Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հոդվածներ

ՊԱՏԵՐԱԶՄ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐՀԱՆՈԻՄ. 1922Թ. ՅԱԿՈԲ ՔՅՈՒՆՑԼԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԻՑ



Գոհար Խանումյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)

relief

Խարբերդից տարհանված 5000 հայ երեխաներից մի խումբ, 1922 թ.
1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և կրոնափոխ եղան: Նրանց մեծ մասը հարազատների կորստից հետո հայտնվեց անմարդկային պայմաններում՝ զրկվելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Որբերից շատերը մահացան սովի և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներրի հետևանքով: 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո հայ որբերին վերահաս կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ), Ազգային խնամատարություն), հայոց եկեղեցին (Ազգային առաջնորդարաններ), անհատները` հատկապես Հայկական լեգեոնի և հայկական կամավորական գնդերի զինվորականները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միություն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա):

Հայ որբերին հավաքագրում էին Օսմանյան կայսության տարբեր հատվածներից, սիրիական անապատներից, Անդրկովկասից, մահմեդական ընտանիքներից, ազատագրում թուրքական պետական որբանոցներից: Որբահավաք աշխատանքների շնորհիվ 1918-21 թթ. ընթացում հավաքագրվեց ավելի քան 77 000 հայ երեխա(1), որոնք տեղաբաշխվեցին Թուրքիայի, Կովկասի, Միջին Արևելքի հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական որբանոցներում:

Փոքր Ասիայում քեմալական (Ազգայնական) շարժման ծավալմանը զուգընթաց՝ 1921-22 թթ. Օսմանյան կայսրության որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար ստեղծվեց վտանգավոր իրավիճակ: Այն ավելի սրվեց Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածներից հետո, որի հետևանքով հազարավոր կիլիկիահայեր Այնթափից, Մարաշից, Հաճընից, Մերսինից և այլ վայրերից ստիպված էին լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921 թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգվածային գաղթի ընթացքում, շուրջ 7 500 հայ որբ Կիլիկիայից տեղափոխվեց Հալեպ, Բեյրութ, Դամասկոս և Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը հայտնվեց Ազգային խնամատարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության խնամակալության տակ(2): Փաստորեն, հայ որբերը երկրորդ անգամ էին տարհանվում Կիլիկիայից: Այս կապակցությամբ Հայոց ցեղասպանության վերապրող Հմայակ Գրանյանը(3) գրում է. «Դեկտեմբերի 31-ի [1921 թ.-Գ.Խ.] առաւօտ, Միքայէլ Նաթանեանի հետ, Սիսուան եւ Քէլէկեան որբանոցներու բանալիները, կահ-կարասիներու ցուցակները եւ զոյգ շէնքերու ֆիզիքական նկարագրութիւնը … տարինք ֆրանսացի կառավարիչ՝ գնդապետ Քլեմանին յանձնեցինք եւ արցունքոտ աչքերով վերադարձանք որբերուն, առաջնորդելու համար երկաթուղագծին կայարանը եւ անկէ՝ Իսկենտերուն, վերջին անգամ ալ, մօտ հազար բերնով, երգելով.

orphans

Թուրքիայից տարհանվող հայ որբերի խումբ,1922 թ.
Ցանկամ տեսնել, զիմ Կիլիկիա…
Աշխարհ ո´ր ի´նձ ետու´ր արե´ւ»(4):

Կիլիկիայի՝ Մերսինի և Տյորթ-Յոլի, երեք որբանոցներից տարհանված հայ որբերի համար 1922 թ. սկզբին ՀԲԸ Միության Բեյրութի մասնաճյուղի ջանքերով վերակազմավորվեց Քելեկյան-Սիսուան որբանոցը(5):

Հայ երեխաներին Կիլիկիայից տարհանել է նաև դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը(6), ով 1922 թ. հունվարին Քարեն Մարի Պետերսոնի հետ հայ որբերի մի մեծ խումբ փոխադրեց Բեյրութ: 1922 թ. հուլիսին Կիլիկիայից տարհանված 208 որբերի հետ նա հաստատվեց Բիբլոս և Բեյրութ քաղաքների միջև գտնվող Զուք Միքայիլ բնակավայրում, որտեղից հետագայում նրանց տեղափոխեցին Սայդա: Այս որբանոցում խնամք և հոգածություն էին ստանում ամենափոքրիկ հայ որբերը(7):

1915-23 թթ. երիտթուրքերի և քեմալականների կողմից իրագորված հայկական կոտորածների հետևանքով որբացած հազարավոր հայ երեխաների սպառնում էր ֆիզիկական ոչնչացման վտանգ Օսմանյան կայսրության ողջ տարածքում: Այս մտահոգությամբ պայմանավորված՝ 1922 թ. փետրվարի 7-ին Հալեպում կայացավ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցների և Սահակ Բ կաթողիկիոսի(8) կողմից վավերացված հայկական պատվիրակության (Ազգային միության, Քաղաքական ժողովի ներկայացուցիչների, Մարաշի և Այնթափի որբանոցների հոգաբարձուների) ժողովը՝ Առաջնորդական փոխանորդ Հարություն քահանա Եսայանի նախագահությամբ(9): Ժողովում քննարկվեց Թուրքիայում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը և որոշվեց Թուրքիայի հարավային և հարավարևելյան շրջանների որբանոցներում ապաստանած հայ որբերին տեղափոխել Սիրիա և Լիբանան, իսկ հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջանների որբացած հայ երեխաներին՝ Հունաստան և Կովկաս(10): Թուրքիայի ներքին՝ կենտրոնական շրջանների՝ Կեսարիա, Կոնիա, Սեբաստիա, ինչպես նաև հյուսիսային շրջանների՝ Տրապիզոն, Սամսուն, քրիստոնյա որբերը՝ հայ և հույն ծնողազուրկ երեխաները, Ամերիկյան նպաստամատույցի որոշմամբ ցամաքային ճանապարհով փոխադրվեցին Կ.Պոլիս, իսկ այնտեղից՝ նավով Հունաստան և տեղաբախշվեցին 13 որբանոցներում: Քայքայվող Օսմանյան կայսրության մյուս շրջաններից՝ Թրակիայից, որբերը տեղափոխվեցին Ռումինիա և Բուլղարիա, իսկ Իզմիրից և Բրուսայից՝ Մարիցա գետով՝ Հունաստան(11):

Հալեպում կայացած ժողովի մասնակիցները քննարկեցին և որոշեցին, որ «լավ է թրքական իշխանութեանց տակ գտնուած որբանոցները փոխադրել, անոնց տեղը պահելով տեսակ մը միսիոնարական կազմակերպութիւններ, որոնք պիտի ծառայեն շրջաններու մէջ գտնուած որբերը հաւաքելու և պատսպարելու, զանոնք նկատելով իբր Րըլիֆի [Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե-Գ.Խ.] սաները: Որբանոցներուն կապուած պաշտօնեաներն ու գործաւորներն ալ պէտք է փոխադրել որբերուն հետ. եւ պէտք է Ճէպէլ-Լիբանան հիմնուելիք որբանոցներուն մէջ տալ հայկական դաստիարակութիւն»(12):

relief

Յակոբ Կյունցլերի կողմից Թուրքիայից տարհանված
8 000 հայ որբերի էվակուացիոն ուղիները, 1922 թ.


Այսպիսով, ելնելով Թուրքիայում ստեղծված քաղաքական լարված իրավիճակից, ինչպես նաև հատկապես հայ որբերի կյանքին սպառնացող հնարավոր վտանգից, հայ հասարակական գործիչներն ու հոգևոր ներկայացուցիչները և Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն, որի աշխատակիցների որբահավաք աշխատանքների արդյունքում 1918-1921 թթ. հավաքագրվել էր 132.000 (13) հայ, հույն և ասորի որբ(14), օրհասական համարեցին կայսրության տարածքի որբանոցներում ապաստանած քրիստոնյա որբերին տարհանել երեք հիմնական ուղղություններով.

1. Բալկաններ՝ Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան
2. Կովկաս
3. Միջին Արևելք՝ Սիրիա և Լիբանան:

Թուրքիայից որբերի էվակուացիան ապահովելու էր երեխաների հետագա ֆիզիկական անվտանգության, կեցության և ազգային դաստիարակության հարցը: Ըստ էության տարհանվում էին այն որբերը, որոնց զինադադարից հետո հավաքագրել էին անմարդաբնակ վայրերից (անապատներից, անտառներից), փողոցներից, որտեղ նրանք զբաղվում էին մուրացկանությամբ, մահմեդական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից, Կարմիր խաչի, Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցները և հայ եկեղեցու ու հայկական բարեգործական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հայ որբահավաքները: Հայ որբերի դուրսբերումը Թուրքիայից իրականացվելու էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի ֆինանսական օժանդակության շնորհիվ: Իր հուշերում շվեյցարացի միսիոներ Յա. Քյունցլերը(15) գրում է. «Ամերիկացիները 1919 թվին ողջ Թուրքիայում աքսորի ժամանակ թուրքական, քրդական և արաբական տներ տարված՝ ավելի քան տաս հազար որբ երեխաներ էին հավաքել, որոնք աքսորի ժամանակ տարվել էին թուրքերի, քրդերի և արաբների տները: Քանի որ շարունակ ուժեղացող քեմալական կառավարությունը ամերիկացիների համար շատ տեղերում ամենուր դժվարություններ էր հարուցում, նրանց վերահսկում էր, նրանցից օգնություն էր պահանջում նաև մուսուլման որբերին օժանդակելու համար, որոնք Թուրքիայում ևս մեծ քանակությամբ կային, մինչդեռ նրանց համար հատկացվող գումարներն այլևս հնարավոր չէր լինում վերահսկել, «Օգնության …» ընկերությունը [Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե-Գ.Խ.] որոշեց իր հայ որբերին մի ոչ թուրքական երկիր տեղափոխել: Այդ ժամանակ հարավարևելյան Անատոլիայի համար, որպես հանգրվան ընտրվեց Լիբանանը»(16):

Ի դեպ, պահպանվել է եզակի տեսաժապավեն, որտեղ ցուցադրվում է Օսմանյան կայսրությունից հայ որբերի էվակուացիան՝ 33 վայրկյան տևողությամբ(17):

Հայ երեխաների տարհանման դրվագներից է նաև 1921 թ. դեկտեմբերին Բասրայի նահանգի Նահր էլ Օման ավանի հայկական գաղթակայանից(18) 816 հայ որբ(19) նավով փոխադրումը Երուսաղեմ (փետրվար, 1922 թ.), որտեղ նրանց դիմավորեցին Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, ազգային գործիչներ և մեծ թվով տեղացի հայեր(20):

1922 թ. Օսմանյան կայսրությունից տարհանվեցին ոչ միայն հայ, այլև մեծ թվով հույն որբեր, որոնք նույնպես գտնվում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի խնամակալության տակ: Շուրջ 5000 հույն, նաև հայ որբեր Զմյուռնիայի աղետի ժամանակ տարհանվեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակից Սառա Քորնինգի ջանքերով (սեպտեմբեր, 1922)(21):

Թուրքիայի հարավային և հարավ-արևելյան շրջաններից (Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Խարբերդից, Ակնից և Մալաթիայից) հայ որբերի տարհանման պատասխանտուներ նշանակվեցին Յակոբ Քյունցլերը և նրա կինը՝ Էլիզաբեթը, ովքեր 1922 թ.-ից աշխատում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի Ուրֆայի մասնաճյուղում և զբաղվում այդ կազմակերպության կողմից հավաքված հայ որբերի խնամքով(22): Նրանց թեկնածության ընտրությունը պայմանավորված էր վերջիններիս՝ տարածքի և թուրքերենի փայլուն իմացությամբ: Այս կապակցությամբ Քյունցլերը նշում է. «Քանի որ ես և իմ կինը մեր լեզվական գիտելիքների և տեղանքի ճանաչողության պատճառով այդ աշխատանքի համար ավելի նպատակահարմար էինք, քան որևէ մեկը ամերիկյան «Օգնության…» [Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե-Գ.Խ.] աշխատակիցներից, որոնց մեծ մասը կարճ ժամանակով էին եղել երկրում, մեզ երկուսիս հանձնարարվեց Ուրֆայի շրջակայքից, Մարդինից, Դիրաբեքիրից, Խարբերդից, Ակնից, Արաբկիրից և Մալաթիայից շուրջ 8 000 երեխաների տեղափոխման գործը, մի աշխատանք, որը մեզ այնքան մեծ ուրախություն պատճառեց, որ մենք մեր կյանքի այս հատվածը կարող ենք լավագույններից մեկը համարել»(23):

relief

Թուրքիայից տարհանվող հայ որբերի խումբ,1922 թ.
Բացի այդ տարածքի մահմեդական բնակչությունը ճանաչում էր Քյունցլերին, ինչի շնորհիվ կանխվեց որբերի քարավանի թալանը, կոտորածը: Հարկ է նշել, որ Քյունցլերի անձնական հեղինակության շնորհիվ ապահովվեց երեխաների ֆիզիկական անվտանգությունը նրանց տարհանման ժամանակ:

Որբանոցներում ապաստանած հազարավոր երեխաներին հարյուրավոր կիլոմետրեր տեղափոխելը լուրջ խնդիրներ էր հարուցում, ուստի որոշվեց շուրջ 8 000 որբերի տարհանումն իրականացնել փուլ առ փուլ՝ նրանց բաժանելով խմբերի:

Ինչպես իր հուշերում վկայում է Յա. Քյունցլերի դուստրը՝ Իդա Ալամեդդինը, հայրը ծրագրել էր հայ երեխաներին Թուրքիայից դուրս բերել դեռ 1915 թ., երբ նա դարձավ Ուրֆայի հայության սարսափելի կոտորածների ականատես, սակայն այդ ցանկությունը կարողացավ իրագործել միայն 1922 թ.(24):

Երեխաների տեղափոխությունը մեծ ցնծություն առաջացրեց որբերի շրջանում, «քանի որ ի՜նչ հաճոյքով պիտի հեռանային նրանք մի երկրից, ուր մահուան և կործանումի վտանգը կար շարունակ»(25): Յուրաքանչյուր քարավանի մեկնումը վերածվում էր մի զվարճալի հանդիսության: Երեխաներն իրենց քարավանի ավանակներին զարդարում էին դրոշակներով և զանգակներով, իսկ նրանց ճանապարհող մահմեդական կանայք՝ իրենց սովորության համաձայն, մեկնող երեխաների հետևից բացականչում էին «լի-լի-լի-լի¯»: Իր հուշերոմ Քյուցլերը վկայում է, որ «լի-լի-լի-լի¯»-ն ոչ միայն ուրախության բարձրակոչ էր, այլև՝ ռազմակոչ, քանի որ «նրանք [մահմեդական կանայք-Գ.Խ.] այդ «լի-լի-լի-լի¯»-ն էին աղաղակել նույն այդ երեխաների ծնողների յետևից, երբ նրանց տանում էին ջարդելու»(26):

Առաջին տարհանումն իրականացվեց 1922 թ. մարտի վերջին Ուրֆայից(27): Երբեմնի հայաշատ քաղաքում և նրա շրջակայքի որբանոցներում ապաստանել էին մոտ հազարի հասնող հայ որբեր, որոնք բերվել էին ինչպես Ուրֆայից և նրա հարակից շրջաններից, այնպես էլ կայսրության ամենահեռավոր բնակավայրերից: Այդ երեխաներից կազմված առաջին խումբը՝ մոտավորապես 130 հայ որբ, Յա. Քյունցլերի առաջնորդությամբ 10 օր հետիոտն անցան Ուրֆայից մինչև Հալեպ՝ մոտ 90 կմ ճանապարհ: Որբերի տարհանման գործողությունը Յա. Քյունցլերը ներկայացրել է իր «Երեսուն տարի ծառայութիւն Արեւէլքի մէջ» հուշերում՝ «Որբերի մեծ ելքը երկրից» գլխում(28): Ուրֆայի հայկական կոտորածների ականատես շվեյցարացի հայասերը հայ որբերի տարհանումը Թուրքիայից համեմատում էր հրեաների՝ եգիպտական գերությունից ազատագրվելու աստվածաշնչյան դրվագի հետ: Նա գրում է. «Ես հոգեպարար բաւականութիւն էի զգում՝ երեխաների ծիծաղը լսելով և նրանց զուարթ դէմքները տեսնելով: Նրանք կարծես՝ եգիպտական գերութիւնից ազատուած՝ Քանանի երկիր էին չւում»(29):

Տարհանվող առաջին խմբի երեխաները ստիպված էին հաղթահարել տասնյակ կիլոմետրեր դժվարին ճանապարհ՝ եղանակային անբարենպաստ պայմաններում, ինչի հետևանքով նրանց մեծ մասը վարակվեց այդ ժամանակ տարածված գրիպի համաճարակով: Բացի այդ, նրանք հանդերձավորված չէին ցուրտ եղանակային պայմաններին համապատասխան: Որբերի մեծ մասը տեղափոխման ճանապարհը հաղթահարում էր ոտքով, առավել տկարները և մանկահասակները՝ սայլերով:

Երեխաների առաջին խմբի հետիոտն տեղափոխման դժվարությունները տարհանումը կազմակերպողներին ստիպեցին հաջորդ խմբերի որբերի տեղափոխումն իրականացնել միայն սայլերով և ավանակներով, ինչը հնարավորություն տվեց փոխադրել միաժամանակ ավելի մեծ խմբով երեխաներ:

Թուրքիայից տարհանվող յորաքանչյուր երեխայի տվյալներն արձանագրվում էին Քյունցլերի կողմից կազմված ցուցակներում, որոնք ստուգվում էին թուրքական ոստիկանական անցագրակետերում: Ցուցակների մանրակրկիտ ստուգումը թուրքական իշխանությունների կողմից կատարվում էր այն պատճառաբանությամբ, որ զինվորական տարիքի ոչ մի հպատակ իրավունք չունի լքել երկիրը(30): Ի. Ալամեդդինն այս կապակցությամբ իր հուշերում գրում է. «Մեծ արտագաղթը սկսաւ 1922ի գարնան սկիզբը: Ընդհանուր արտոնութիւնը եկավ Անգարայէն: Բայց իւրաքանչիւր խումբին համար պէտք էր արտօնութիւն առնուէր շրջանային իշխանութիւններէն. եւ որպեսզի ըլլար այդ արտօնութիւնը ստանալ, ցանկերը պէտք է պատրուաստուէին զգուշօրէն, տալով իւրաքանչիւր երեխայի տարիքն ու անունը: Պէյրութ գտնուող օգնութեան մարմնի գլխաւորները ի յառաջագունէ կարծած էին, որ երեխաները Ուրֆայէն մինչև Ճարապլուս սահմանային քաղաքը, 90 քիլոմեթր ճամբան, հետիոտն պիտի կտրէին: Ուրկէ ասդին՝ շոգեկառքով, Հալէպէն մինչև Պէյրութ: Մօտաւորապէս հազար որբեր կ’ապրէին Ուրֆայի եւ շրջակայքի որբանոցներու և ժամանակաւոր քէմփերու մէջ: Անոնք առաջին մեկնողները պիտի ըլլային»(31):

Յա. Քյունցլերին այս դժվարին գործում մեծապես օգնում էր նրա կինը՝ Էլիզաբեթը, որը ղեկավարում էր Ուրֆայում ապաստանած հայ որբերի երկրորդ խմբի տարհանումը: Որբերի ամենաստվար խումբը՝ 5000 երեխա, 1922 թ. ապրիլին տեղափոխվեց Խարբերդից և հարակից շրջաններից: Որբերի այս մեծաքանակ խմբի տեղափոխման ընթացքում Յակոբ և Էլիզաբեթը Քյուցլերները ծրագրեցին, որ 10-ական հոգուց բաղկացած յուրաքանչյուր խմբի ուղեկցի մեկ չափահաս որբ: Այս կերպ միաժամանակ լուծվում էր երկու խնդիր.

1. Կազմակերպվում էր մանկահասակ որբերի անվտանգ տեղափոխումը՝ ավելի չափահաս որբերի հսկողության ներքո
2. Իրականացվում էր զինապարտ տարիքի թուրքահպատակ երիտասարդ հայ որբերի դուրսբերում Թուրքիայից, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է, փաստացի հնարավոր չէր տվյալ ժամանակահատվածում:

Այս խմբի երեխաների մեծ մասին տեղափոխեցին սայլերով Խարբերդ-Դիրաբեքիր- Ճերապլուս, իսկ մյուսներին՝ ջորիներով, Խարբերդ-Մալաթիա-Ճերապլուս ուղղություններով:

Հայոց ցեղասպանության վերապրող, Խարբերդի ամերիկյան որբանոցի սան Արամ Թորիկյանը, ով Օսմանյան կասյրությունից տարհանված հազարավոր երեխաներից մեկն էր, իր հուշերում գրում է. «1922 թ. ամերիկացիները Խարբերդի որբանոցը տեղափոխեցին Հալեպ: Տղաները ձիերով, Մալաթիայի ճանապարհով գնում էին Հալեպ, իսկ աղջիկները՝ կառքերով՝ Տիգրանակերտի ճանապարհով: Մենք՝ տղաներս, դժվարին պայմաններում գնացինք Մալաթիա, դեպի այնտեղից ալ Հալեպ»(33):

Հայ որբերի տեղափոխումը Խարբերդից ուներ իր դրական և բացասական հետևանքները: Բացասական հետևանքներից կարելի է առանձնացնել ստորև նշված խնդիրները.

1. Երեխաների մեծ թվաքանակը դժվարացնում էր Խարբեդից Հալեպ երկարուձիգ՝ 10 օրվա ճանապարհը
2. Լուրջ խնդիրներ էր հարուցում նաև մեծ թվով երեխաների անվտանգ տեղափումը:

Սակայն մյուս հետևանքը՝ Խարբերդի վիլայեթից երեխաների մեծ խմբերի տեղափոխումը, պայմանավորված էր հետևյալ նկատառումներով. նախ տնտեսվում էին դրամական միջոցները, ապա՝ անցագրակետերում խնայվում էր ահագին ժամանակ: Այս կապակցությամբ Յա. Քյունցլերն իր հուշերում գրում է. «Ինձ համար կարևոր էր որքա´ն կարելի է մեծ խմբեր միանուագ փոխադրել Խարբերդից, որովհետև ստիպուած էի լինում ամեն մի խումբ առանձին ճամբելիս՝ կառավարական պաշտօնեաների իմացնել մեկնումի մասին, որպեսզի նրանք էլ ապա գային ստուգումի: Պէտք էր նրանցից յուրաքանչիւրի յետևիցն երթալ ինքնաշարժով ու բերել մեկնող որբերի կեցած տեղը: Նրանք մէկիկ-մէկիկ զննում էին որբերի դէմքերը: Մեկնողների մէջ չպետք է լինէր զինուորական տարիքի հասած որևիցէ պատանի: Այս տեսակ մանրակրկիտ ստուգում, սկսուելով առաւօտեան, շատ երկար էր տևում, այնպէս որ մենք հազիւ իրիկունը կարողանւմ էինք ճամբայ ընկնել: Ապա՝ քաղաքից դուրս էլ, 2-3 ժամ անդին, նորից էր ստուգում կատարվում ոստիկանութեան կողմից և ես հարկադրուած էի լինում նորից մէկիկ-մէկիկ ժողովել կառավարութեան մարդկանց ու բերել, հարկաւ՝ դարձեալ ինքանաշարժով»(34):

Այսպիսով, 1922 թ. սեպտեմբերին hայ որբերի տարհանումը Թուրքիայից ավարտվեց: Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի հատկացրած միջոցներով որբերին տեղափոխելու համար վարձակալվեց 130 կառք և մոտ 200 գրաստ: Ըստ Յա. Քյունցլերի կազմած վիճակագրության՝ ընդհանուր առմամբ տարհանվեց շուրջ 8000 հայ երեխա, որոնց տեղաբախշեցին Սիրայի և Լիբանանի որբանոցներում(35): Ի դեպ, տարհանված երեխաների մի ստվար խումբ՝ տարբեր տարիքի շուրջ 1500 հայ աղջիկներ, տեղաբախշվեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի Ղազիրի որբանոցում, որի ղեկավարությունը ստանձնեց Յա. Քյունցլերը:

Ըստ Ջ. Բարտոնի տվյալների՝ 1922-23 թթ.՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գործուն աշխատանքների շնորհիվ, մոտավոր հաշվարկով Թուրքիայից Սիրիա, Լիբանան և Հունաստան էվակուացվեցին մոտ 30.000 հայ և հույն որբ, որից 12.000 հայ երեխա՝ կայսրության միայն հարավային, հարավարևելյան շրջաններից(36):

Յա. Քյունցլերի կողմից տարհանված 8.000 հայ երեխաները, որոնք ըստ էության փրկվեցին վերահաս ֆիզիկական բնաջնջումից, իրենց հետևում թողնելով պատմական հայրենիքը՝ հայտնվեցին նոր երկրում և բոլորովին նոր միջավայրում՝ ստանալով նոր կյանք սկսելու հնարավորություն:

Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), Երևան, 2014թ.


_________________________________________________________________
1-Տե՛ս Եղիայեան Բ., Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, Անթիլիաս, 1975, էջ 252:
http://web.archive.org/web/20130313050857/http://www.dva.gov.au/news_archive/Documents/The%20Gallipoli%20Campaign.pdf.
2-Տե՛ս նույն տեղում:
3-Հմայակ Գրանեան- ՀԲԸՄ Տյորթ-Յոլի Սիսուան որբանոցի տեսուչ:
4-Մեջբերված է ըստ՝ Մելքոնյան Է., Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2005, էջ 107-108:
5-Նույն տեղում, էջ 109:
6-Մարիա Յակոբսեն-(1882-1960). դանիացի միսիոներուհի, Հայոց ցեղասպանության ականտես: 1906-ից՝սկանդինավյան «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության անդամ: 1919-22 թթ. Օսմանյան կայսրության տարբեր հատվածներից հավաքագրել է շուրջ 3600 հայ որբերի: 1928-60 թթ.՝ Ջբեյլի «Թռչնոց բույն» որբանոցի տնօրեն:
7-Տե՛ս http://www.genocide-museum.am/arm/29.03.2013.php
8-Սահակ Բ Խապայան- Կիլիկիայի Հայոց կաթողիկոս 1902-1939թթ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական իշխանությունների կողմից աքսորվել է Երուսաղեմ (1916), ապա՝ Դամասկոս (1917): Զիանադադարից հետո վերադարձել է Ադանա (1919), 1921-ին Կիլիկիայի հայության հետ բռնագաղթել է Սիրիա: 1930-ից հաստատվել է Աթիլիասում (տե՛ս Հայական Սովետական հանրագիտարան, հ 10,Երևան, 1984, էջ 135):
9-Տե՛ս Եղիայեան, Բ. նշվ. աշխ, էջ 253:
(http://www.awm.gov.au/collection/REL39129/).
10-Տե՛ս նույն տեղում, էջ 254:
11-Տե՛ս Ազատեան Լ., Հայ որբերը մեծ եղեռնի, Լոս Անճելըս, 1995, էջ 39:
12-Եղիայեան, Բ., նշվ. աշխ, էջ 254:
13-Տե՛ս Barton, J., Story of Near East Relief(1915-1930) in interpretation, New York, 1930, p. 211:
14-Հավաքագրված 132.000 որբերի մեջ հայ երեխաների թիվը կազմում էր 65-70.000, (տե'ս Բիւզանդ Եղիայեան, նշվ. աշխ., էջ 251 ):
15-Յակոբ Քյունցլեր- (1871– 1949). շվեյցարացի բուժակ, հայասեր, Հայոց ցեղասպանության ականատես: Պատանեկության տարիներին եղել է հյուսն, ապա Բազելում ստացել է բժշկի օգնականի և հիվանդապահի մասնագիտություն:1899թ. Յոհաննես Լեփսիուսի «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հրավերով մեկնում է Ուրֆա և նշանակվում այդ կազմակերպության որբանոցային հաստատությանը կից ստեղծված հիվանդանոցի և կլինիկայի բժշկի՝ Հեման Խրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին Քյունցլերը՝ իբրև չեզոք երկրի՝ Շվեյցարիայի քաղաքացի, հնարավորություն ունեցավ մնալ Ուրֆայում և դարձավ ականատես տեղի հայության հերոսական ինքնապաշտպանության ու թուրքական բանակի կողմից իրականացրած դաժան կոտորածների: Զինադադարից հետո Քյունցլերն իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ միասին ազատագրեց մահմեդականների տներում բռնի պահվող բազմաթիվ հայ կանանց և երեխաների: 1923 թ. ստանձնեց Ղազիր որբանոցի ղեկավարումը, ուր ապաստանել էին 1400 հայ որբուհիներ:1928 թ. Քյունցլերը Հայ օգնության շվեյցարական ընկերության աջակցությամբ Ղազիրում 50 կույր որբերի համար հիմնեց առանձին կացարան:1947 թ. ստացել է Բազելի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (Տե՛ս Կյունցլեր, Յ., Արյան և արցունքների երկրում.իրադարձությունները Միջագետքում Համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918), Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2011, 10-15 էջ):
16-Նույն տեղում, էջ 130:
17-ՀՑԹԻ գիտական ֆոնդեր, բ-4, ֆհ 367:
18-1921 թ. վերջին Միջագետքի բրիտանական իշխանությունները փակեցին Բասրայի նահանգի Նահր էլ Օման ավանի հայկական գաղթակայանը, որի հետևանքով դժվարին կացության մեջ հայտնվեց այստեղ ապաստանած շուրջ 3000 հայ գաղթական: Խորհրդային Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքում որոշվեց Միջագետքի հայ տարագիրներին նավով տեղափոխել Պոլիս-Բաթում, այնտեղից՝ Հայաստան: Վերջիններիս մեջ մեծ թիվ էին կազմում գաղթակայանի հայ որբերը: Հայ ազգային և հասարակական գործիչների պահանջով՝ որոշվեց Նահր էլ Օմանի հայ որբերին տեղափոխել Երուսաղեմ: Նրանց փոխադրման դժվարին գործը ստանձնեց ՀԲԸ Միությունը: Այդ մասին ավելի մանրամասն տե՛ս ըստ՝ Մելքոնյան Է., Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2005, էջ116-118; Մելիքսեթյան Հ., Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը, Երևանի համասարանի հրատարակչություն, Երևան, 1985, էջ 74-85:
19-Երուսաղեմ տեղափոխված 816 հայ որբերից 582-ը Վանից էին, 103-ը ՝ Էրզրումից:
20-Մելքոնյան Է., նշվ. աշխ., էջ 108
21-Տես՝ http://www.genocide-museum.am/arm/05.10.2012.php,10.10.2013
22-Տես՝ Կյունցլեր Յ., նշվ. աշխ, էջ 12:
23-Կյունցլեր, Յ., նշվ. աշխ, էջ 131:
24-Տես՝ Իտա Ալեմետտին, Փափա Քյիւնցլերը և հայերը, Անթիլիաս, 1999, էջ 135:
25-Զուիցէրացի հայասէր Եագոպ Քիւնցլէր. իր հայանպաստ գործունէութեան 40 ամեակին առթիվ, տպ. «Ռոթոս», Պէյրութ-Հալէպ, 1946, էջ 91:
26-Նույն տեղում, էջ 103:
27- Յակոբ Քյունցլերն 1899 թ. սկսած՝ շուրջ 20 տարի՝ որպես բժշկի օգնական, աշխատել է Ուրֆայի հիվանդանոցում:
28-Տե՛ս, Զուիցէրացի հայասէր Եագոպ Քիւնցլէր. նշվ. աշխ., էջ 57:
29-Նույն տեղում, էջ 91:
30-Իտա Ալեմետտին, նշվ. աշխ., էջ 136:
31-Նույն տեղում, էջ 135-136:
32- Տե՛ս նույն տեղում, էջ 142:
33-Շուշանյան Ս. Հին և նոր Խարբերդ, «Արտագերս», 2006, էջ 88:
34-Զուիցէրացի հայասէր Եագոպ Քիւնցլէր. նշվ. աշխ, էջ 103:
35-Սահակ Բ Կաթողիկոսը Ամերիկյան Կարմիր խաչին ուղղված նամակի մեջ (21 մայիս, 1923) նշում է , որ հայկական խնամքի տակ եղած որբերի թիվը հասնում է 2250-ի, իսկ ամերիկյանինը՝ 6273: Տե°ս Եղիայեան Բ., նշվ. աշխ., էջ 256:




© Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am