Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Վերապրողների վկայություններ

ՆԿԱՐԻՉ ԳՐԻԳՈՐ ԽԱՉՄԱՆՅԱՆՆ ԱԴԱԲԱԶԱՐԻՑ


25.11.2021


khachmanyans

Գրիգոր Խաչմանյանը
Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը ծնվել է 1890-ական թվականներին, Թուրքիայի Սաքարիա վիլայեթի հայաշատ և հայախոս Ադաբազար քաղաքում: Նրա հայրական ընտանիքի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Միայն հայտնի է, որ ընտանիքն ունեցել է հինգ արու զավակ և մեկ դուստր: Հայտնի չէ, թե որտեղ է Գրիգորը ստացել իր նկարչական կրթությունը, սակայն հայտնի է, որ երիտասարդ հասակում Ադաբազարում նա արդեն զբաղվել է նկարչությամբ[1]: Գրիգոր Խաչմանյանի մասին տեղեկությունները մեզ են հասել նկարչի թոռ՝ կրտսեր Գրիգոր Խաչմանյանի միջոցով, որն այդ պատմությունները լսել էր իր հորից՝ Գևորգ Խաչմանյանից, ով էլ իր հերթին՝ իր մայր Յուղաբերից, նաև՝ իր քույր Աղավնուց:

Ընտանիքում պահպանված տեղեկությունների համաձայն չափահաս տարիքում Գրիգորն ամուսնության առաջարկություն է արել համաքաղաքացի Շեքերջի (քաղցրավենիքների վաճառական) Մելքոն աղայի դստերը՝ Յուղաբերին: Այս հարուստ վաճառականը հավանել է փեսացուին, սակայն առարկել է նրանց ամուսնությանը, քանի որ նկարչի մասնագիտությունը ֆինանսական և տնտեսական առումներով ոչ շատ եկամտաբեր լինելու պատճառով չի գնահատվել տեղի հասարակության կողմից: Հետևաբար, Մելքոն աղան առաջարկել է Գրիգորին, իր ֆինանսական հովանավորությամբ և միջոցներով, գնալ Պոլիս՝ դեղագործություն սովորելու, որպեսզի ինքը կարողանա իր բարեկամներին և համաքաղաքացիներին ներկայացնել, որ իր դստերը դեղագործի հետ է ամուսնացնում[2]:

Ընտանիքում պահպանված տեղեկություններից հայտնի է, որ Գրիգորը գնացել է Պոլիս՝ դեղագործություն սովորելու: Կարելի է ենթադրել, որ նա չի հասցրել իր ուսումն ավարտել, որովհետև հայտնի է նաև, որ երիտասարդները հապշտապ են ամուսնացել: Երբ 1915 թվականի օգոստոս ամսին սկսվել է Ադաբազարի հայերի տեղահանությունը[3], նրանք երկուսով միասին են հեռացել քաղաքից: Հետագայում էլ, չնայած ֆինանսական դժվար պայմաններին, Գրիգորը երբեք որպես դեղագործ չի աշխատել և իր ապրուստը միայն նկարելով է վաստակել:

Նկարիչը տեղահանության և գաղթի ընթացքում կորցրել է իր ընտանիքը՝ իր չորս եղբորը և քրոջը: Միայն հետագայում՝ Դամասկոս հաստատվելուց հետո, կարողացել է գտնել ու կապ հաստատել Հայաստան հայրենադարձված իր քույր Մարիամի հետ: Յուղաբերը նույնպես կորցրել է իր ընտանիքը, որովհետև նրա ընտանիքի անդամների հետ կապված տեղեկություններն ընդհանրապես բացակայում են:

Ադաբազարի տեղահանությունների մասին գրականությունից հայտնի է, որ թուրքական կառավարության հրահանգով երեք օրվա ընթացքում քաղաքի ողջ հայ բնակչությունը պետք է պատրաստվեր և հեռանար հայրենի քաղաքից: Որոշում էր կայացվել գնացքով նրանց տանել Կոնիայի ճանապարհով դեպի Էսկիշեհիր, Քյոթահիա, Սիմավ և այլ բնակավայրերով դեպի անապատները: Ադաբազարից և այլ վայրերից գաղթած հայերին, Գաթմա քաղաքում, թուրքական կառավարության հրահանգով հավաքել են մի հավաքակայանում[4]: Այս խմբին պատկանող հայերից ոմանք ցրվեցին վերը նշված բնակավայրերում, մեծ թվով մարդիկ ոչնչացան համաճարակներից և այլ հիվանդություններից, իսկ մի մասն էլ հետագայում աքսորվեց Դամասկոս: Ամենայն հավանականությամբ Գրիգոր Խաչմանյանի ընտանիքն այս խմբի մեջ է գտնվել, կամ՝ Մզերիպ կոչվող գյուղում հավաքված խմբի մեջ[5]: Պահանջվող մասնագիտություններ կամ հմտություններ ունեցող մարդկանց Գաթմայում, նաև Մզերիպում բաժանում էին ընդհանուրից և հավաքում մի առանձին խմբում, որպեսզի նրանց աշխատեցնեին Թուրքիայի տնտեսության և մշակույթի զարգացման համար, իսկ ժողովրդի մնացած հատվածը պետք է քշվեր անապատներն ու ոչնչացվեր:

Ըստ ընտանիքում պահպանված պատմության՝ հայերի «տեսակավորման» ժամանակ, երբ Գրիգորին ու Յուղաբերին բերում են «տեսակավորող» հանձնախմբի առջև, Գրիգորը կարկամում է ու չի կարողանում անմիջապես կողմնորոշվել, թե ինչպես պատասխանի նրանց հարցերին, որպեսզի հնարավոր լիներ փրկել իրենց կյանքը: Բարեբախտաբար, Յուղաբերն արագ կողմնորոշվում է և համարձակվում հայտարարել, որ իր ամուսինը նկարիչ է: Հանձնախումբը որոշում է նրանց կյանքը խնայել և միացնել ընտրվածների խմբին:

Պահպանված պատմությունը շարունակելով՝ հաղորդում է, որ Թուրքիայի այդ շրջանում մի հարուստ թուրք բեյ մի մզկիթ էր կառուցել: Այն ներքին հարդարման կարիք ուներ և այդ գործը հանձնարարվում է Գրիգոր Խաչմանյանին: Հայտնի է, որ նա համարյա մեկ տարի աշխատել է մզկիթի նկարազարդման վրա: Մուսուլմանական հավատատեղին նկարազարդելու պատճառով, ամենայն հավանականությամբ, նկարիչն Աստծո առջև իրեն մեղավոր է զգացել և իր աշխատանքն արդարացնելու միտումով մզկիթի առաստաղի չորս անկյուններում, զարդերի մեջ միահյուսված, չորս խաչեր է պատկերել: Ասում են, որ երբ բեյը եկել է տեսնելու ավարտված աշխատանքը, նկատել է խաչերը և դիմելով նկարչին հոխորտացել է՝ «Գյավո՛ւր, ուզածդ արեցի՞ր…»: «Ի՞նչ եմ արել» պատասխանել է նկարիչը: «Դու շատ լավ էլ գիտես, թե ինչ նկատի ունեմ, բայց ընդհանուր զարդարանքը գեղեցիկ է ստացվել, թող այդպես էլ մնա»: Այսպիսով Գրիգորի և Յուղաբերի կյանքը խնայվում է: Հետագայում, հայտնի չէ, թե այդտեղից նրանք ինչպես են հեռացել, սակայն, ինչպես իրենց բախտակիցներից շատերը, նրանք որոշել են գնալ Դամասկոս:

Գրիգորի ավագ թոռներից մեկը՝ դամասկոսաբնակ Սարփին իր մայր Աղավնու պատմություններից տեղեկացնում է, որ Դամասկոս հասնելուց հետո Գրիգորը և Յուղաբերը ծանոթանում են մուսուլման արաբ մի ընտանիքի հետ, որը նրանց օգնում է նոր և անծանոթ քաղաքում իրենց կյանքը կարգավորելու գործում: Սարփին համոզված է նաև, որ իր մեծ հայրը մետաքսաթելերով նկարելու տեխնիկան սովորել է հենց այդ տիկնոջից: Նկարելու այս տեխնիկան Գրիգորը, հետագայում վերամշակելով և ավելի զարգացնելով, հաճախ է օգտագործել իր ստեղծագործություններում, և հետագայում էլ ինքը շատերին սովորեցրել է այն: Ընտանիքում պահպանված են մետաքսի տեխնիկայով արված երկու աշխատանքներ, որոնց մասին մանրամասն կխոսվի ստորև:

Սկզբնական շրջանում Խաչմանյանները բնակվել են Դամասկոսի Բահսա թաղամասում, որտեղ այդ տան առաջին հարկում Գրիգորը հիմնել է իր փոքրիկ արվեստանոցը կամ՝ ինչպես ընդունված է եղել կոչել՝ ատելյեն: Ըստ ծանոթ- բարեկամների պատումների՝ նա իր արվեստանոցում նաև դասավանդել է: Ասվում է, որ իր աշակերտների մեջ եղել են նաև արաբ մուսուլման կանայք, որոնք նրանից սովորել են մետաքսով նկարելու տեխնիկան:

1919 թվականին Խաչմանյանները երջանկանում է իրենց դստրիկով, որին նրանք անվանում են Աղավնի (ծն. 1919-մահ. 1985): Երբ Աղավնին դպրոցական տարիքի էր, ամուսինները որոշում են նրան ուղարկել Դամասկոսի Իտալացի մայրապետների դպրոցը: Դպրոցին ավելի մոտ գտնվելու նկատառումով, ընտանիքը տեղափոխվում է Դամասկոսի Առնոս թաղամասը:

Աղավնուց հետո Խաչմանյանները տասը-տասնմեկ տարի երեխա չեն ունենում, իսկ Գրիգորը երազում էր արու զավակ ունենալու մասին: Գրիգոր կրտսերի պատմություններից մեզ հայտնի է դարձել, որ նա ուխտել է, արու զավակ ունենալու դեպքում, որպես նվեր Աստծուն, մի եկեղեցի նկարազարդել: 1930 թվականին կատարվել է Գրիգորի Խաչմանյանի երազանքը՝ ծնվել է իր որդին՝ Գևորգը (Գրիգոր կրտսերի հայրը): Համաձայն իր ուխտի՝ նա նկարազարդում է Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցին: Գրիգոր Խաչմանյանի նկարները մինչ այժմ էլ զարդարում են այդ եկեղեցու սրահի պատերը (Նկ. 6): Նկարիչը հետագայում նկարազարդում է մի հունական եկեղեցի ևս, որի գտնվելու վայրը մեզ հայտնի չէ, սակայն ընտանեկան լուսանկարների հավաքածուում պահպանվել են երեք համանման լուսանկարներ, որոնցից ներկայացվում է միայն մեկը (Նկ. 7):

Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը մահացել է 1939 թվականին: Նրա մահից հետո ընտանիքի համար դժվարացել էր ապրուստի միջոց հայթայթելը և 1945 թվականին Յուղաբերը դեռահաս Գևորգի հետ հայրենադարձվել է Հայաստան՝ Դամասկոսում թողնելով արդեն ամուսնացած Աղավնուն: Գրիգոր կրտսերը պատմում էր, որ իր մեծ մայր Յուղաբերի երազանքն է եղել գնալ Հայաստան և այդ առիթով արտահայտված նրա երազանքը պահպանվել է երեք ցանկությունների տեսքով՝ «Մեկ Մասիս սարը տեսնիմ, մեկ Էջմիածին այցելեմ և մեկ հատ ալ հայ փոլիս մը տեսնիմ ու բարև ըսեմ և անկե վերջը մեռնիմ ալ՝ հոգս չէ»: Հայրենադարձվելուց հետո՝ շատ չանցած, 1946 թվականին իր մահկանացուն է կնքում նաև Յուղաբերը, իրենից հետո միայնակ ու որբ թողնելով իր 16 տարեկան որդուն:

Մինչ այժմ դամասկոսաբնակ մեծահասակ հայերից ոմանք դեռ պատմում են նկարչի մասին: Նրանցից մեկը` Հերմինե Բոյաջեանը, վերջերս մեզ պատմում էր, որ Գրիգոր Խաչմանյաննը այնքան գնահատված է եղել Դամասկոսի հայ գաղութում, որ շատերն են ուզել նրա աշխատանքներից ունենալ և երբ ինչ որ մեկի տանը տեսել են նրա գործերից, հարցն անմիջապես հետևել է՝ «Դուք ա՞լ Խաչմանյան ունիք»:

ԳՐԻԳՈՐ ԽԱՉՄԱՆՅԱՆԻ ՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ:

Համառոտ անդրադառնանք Գրիգոր Խաչմանյանի պահպանված աշխատանքներին: Ինչպես նախապես նշվեց, նկարիչը նկարել է նաև մետաքսով: Նկարելու այս տեխնիկայի մասին 1980-ական թվականներին մեզ պատմել է Երևանում բնակվող սիրիահայ տիկին Էլիզը (ազգանունը հայտնի չէ), որի ընտանիքը, իր նորահարս եղած տարիներին, Խաչմանյան ընտանիքի հետ մոտ դրկիցներ են եղել: Նա պատմում էր, որ Յուղաբերը նախ մետաքսե գունավոր թելերն առանձին գույներով շատ մանր կտրատում և հավաքում էր առանձին ծրարների մեջ: Այնուհետև նկարիչն իր անձնական բաղադրատոմսով պատրաստված հատուկ սոսնձով պատում էր կտավի վրա որոշված գույնի համար նշված տարածքը: Հետո նա համապատասխան գույնի մետաքսի փոշին լցնում էր նուրբ մաղի մեջ և ներքևից՝ փոքր մուրճով զգուշությամբ հարվածելով մաղին, մետաքսի փոշին հավասարաչափ շերտով տարածում էր կտավի տեղայնացված մակերեսին: Մետաքսի փոշին տարածվելով կպչում էր կտավին՝ ստեղծելով նուրբ, թավշանման մակերես: Նկարի որոշ տարածքներ էլ, ինչպես օրինակ՝ կերպարների երեսները, ձեռքերը կամ նկարի այլ տարրեր, նկարիչն ավարտել է յուղաներկով նկարչությամբ, իսկ որոշ գծային լուծումներ էլ նուրբ վրձնով կամ փափուկ մատիտներով են արված: Այս տեխնիկայով ստեղծված երկու աշխատանքներ կան ընտանեկան հավաքածուում, որոնք ևս մեկ յուղաներկ աշխատանքի հետ միասին Խաչմանյան ընտանիքին է նվիրվել Լոս Անջելեսում բնակվող մի սիրիահայ ընտանիքի կողմից: Դրանք երկուսն էլ հրեշտակների պատկերներ են:

Նկարչի երեք ստեղծագործություններ պատկանում են նրա թոռներից մեկին՝ Աղավնու որդի Արային, իսկ երկու գործեր էլ պահվում են նրա քրոջ՝ Սարփիի հավաքածուում: Գրիգոր Խաչմանյանի վրձնին պատկանող մեզ հայտնի գործերի ընդհանուր թեմատիկան ընդգրկում է ծովանկարներ, մեկ բնանկար և հրեշտակներ: Ինչպես նախապես նշվեց, նկարիչը հայ և հույն եկեղեցիների համար Տերունական թեմաներով մեկ տասնյակից ավելի նկարներ է վրձնել, որոնց մի մասը մեծադիր կտավներ են: Իր ստորագրությունը կրող «Խորհրդավոր ընթրիքի» առջև նստած նկարչի լուսանկարն առկա է ընտանեկան հավաքածուում (Նկ. 6):

Ակնհայտ է, որ նշված նկարներն անձնական պատվերներ են եղել և դրանց թեմատիկան ընտրվել և պատվիրվել է նրա հաճախորդների կողմից: Ցավոք, առկա հավաքածուն չափազանց փոքր է գաղափար կազմելու համար նկարչի անձնական նախասիրությունների և կարողությունների ամպլիտուդայի մասին: Մի բան վստահաբար պարզ է սակայն, որ նկարչությունը կամ նկարելու նրա կարողությունները փրկել են Գրիգոր և Յուղաբեր Խաչմանյանների կյանքերը, նաև՝ նկարչի կյանքն ու արվեստի բնագավառում նրա ձեռքբերումներն ունեցել են անժխտելի ազդեցություն նրանց գալիք սերունդների վրա:

ԳԵՎՈՐԳ ԽԱՉՄԱՆՅԱՆ

Գրիգոր Խաչմանյանի դեռահաս միակ արու զավակը՝ Գևորգ Խաչմանյանը, իր մոր մահից հետո՝ միայնակ մնացած, Երևանում փնտրում և գտնում է Դամասկոսից ներգաղթած ընտանիքների, որոնց հետ կապն այնքան է սերտանում, որ նրանց վերաբերվում է որպես իր քույրերի և եղբայրների[6]: Մինչ այժմ էլ ընտանիքը սերտ կապերի մեջ է այդ ընտանիքների հետ: Հայտնի է, որ Գևորգն ընդհանրապես շատ ընկերներ է ունեցել, որոնք մինչև հիմա էլ մեծագույն հարգանքով են խոսում այդ պարզ, բարի և ընկերասեր մարդու մասին: Մոր մահից հետո սկզբում Գևորգն աշխատանքի է անցնում Երևանի տրամվայների կայանում, իսկ հետո երեք տարով մեկնում է սովետական բանակ ծառայելու: Բանակում նա ծառայել է աշխատանքային գումարտակում, որտեղ սովորել է ներկարարի մասնագիտությունը, որն էլ զորացրվելուց հետո դարձել է նրա հիմնական զբաղմունքներից մեկը:

Գևորգի՝ բանակից զորացրվելուց հետո և հետագա տարիներին նրա քույրը՝ Աղավնին, իր ամուսնու և երեխաների հետ երկու անգամ այցելել է Հայաստան: Մեկ անգամ էլ Գևորգն է գնում Դամասկոս՝ Աղավնուն այցելության: Հետագայում Աղավնու որդին կրթությունը շարունակել է Հայաստանում և հաճախակի հյուրընկալվել մորեղբոր տանը: Աղավնին և Գևորգը մինչև իրենց կյանքի վերջը եղել են սերտ կապերի մեջ: Հիմա նրանց երկուսի ընտանիքներն էլ ամբողջովին տեղափոխվել, բնակվում են ԱՄՆ-ում և շարունակում են իրենց բարեկամական ջերմ փոխհարաբերությունները:

1958 թվականին՝ Երևանի ժամացույցների գործարանում աշխատելու տարիներին, Գևորգը ծանոթանում և ամուսնանում է Բեյրութից հայրենադարձված մի ընտանիքի դստեր՝ Ալիս Օդակյանի հետ: Նրանք ունենում են երկու արու զավակ՝ Գրիգոր (կրտսերը) և Կարապետը:

Գևորգ Խաչմանյանը մահացել է 1977 թվականին[7]: Նրա ավագ որդին՝ Գրիգորը, իր հորից հետո ընտանեկան պատմությունների հիմնական կրողն ու փոխանցողն էր: Նա հպարտանում էր իր ընտանիքով և սիրում էր պատմել անցյալի, բարեկամ-ընկերների մասին: Գրիգորն իր մասնագիտության ընտրությամբ հիմնականում հետևել է իր մեծ հորը՝ դառնալով նկարիչ-մանկավարժ[8]:

ԳՐԻԳՈՐ ԽԱՉՄԱՆՅԱՆ (ԿՐՏՍԵՐ)

Գրիգոր Խաչմանյան կրտսերը ծնվել է 1960 թվականին, Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Երևանի գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանի ոսկերչության բաժնում: Այս մասնագիտությանն ի հավելում՝ Գրիգորը 1980-1985 թվականներին ընդունվում և ավարտում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Նկարչագծագրական ֆակուլտետը: Նրա ավարտական աշխատանքը միջնադարյան արծաթյա գրքակազմերի և մասնատուփերի մասին էր, որտեղ նա համադրել և իրացրել էր ոսկերչի և նկարչի իր մասնագիտությունները: 1985 թվականին Գրիգորն ամուսնանում է Սոֆի Մաթևոսյանի հետ, որոնք նույնպես ունենում են երկու արու զավակ՝ Գևորգը և Արշակը:

1988 թվականին ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ միանալու իրենց մոր՝ Ալիս-Օրդակյան-Խաչմանյանի ընտանիքին: Գրիգորը Լոս Անջելեսում մանկավարժի ամերիկյան իր որակավորումը ստանալուց առաջ մի քանի տարի պաշտոնավարել է Հոլիվուդի «Արշակ Տիգրանյան» վարժարանում՝ որպես նկարչության ուսուցիչ, իսկ որակավորումը ստանալուց հետո էլ՝ որպես նկարչության և քանդակագործության ուսուցիչ, աշխատել է ամերիկյան տարբեր դպրոցներում մինչև 2013 թվականը: Որտեղ էլ որ այս շնորհաշատ ուսուցիչն աշխատել է, միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել իր աշխատակիցների և աշակերտների կողմից, որոնք իր մահից ութը տարի հետո էլ հիշում են նրան ու գնահատում:

Հայ երեխաներին նկարչական կրթություն տալու և նրանց համար հայկական միջավայր ապահովելու նպատակով, 1991 թվականին, Խաչմանյան ամուսինները Հոլիվուդի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցուն կից հիմնել են «Ստեղծարար ձեռքեր» արվեստի դպրոցը, որի առաջին աշակերտները եղել են ընտանիքի, բարեկամների և եկեղեցու անդամների երեխաները: Այս՝ երեք տասնամյակների պատմություն ունեցող դպրոցը գործում է մինչ այժմ[9]: Անցած տասնամյակների ընթացքում բազմաթիվ հայ երեխաներ են այստեղ կրթվել: Նրանց մի մասը հետագայում իրենց կրթությունն արվեստի զանազան ճյուղերում շարունակել է ամերիկյան տարբեր բուհերում: 2013 թվականից սկսած ավանդույթը շարունակում են Գրիգորի կինը և որդիները:

Վերադառնալով Ավագ Գրիգոր Խաչմանյանին՝ հարկ է շնորհակալությամբ նշել, որ նրա կյանքն ու գործունեությունը դարձել է կարևոր ուղենիշ իր սերունդների համար, որը կամա թե ակամա՝ ձևավորել է ավանդույթ և այդ ավանդույթը կենդանի է մնացել ու շարունակվում է: Ընտանեկան այս պատմության մեջ դժվար է չնկատել արվեստի ազդեցությունը և նրա կարևորությունը, որը որպես ժառանգություն նկարչից՝ փոխանցվել է նրա երեխաներին, ծառայելով որպես սերունդները կապող կամուրջ, որի միջոցով ավագ Գրիգոր Խաչմանյանի մասին հիշողությունը և նրա ազդեցությունն անցել է իր թոռանը՝ կրտսեր Գրիգոր Խաչմանյանին և մինչ այժմ ապրում է իր ծոռների մեջ: Նկարչի ծոռները նույնպես կրթվել և աշխատում են արվեստի զանազան բնագավառներում: Նաև՝ գտնվելով հայրենիքից շատ հեռու, շարունակում են օգնել հայ երեխաներին՝ նկարչության միջոցով կրթվել և մեծանալ արվեստի միջավայրում:




Գրիգոր Խաչմանյանի գեղանկարներից, յուղաներկ տախտակի վրա, ֆրանսերեն ստորագրությամբ, Արա Բոյաջեանի հավաքածու



Գրիգոր Խաչմանյանի գեղանկարներից. Հրեշտակը երեխաների հետ 1, մետաքսի մանրաթելեր և յուղաներկ, կրտսեր Գրիգոր Խաչմանյանի հավաքածու



Գրիգոր Խաչմանյանի գեղանկարներից. Հրեշտակը երեխաների հետ 2, յուղաներկ, ֆրանսերեն ստորագրությամբ, 1935 թիվ, Սարփի Բոյաջեան-Ուստայեանի հավաքածու



Գրիգոր Խաչմանյանի գեղանկարներից. Հրեշտակի պատկեր, մետաքսի մանրաթելեր և յուղաներկ, Կարապետ Խաչմանյանի հավաքածու



Գրիգոր Խաչմանյանն իր տիկնոջ՝ Յուղաբերի և դստեր՝ Աղավնու հետ, հավանաբար 1926 թիվ, Դամասկոս



Նկարիչ Գրիգոր Խաչմանյանը իր ստորագրությունը կրող նկարի առջև, որը այժմ գտնվում է Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում: Այս լուսանկարը հասցեագրված է իր քրոջը՝ Մարիամին: Նկարի դարձերեսի գրությունը՝ Ամենասիրելի քույրիկ, ահա կը ղրկեմ քեզի եկեղեցին շինած երրորդ Քրիստոսի ընթրիքին իւղաներկ պատկերին լուսանկարը շնորհավորելով Ձեզ և բոլորիդ Քրիստոսի հարությունը, մաղթելով բոլորիդ կեանք և հաջող տարիներ: Կարոտակէզ եղբայրդ՝ Գրիգոր Խաչմանեան: Վերևի գրությունը՝ «Սիրելի քոյրս պատկերս իբր օրինակ մի զարմանար առաջին լուսանկարս վաճառված է սրահին»: Կողքը՝ «Վախի մեջէ նոր ելած էինք, չորցած էինք, հիմա հանգիստ ենք», 1928, ապրիլ 1, Դամասկոս



Գրիգոր Խաչմանյանը հունական եկեղեցում, որտեղ պատերին ցուցադրված են իր վրձնին պատկանող չորս նկարներ: Նրա հետ պատկերված անձը՝ անհայտ: Նկարի դարձերեսին՝ «Չորս նըկարած նըկարները հուիներուն եկեղեցիին մեջ», հավանաբար Դամասկոսում



Գևորգ Խաչմանյանի բանակային լուսանկարը, 1948-50 թթ.



Գևորգ Խաչմանյանի և Ալիս Օրդակյանի ամուսնական լուսանկարը: Գևորգի կողքին նրանց քավոր Փարամազ Խաչմանյանն է, որը նույնպես հայրենադարձվել էր Հայաստան: Ալիսի կողքին նրա քրոջ դուստր Լուսիկն է, ապա՝ Փարամազի կինը: Մնացած աղջիկները Փարամազի դուստրերն են, Երևան, 1958 թիվ



Գևորգ և Ալիս Խաչմանյանների ավագ որդի Գրիգոր Խաչմանյանի մկրտության առիթով արված լուսանկարում ձախից Ալիսն է՝ փոքրիկ Գրիգորին գրկած, նրա կողքինը կնքահայր Փարամազ Խաչմանյանն է, Գևորգ Խաչմանյանը, աջից՝ մկրտող քահանան է: Երևան, 1960 թիվ



Ավագ Գրիգոր Խաչմանյանի չորս ծոռները (ձախից) Ալիսա, Գևորգ, Լիլիթ և Արշակ Խաչմանյանները, 2021 թիվ, Լոս Անջելես




Հեղինակ և պատմող՝ Սոֆի Մաթևոսյան-Խաչմանյան, Գրիգոր Խաչմանյանի կինը, արվեստաբանական գիտությունների թեկնածու
Խմբագրումն ըստ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի

Ծանոթագրություններ

[1] Շատ հավանական է, որ Գրիգոր Խաչմանյանն իր նկարչական կրթությունը ստացած լինի Ֆրանսիայում, որովհետև նա հաճախ իր նկարները ստորագրել է ֆրանսերեն: Ավելացնենք նաև, որ Ադաբազարի մասին մեզ հայտնի գրականության մեջ հաճախ է նշվում, որ արվեստի այլ տեսակներով, ինչպես օրինակ՝ երաժշտությամբ ու գրականությամբ, զբաղվելը քաջալերվել է: Այդ աղբյուրներում նշվում են երաժիշտների, գրողների, հրապարակախոսների անուններ, սակայն նկարչությամբ զբաղվող մարդկանց մասին տեղեկություններ չեն հանդիպում: Այս պատճառներով էլ, կարծում ենք, որ Գրիգորը նկարչական կրթությունը դրսում է ստացել:

[2] Յուղաբերը հավանաբար ծնվել է 19-րդ դարի 90 ական թվականների վերջերին, որովհետև կրտսեր Գրիգորը պատմում էր, որ Յուղաբերը, դպրոցական տարիներին, անձամբ լսել էր Կոմիտասին, երբ նա այցելել էր Ադաբազար: Ադաբազարի մասին առկա գրականությունից հայտնի է դառնում, որ մեծ երգահանը 1913 թվականին երկու անգամ է այցելել Ադաբազար, որտեղ տարբեր ուսումնական հաստատություններում դասախոսություն-համերգներ են կազմակերպվել՝ նրա և տեղի երգչախմբերի կատարմամբ. Պատմագիրք Ատափազար «Աստուածարեալ» քաղաքին, խմբագրողներ՝ Արտաշէս Դիղէրէան եւ Վարդան Եղիշէեան, էջ 485: Այդ ժամանակ Յուղաբերը պետք է, որ 15-17 տարեկան լիներ:

[3] 1915 թ. 3- 11 օգոստոսի սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը, Հայկական Սովետական Հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Վ. Հ. Համբարձումյան, Ա հտ., էջ 62: Ադաբազարում տեղահանությունից առաջ տեղի են ունեցել սարսափելի դեպքեր, որոնց ընթացքում հայ տղամարդկանց գազանաբար պատիժների են ենթարկել: Տեղահանության ժամանակ բնակչությանը միայն երեք օր ժամանակ է տրվել հավաքվելու ու հապճեպ թողնելու քաղաքը, Պատմագիրք Ատափազար «Աստուածարեալ» քաղաքին, խմբագրողներ՝ Արտաշէս Դիղէրէան եւ Վարդան Եղիշէեան, էջ 710-715 :

[4] Գաթմա քաղաք հասած հայերից առանձնացրեցին արհեստավորներին, մնացածին վերջում աքսորեցին Դամասկոս: Նրանց մի մասն էլ ծեծով ու մահվան սպառնալիքի տակ թրքացվել են կամ աքսորվել են անապատները: Մզէրիպ գյուղը հասած հայերից, որոնց Դամասկոսում մնալ չէին թույլատրել, նույնպես արհեստավորներին առանձնացրին և սրանցից ոմանց էլ հետագայում թույլատրեցին Դամասկոս գնալ: Նշվ. աշխ. էջ 710-717:

[5] Գրիգոր կրտսերի կարծիքով ժողովրդի «տեսակավորումը», որպես իր մեծ հոր և մեծ մոր կյանքի չափազանց որոշիչ դրվագ, Ադաբազարում էր կայացել, սակայն Ադաբազարի մասին զանազան աղբյուրներից հայտնի է դառնում, որ թուրքական կառավարության հիմնական մտադրությունը Ադաբազարի հայերին օր առաջ տեղահան անելն ու գնացքով շատ արագ տեղափոխելն էր: Այդ երեք օրերի ընթացքում հայ բնակչությունը տենդագին արագությամբ վաճառում էր իր ունեցվածքը կամ պարզապես լքելով՝ հեռանում:

[6] Այդ ընտանիքների թվին էր պատկանում Փարամազ Խաչմանյանի ընտանիքը: Նախապես նշվեց, որ Փարամազն արյունակցական կապ չուներ ընտանիքի հետ, սակայն նա եղբոր կարգավիճակ ուներ ընտանիքի նկատմամբ և հետագայում էլ դառնում է Խաչմանյան ընտանիքի ամուսնության քավորը և երեխաների կնքահայրը: Դամասկոսահայ Ֆլորա Թաթարյանը Խաչմանյան ընտանիքի երեխաների համար դառնում է հորաքույր: Ֆլորան պատմում էր, որ վաղ տարիքում դպրոցից վերադառնալու ճանապարհին միշտ գնում էր նկարիչ Գրիգոր Խաչմանյանի արվեստանոցը, որտեղ նկարիչը նրան հրավիրում էր նստելու և դիտելու, թե ինքն ինչպես էր աշխատում: Դամասկոսահայ Արուս Սևոյանը նույնպես ընտանիքի հորաքույր էր համարվում և ջերմ բարեկամական կապն ընտանիքների միջև շարունակվում է մինչ օրս: Կրտսեր Գրիգոր Խաչմանյանը Սևոյան ընտանիքի երեխաների կնքահայրն էր:

[7] Գևորգի մասին պատմությունից գիտենք, որ երբ նա մահացավ, այնքան մարդ էր մասնակցում նրա թաղման արարողությանը, որ «թաղման թափորի ծայրը չէր երևում»:

[8] Ամերիկայում ուսանելու տարիներին անգլերեն դասերից մեկի համար նա փոքրիկ պատմվածքներ է գրել իր մեծ հոր և մոր ակնհայտ ոչնչացումից փրկվելու մասին, նաև այն մասին, որ նա միշտ զգացել է իր ներքին կապը իր մեծ հոր հետ և իր մասնագիտության ընտրությունը նա իսկապես համարում էր իր պապի ազդեցության արդյունք:

[9] Սոֆի Խաչմանյանը, բացի հագուստի ձևավորողի իր մասնագիտությունից, նաև նկարչական կրթություն է ստացել և' Հայաստանում, և' ԱՄՆ-ում: Գևորգը և Արշակն իրենց բարձրագույն կրթությունը ստացել են Հոլիվուդի արվեստների ինստիտուտում, մեկը՝ անիմացիա մասնագիտությամբ, իսկ մյուսը՝ թատրոնի և ցուցահանդեսների ձևավորողի մասնագիտությամբ:





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2022 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am