Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հոդվածներ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի 
Լեմկինի կրթաթոշակ 
Կրթաթոշակառուները 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin




Նորություններ

ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՐՔԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ


30.03.2018

Orphanages

Թրքացած հայ որբերը Անթուրայի որբանոցում,
կենտրոնում՝ Հալիդե Էդիպ
Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում երեխաների թրքացման ու ձուլման քաղաքականությունը կարևոր բաղադրիչ մաս էր և օսմանյան փաստաթղթերում պարզորոշ երևում է, որ թուրքական կառավարությունը նպատակ էր դրել հայ երեխաներին համակարգված ձուլելու մուսուլմանական հասարակությանը: Նրանք նաև բռնի կրոնափոխության առավել դյուրին հատվածն էին. նրանց իսլամացման գործընթացը, ազգային ու կրոնական ինքնագիտակցության մոռացությունը վաղ հասակում ավելի դյուրին էր իրականացնել: Հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաների բռնի իսլամացման խնդիրներին, նշում է, որ թուրքերը գնահատում էին հայ երեխաների գենոֆոնդը՝ նրանց դիտարկելով որպես թուրք ազգի գենային նկարագիրը հարստացնելու անգնահատելի աղբյուր:

Հայ երեխաների բռնի իսլամացումը կատարվել է երկու մակարդակով՝ պետության և հասարակության լայն զանգվածների կողմից։ Բազմաթիվ հայ երեխաների թուրքերն ու քրդերն առևանգում էին, երբեմն՝ «որդեգրում», ու նրանք, աստիճանաբար իսլամական միջավայրում ապրելով, թրքանում ու ձուլվում էին այդ հասարակությանը:

Օսմանյան կառավարությունը, չնայած պատերազմական վիճակին, իր նախաձեռնությամբ հայ որբերին հավաքում էր թուրքական որբանոցներում՝ իսլամացնելու ու թրքացնելու նպատակով։ Այս հարցի առնչությամբ կարևոր փաստաթուղթ է ներքին գործերի նախարարության ցեղային և ներգաղթային հարցերի կարգավորման վարչության՝ 1916թ. ապրիլի 30-ին գրեթե բոլոր նահանգներ ուղարկված հեռագիրը:

Թուրքական որբանոցներ են բացվել Մերդինում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Կեսարիայում, Հալեպում, Բեյրութում, Անթուրայում և մի շարք այլ բնակավայրերում:

Կառավարությունը թուրքական որբանոցներ բացելու գործընթացը սկսել է Հալեպից: 1915 թ. աշնանը որբերին հավաքել են քաղաքի արվարձաններից, փողոցներից, բայց ինչպես նշում է Ա. Անտոնյանը, դա ոչ թե գթասրտության, այլ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես տիֆը քաղաքում կանխելու համար էր: Հալեպի իշխանություններն «ահավոր պատուհաս» էին գտել այդ երեխաների համար՝ որբանոցի տեսուչ նշանակելով Նազմիին, ով սիստեմատիկ անգթությամբ, անօթությամբ ու չարչարանքներով սպանում էր երեխաներին: Անգլիացիների՝ Հալեպ մտնելուց հետո հայոց առաջնորդարանի բողոքների հիման վրա նա ձերբակալվում է: Հարցաքննության ընթացքում պարզ է դառնում, որ իր պաշտոնավարության ժամանակ որբանոց են տարվել 3000 որբեր, որոնցից ողջ են մնացել միայն 50-ը: Այդ կապակցությամբ Նազմին հայտարարել է, որ դիտմամբ է արել, որպեսզի շենքն արդարացնի իր որբանոց անունն ու ինքն էլ շարունակի ստանալ տեսուչի՝ իրեն հասանելիք ամսականն ու պարենը:

Շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերը Ուրֆայում կառավարության կողմից որբանոցի հիմնումը բնորոշում է որպես թուրքական «գթասրտության» դրսևորում: «Երբ ճամբարներում, որտեղ կուտակվել էին հայ երեխաներ, անհամար ծնողազուրկ երեխաներ լաց էին լինում ու ճչում, կառավարությունը որոշեց բացել մի թուրքական որբանոց»: Կյունցլերի տեղեկությունների համաձայն՝ այս որբանոցում մահացության թիվը շատ բարձր է եղել: Կես տարվա ընթացքում 1000 որբերից կենդանի էր մնացել միայն 200-ը:

Ադանայի թուրքական որբանոցներում հայ որբերի խնդիրներին է անդրադառնում Գերմանիայի հյուպատոս Օյգեն Բյուգեն, ով 1915 թ. հոկտեմբերի 21-ին հաղորդում է. «Թուրքական որբանոցի տնօրենը սաներին բացատրել է, որ նրանք կամ իրենց դավանանքը կփոխեն կամ հարկադրված կլինեն լքել որբանոցը: Աղջիկների և տղաների մեծ մասը հեռացան որբանոցից, իսկ մնացած 14 տղաները, հավանաբար, իսլամացան: Տնօրենը երեխաներին բացատրել է, որ թուրքական որբանոցում քրիստոնեությունը տեղ չունի, անգամ աղոթելն արգելվելու է»:

Արմաշում նույնպես գործել է թուրքական որբանոց, որի մասին տեղեկանում ենք Հալեպի ազգային արխիվում պահվող նամակներից: Նամակներից մեկից հայտնի է դառնում, որ մոտ 200-250 որբերի Հալեպից, մասնավորապես Ա. Շիրաճյանի որբանոցից Կ. Պոլիս տեղափոխելու հրահանգ է տրվել: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ տղաներին տարել են Արմաշի դպրեվանք «եւ հոն իսլամութիւն ընդունողները դրած են Արմաշի այդ վանքին մէջ, անոնց կերակրելով ու թուրքերէն դասեր տալով»: Արմաշի թուրքական որբանոցի մասին տեղեկանում ենք նաև Զավեն պատրիարքի հուշերից, որտեղ նշվում է, որ Արմաշի Չարխափան Ս. Աստվածածին վանքի վանահայրը, միաբանները, ուսուցիչները 1915 թ. տարագրվել են Կոնիա, իսկ վանքը կողոպտվել է, ու գավառի համար թուրքական կառավարության կողմից երկրորդական վարժարան է հիմնադրվել:

Եպիսկոպոս Արտավազդ Սուրմեյանին ուղղված մեկ այլ նամակից տեղեկանում ենք, որ Ահարոն Պատվելիի որբանոցից մոտ 400 տղաներ էլ՝ 8-14 տարեկան տեղափոխվել Կ. Պոլիս: «Հոն թրքացնելու համար որբանոց մը բացուեցաւ եւ այդ տղա(ք)ները հոն մնացին մինչեւ պատերազմին վերջը որոնցմէ ողջ մնացողներ շատ եղած են»:

Սեբաստիայի տարագրության սկզբնական ժամանակահատվածում հայ երեխաներին ու պատանիներին հավաքել ու Մալաթիայի թուրքական որբանոց են տեղափոխել, սակայն 1916 թ. վերջերին արդեն Կ. Պոլսից ստացված նոր հրամանի համաձայն՝ նրանց էլ տարել ու սպանել են:

Խարբերդում ԱՄՆ-ի հյուպատոս Լեսլի Դևիսը 1915թ. հուլիսի 10-ին տեղում որբանոց բացելու խնդրով դիմել է նահանգապետին, բայց կտրուկ մերժում է ստացել: Վերջինս տեղեկացրել է, որ կառավարությունն է պատրաստվում մանկատներ բացել: Լ. Դևիսը նշում է, որ, իրոք, կառավարությունը մի շարք որբանոցներ է հիմնում և որոշ ժամանակ պատսպարում այդ որբերին, այնուհետև հավելում. «Հետո բոլորն էլ անհետացան և լուր տարածվեց, որ նրանց տարել են Խարբերդից քսան մղոն հեռու գտնվող մի լիճ, խեղդամահ արել»:

Անթուրայի որբանոցը կառավարության հիմնած թուրքական որբանոցներից ամենամեծն էր, որը, դատելով մանկական հուշագրություններից, ականատեսների վկայություններից ամենադաժանն էր իր բարքերով, կիրառվող պատժամիջոցներով ու թրքացմանն ուղղված իր հետևողական գործողություններով: Որբանոցի հիմնադրման ու որբահավաք աշխատանքներով հիմնականում զբաղվում էր Ջեմալ փաշան, իսկ Հալիդե Էդիպը Նիգյար խանումի հետ իրականացնում էին որբանոցների կրթական ու կազմակերպչական հարցերը:

Այսպիսով, երիտթուրքական կառավարության ռազմավարությունը նպատակ ուներ թիրախային խմբին, տվյալ դեպքում հայ երեխաներին զրկելու սեփական կենսաբանական-ռասայական բնորոշումներից, ինքնությունից՝ աստիճանաբար վերածելով մի այլ ինքնության:

Իհարկե, միայն վերոնշյալ որբանոցներով չեն սահմանափակվում կայսրությունում գործող նմանատիպ որբանոցները: Իսկ այնտեղ տիրող իրավիճակին ու թրքացման մեթոդներին անդրադարձ կկարտավի հաջորդ նյութում:


Նարինե Մարգարյան, պ.գ.թ., ՀՑԹԻ ավագ գիտաշխատող











Ներքին գործերի նախարար Թալեաթի՝ 1915 թ. դեկտեմբերի 12-ի ծածկագիր հեռագիրը՝ ուղղված Հալեպի կուսակալ Մուսթաֆա Աբդուլհալիքին.

«Հաւաքեցէք ու սնուցէք այն որբերը միայն որոնք չեն կրնար յիշել զուլումը որուն ենթարկուեցան իրենց ծնողները: Մնացածը կարաւաններուն ընկերակցելով ղրկեցէք»:
Աղբյուր՝ Անտոնյան Ա., Մեծ ոճիրը, Պօսթըն, «Պահակ», 1921, էջ 187-188:








ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2018Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ

100photo
100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

brand book
Ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության թեմայով
Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների:

ՀԻՇԻ՛Ր

remember
Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2018 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am