայտ է, որ մշակութային արժեքների ոչնչացումը դժվար է զուգորդել մարդկանց ֆիզիկական ոչնչացման կամ մի ամբողջ խմբի բնաջնջման հետ, սակայն մասնավորապես Հայոց ցեղասպանության օրինակը գալիս է ապացուցելու, որ դրանք միևնույն հանցագործության երկու կողմերն են՝ փոխկապակցված միմյանցով և, որպես կանոն, առանձին չեն դրսևորվում: Խմբի մշակույթի ոչնչացման անմիջական հետևանքը կարող է լինել տվյալ խմբի կենսագործունեության և հիշողության հետ կապված հետքերի վերացումը, ինչն էլ իր հերթին նպաստավոր պայմաններ կստեղծի ցեղասպանությունն իրագործող կողմի համար այդ խմբի երբեմնի գոյությունը ժխտելիս: Մասնավորապես, մշակութային հուշարձաններն ունենալով տարածքային պատկանելիություն և խորհրդանշելով կոնկրետ էթնիկ կամ դավանական պատկանելություն՝ միաժամանակ կատարում են յուրօրինակ ցուցիչների գործառույթ՝ տվյալ տարածքի պատկանելության հարցում, առաջ բերելով մտավախություն հակառակորդ կամ մրցակցող էթնոդավանական հանրության մոտ: Արդյունքում այն կարող է դրսևորվել չեզոքացման ծայրահեղ ձևով, այն է՝ տվյալ մշակույթի մաս կազմող հուշարձանի կամ միավորի լիակատար ոչնչացմամբ:

Հայկական մշակութային հուշարձանների դեմ իրագործված քաղաքականությունն իրավացիորեն ցեղասպանական գործողություն է բնորոշում Արկանզասի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Սեմյուել Թոթթենը (60): Մասնավորապես նա գրում է, որ թուրքերի նպատակը միայն բոլոր հայերին սպանելը չէր, այլ նաև մաքրելը նրանց երբեմնի գոյության ցանկացած վերջին հետքը. «դրան հասնելու համար՝ թուրքերը դիմում էին տարբեր մեթոդների՝ հրկիզելով և ավերելով հայկական բոլոր եկեղեցիներն ու մշակութային հուշարձանները» (61):

Փաստորեն, տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության օրինակով կարելի է պնդել, որ ոճրագործների վերջնական նպատակը թիրախավորվող խմբի տեսակի ոչնչացումն է, որը բացի ֆիզիկական ոչնչացումից ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ, այդ թվում և մշակութայինը: Եվ տարանջատել կամ զատորոշել այդ բաղադրիչներից թեկուզ և մեկը միևնույն հացագործությունից և փորձել որակել այն այլ եզրույթներով, խեղաթյուրում և թուլացնում է ցեղասպանություն հանցագործությունը: Հայոց ցեղասպանությունն ասվածի դասական օրինակն է, երբ ոճրագործները հայերի ֆիզիկական բնաջնջմանը զուգահեռ հետևողականորեն իրականացնում էին հայկական մշակույթի, լեզվի, պատմության համակարգված ոչնչացում՝ ամբողջացնելով հայի՝ որպես ազգային տեսակի բնաջնջում: Նշված քաղաքականությունը շարունակվեց նաև թուրքական հետագա վարչակարգերի օրոք (քեմալական-հանրապետական)՝ լիակատար դարձնելով հայության և վերջիններիս հետ կապված ցանկացած հետքի և հիշողության մաքրումը իրենց պատմական տարածքներից:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, ցեղասպանագիտության ոլորտում մշակութային ցեղասպանության շուրջ գոյություն ունեն բավական լայն քննարկումներ և տարբեր մոտեցումներ: Չնայած հայեցակարգի հեղինակ Լեմկինի կողմից «մշակութային ցեղասպանությանը» տրված հստակ բնորոշմանը՝ հետագա տեսաբաններից ոմանք խմբագրեցին, մինչև անգամ անվանափոխեցին եզրույթը՝ հեռանալով նախնական բնորոշումից: Որոշ տեսաբանների կարծիքով մշակութային ցեղասպանությունը սահմանելու բարդությունը գալիս է իր հիմնական էլեմենտից՝ մշակույթից, որն անընդհատ փոփոխվող և զարգացող երևույթ է (62): Սակայն հարցն այն է, որ այդ նույն մշակույթը զարգանում և փոփոխվում է այս կամ այն խմբի ներսում, և եթե չկա խումբը, մշակույթը չի կարող զարգանալ կամ փոփոխվել: Ակնհայտ է, որ գոյություն ունեցող տարաձայնություններն ու տեսաբանների անհատական մոտեցումները մեծապես պայմանավորված են միջազգային իրավունքի տեսանկյունից եզրույթի հստակեցման բացակայությամբ: Չնայած խնդրի հրատապությանը՝ առ այսօր գոյություն չունի որևէ միջազգային իրավական գործիք կամ փաստաթուղթ, որը «մշակութային ցեղասպանությունը» կդարձնի պատժելի արարք: Միջազգային իրավունքում չգտնելով իր հստակ ձևակերպումը՝ «մշակութային ցեղասպանություն» եզրը, լավագույն դեպքում օգտագործվում է իբրև քաղաքական քարոզչության գործիք՝ հրավիրելու համար միջազգային հանրության ուշադրությունն ու համապատասխան արձագանքը մշակութային իրավունքների լուրջ ոտնահարումների դեմ:

Բազմիցս մեր հոդվածներում բարձրաձայնել ենք մեր օրերում շարունակվող և ցեղասպանություններով ուղեկցվող մշակութային ոչնչացումների մասին՝ պնդելով, որ գոյություն ունեցող անպատժելիությունը, թելադրում է, որ առավել քան հրատապ է միջազգային նոր կոնվենցիայի ընդունումը, որով կքրեականացվի մշակութային արժեքների ոչնչացումը:




Սեդա Ա. Պարսամյան

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ, հայցորդ

Վէմ համահայկական հանդես, ԺԱ (ԺԷ) տարի, թիվ 4 (68), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2019


__________________________________________________________

1. Ռաֆայել Լեմկին (1900-1959), հրեական ծագումով լեհ իրավագետ, ցեղասպանություն եզրույթի հեղինակ: Մեծ ներդրում է ունեցել «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի մշակման և ընդունման գործում: Հեղինակ է մի շարք աշխատությունների: 2. Տե´ս Lemkin R., Acts Constituting a General (Transnational) Danger Considered as Offences against the Law of Nations, 1933 (մատչելի է՝ http://www.preventgenocide.org/lemkin/madrid1933-english.htm, դիտվել է՝ 11.02.2019), տե´ս նաև Totally Unofficial: The Autobiography of Raphael Lemkin, edited by Frieze D.-L., New Haven: Yale University Press, 2013, էջ 22:
3. Տե´ս նույն տեղում:
4. Տե´ս նույն տեղում:
5. Տե´ս Lemkin R., Axis Rule in Occupied Europe: Laws of Occupation, Analysis of Government, Proposals for Redress, Washington: Carnegie Endowment for International Peace, 1944, էջ 79-80:
6. Տե´ս նույն տեղում:
7. Տե´ս նույն տեղում, էջ 82-90:
8. Տե´ս նույն տեղում, էջ 84-85:
9. Տե´ս Totally Unofficial…, Raphael Lemkin Collection, American Jewish Historical Society (AJHS (մատչելի է՝ http://digital.cjh.org/R/3N5MGJHA7A23T3DB59T73H5SIEIFT31IDD44FA4EQ8UGA75GEM0882?func=collections-result&collection_id=1661&pds_handle=GUEST, դիտվել է` 12.02.2019)), ինչպես նաև՝ Frieze D.-L., “Genos-the Human Group”: How the Concept of “Culture” Underscores Raphael Lemkinʾs Notion of “Genocide,” The Crime of Genocide: Prevention, Condemnation and Elimination of Consequences, Proceedings of International Conference (Yerevan, December 14-15, 2010, MFA of Armenia, AGMI), Yerevan, 2011, էջ 164-171:
10. Տե´ս Frieze D.-L., “Genos-the Human Group,” էջ 165:
11. Տե´ս Balakian P., “Raphael Lemkin, Cultural Destruction, and the Armenian Genocide”, Holocaust and Genocide Studies, Volume 27, Issue 1, 1 April 2013, էջ 58-61. Ասվածի առնչությամբ դեռևս երիտասարդ դոկտորանտ Լեմկինի հուշերից ընթերցում ենք. «Թուրքիայում ավելի քան 1.2 միլիոն հայ սպանվեց միայն այն պատճառով, որ քրիստոնյա էր: …Հետո մի օր թերթում կարդացի, որ բոլոր թուրք պատերազմական հանցագործները պետք է ազատ արձակվեն: Ես ցնցված էի: Ազգը ոչնչացված է, իսկ մեղավորներն ազատության մեջ են»: Այնուհետև Լեմկինի մտորումները հանգում են նրան, թե ինչո՞ւ է մարդը պատիժ կրում, երբ սպանում է որևէ մեկին, մինչդեռ միլիոնավոր մարդկանց սպանությունն ավելի՞ պակաս հանցագործություն է. նա գրում է, որ թեև չգիտեր բոլոր պատասխանները, բայց զգում էր, որ «աշխարհը պետք է օրենք ընդունի նմանատիպ ռասայական կամ կրոնական սպանության դեմ»: Տե´ս Totally Unofficial…, էջ 19-20:
12. Lemkin R., “Father of Genocide Convention, Reviews Work Relating to Turkish Massacres”, Hairenik Weekly: Thursday January 1, 1959 (մատչելի է՝ http://asbarez.com/59792/lemkins-hairenik-weekly-article-50-years-later-a-powerful-reminder/, դիտվել է՝ 02.12.2019):
13. Տե´ս նույն տեղում:
14. Տե´ս Frieze D.-L., “Genos-the Human Group,” էջ 169-170:
15. Տե´ս նույն տեղում, էջ 170:
16. Տե´ս Raphael Lemkin Collection, box 6, folder 2, “Genocide as a crime under international law,” p. 2, American Jewish Historical Society (AJHS (մատչելի է՝ http://digital.cjh.org/R/L97JR1HAXIUIYKULF24PFYHBG8FCUKAEBJ465QLU3FTJDVGINS-03877?func=results-jump-page&set_entry=000021&result_format=002, դիտվել է` 12.02.2019)):
17. Տե´ս նույն տեղում:
18. Տե´ս նույն տեղում:
19. Տե´ս Frieze D.-L., “Genos-the Human Group,” էջ 167:
20. Տե´ս նույն տեղում, էջ 168:
21. Հուդայական սուրբ գիրքն ու նրա մեկնություններն ուսումնասիրող և դասավանդող բարձրագույն հաստատություն:
22. Lemkin R., Axis Rule in Occupied Europe, pp. 84-85.
23. Տե´ս նույն տեղում:
24. Մշակութային ցեղասպանությունը բնորոշող նմանտիպ բազմաթիվ օրինակներով են ուղեկցվել ինչպես համիդյան շրջանի (1894-1896 թթ.) ու Կիլիկիայի հայության (1909 թ.) կոտորածները, այնպես էլ մասնավորապես Հայոց ցեղասպանությունը: Այս մասին մանրամասն տե´ս հեղինակի հետևյալ հոդվածներում՝ Պարսամյան Ս., Մշակութային ցեղասպանության իրագործման մեխանիզմներն 1909 թ. Ադանայի ու հարակից շրջանների կոտորածների ընթացքում և դրանց հետևանքները, «Ցեղասպանագիտական հանդես», N 1 (1), Եր., 2013, էջ 98-104, Պարսամյան Ս., Հայկական մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունն ու դրա հետևանքները 1894-1896 թթ. համիդյան կոտորածների տարիներին, «Ցեղասպանագիտական հանդես», N 2 (1), Եր., 2014, էջ 18-30, Պարսամյան Ս., Հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման երիտթուրքական քաղաքականությունը (1915-1918 թթ.), «Ցեղասպանագիտական հանդես», N 6 (1), Եր., 2018, էջ 71-104:
25. Տե´ս Secretariat Draft: First Draft of the Genocide Convention, Prepared by the UN Secretariat, [May] 1947 [UN Doc. E/447], Ad Hoc Committee Draft: Second Draft Genocide Convention Prepared by the Ad Hoc Committee of the Economic and Social Council (ECOSOC), meeting between April 5, 1948 and May 10, 1948 [UN Doc. E/AC.25/SR.1 to 28], (մատչելի է՝ http://www.preventgenocide.org/law/convention/drafts/, դիտվել է՝ 15.02.2019):
26. Այս մասին մանրամասն տե´ս հեղինակի հետևյալ հոդվածում՝ Պարսամյան Ս., Մշակութային ցեղասպանությունը միջազգային իրավունքի համատեքստում. տեսական հիմնադրույթներ, «Ցեղասպանագիտական հանդես», N 2 (2), Երևան, 2014, էջ 164-175:
27. Shaw M., What is Genocide?, London, Polity Press, 2007, p. 66. 28. Նույն տեղում, էջ 67:
29. Տե´ս De Condappa P., “Cultural Cenocide in Bosnia-Hezegovina: Destroying Heritage, Destroying Identity” (մատչելի է՝ https://ru.scribd.com/document/86679906/Condappa-Cultural-Genocide-in-Bosnia-Herzegovina, դիտվել է՝ 05.01.2019):
30. Տե´ս Kuper L., Genocide: Its Political Use in the Twentieth Century, New Haven and London: Yale University Press, 1981, էջ 15:
31. Նույն տեղում:
32. Frieze D.-L., “Genos-the Human Group,” p. 167.
33. Նույն տեղում:
34. Abed M., “Clarifying the concept of Genocide”, Metaphilosophy, Vol. 37, Nos. 3-4 (July, 2006, Special Issue: Genocide's Aftermath: Responsibility and Repair), p. 327.
35. Տե´ս նույն տեղում:
36. Տե´ս նույն տեղում:
37. Dadrian V. N., “A Typology of Genocide”, International Review of Modern Sociology, vol. 5, No. 2 (1975), p. 205.
38. UNESCO and the struggle against ethnocide. Declaration of San Jose, December 1981 (մատչելի է՝ http://unesdoc.unesco.org/images/0004/000499/049951eo.pdf, դիտվել է՝ 12.02.2019):
39. Palmer A., “Ethnocide,” in: Dobkowski Michael N. and Wallimann Isidor, Genocide in Our Time: An Annotated Bibliography with Analytical Introductions, Pierian Pres, Ann Arbor, Michigan, 1992, p. 1.
40. Տե´ս նույն տեղում:
41. Charny I. W., “Toward a Generic Definition of Genocide”, Genocide: Conceptual and Historical Dimensions, edited by George J. Andreopoulos, Philadelphia, University of Pennsylvania Press, 1994, p. 84.
42. Տե´ս նույն տեղում:
43. Նույն տեղում, էջ 85, 90, ինչպես նաև Charny I. W., “Classification of Genocide in Multiple Categories,” Encyclopedia of Genocide, vol. 1, Santa Barbara, California, 1999, էջ 9:
44. Մանրամասն տե´ս Charny I. W., “Classification of Genocide in Multiple Categories”, էջ 9:
45. Նույն տեղում:
46. Տե´ս Fein H., “Defining Genocide as a Sociological Concept,” The Genocide Studies Reader, edited by Totten S. and Bartrop P. R., New York, Routledge, 2009, էջ 50:
47. Տե´ս Charny I. W., “Toward a Generic Definition of Genocide,” էջ 90:
48. Տե´ս Palmer A., “Ethnocide,” էջ 1:
49. Տե´ս Moses A. D., “Conceptual blockages and definitional dilemmas in the 'racial century': genocides of indigenous peoples and the Holocaust,” Patterns of Prejudice, Vol. 36, Issue 4, 2002, էջ 25-26:
50. Տե´ս Sautman B., “Cultural Genocide in International Context,” Cultural Genocide and Asian State Peripheries, edited by Barry Sautman, New York, Palgrave Macmillan, 2006, էջ 11:
51. Տե´ս նույն տեղում:
52. Տե´ս Novic E., The Concept of Cultural Genocide: An International Law Perspective, Oxford University Press, 2016, էջ 45-48:
53. Տե´ս Աքչամ Թ., Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում, թուրքերենից թարգմանությունը՝ Մ. Անումյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2016, էջ 90:
54. Տե´ս նույն տեղում, էջ 85-86:
55. Տե´ս նույն տեղում, էջ 86-95:
56. Prott L. V., “Ethnocide,” Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, Dinah L. Shelton [editor in chief], vol. 1, Thomson Gale, 2005, էջ 309:
57. Թարգմանությունն ըստ Անուշ Հովհաննիսյանի, տե´ս Հովհաննիսյան Ա. Ռ., Թուրքիա. Մշակութային ցեղասպանություն, Եր., 2005, էջ 5:
58. Геноцид, «Большая Советская Энциклопедия», том.6, Москва, 1971, с. 244.
59. «Հայկական հարց» հանրագիտարան, Եր., 1996, էջ 11:
60. Տե´ս Totten S., “Genocide: A primer for Students in Grades 8-12,” Genocide: Social Science Record, The Journal of the New York State Council for the Social Studies, Guest Editor: Totten S., vol. 24, Issue 2, New York, 1987, էջ 9-10:
61. Նույն տեղում:
62. Տե´ս Novic E., նշվ. աշխ., էջ 2:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

InternationalConference
Միջազգային գիտաժողովի հրավեր

Կիլիկիան և կիլիկիահայությունը Հայոց ցեղասպանության տարիներին
Գիտաժողովը նվիրվում է 1920-21 թթ. Կիլիկիայի ինքնապաշտպանական մարտերի հարյուրամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2020 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

«1915» հատուկ նախագիծ

1915
Հայոց ցեղասպանության մասին պատմող արծաթե 7 հուշամեդալները պատկերում են հայերի կոտորածները, աքսորի ու գաղթի ճամփաները, հայ մտավորականությունն ու թալանված տաճարները:

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2020 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am